«Իշխանությունն անմեղ բարեփոխումների տակ բանակը տանում է փլուզման․ միտում կա, որպեսզի բանակ չլինի, փոխարենը՝ լինեն սահմանապահ զորքեր». Գևորգ Գևորգյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում խոսելով բանակում ընթացող բարեփոխումների մասին, տեղեկացրեց, որ Երևանի Ավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծելու են ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու են ամբիոններ և համապատասխան ֆակուլտետներ՝ սահմանապահ զորքերի ուսուցման համար։

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի համար այս ամենն այդքան էլ զարմանալի չէ, քանի որ 4 տարի առաջ իշխանությունն ամեն ինչ սկսեց բանակի կազմաքանդումից, այնուհետև մշակույթը, սպորտը, կրթությունը, գիտությունը միավորեց իրար։

«Հիշեցնեմ, որ 1990-ականներին նման բան տեղի ունեցավ, երբ Ազգային անվտանգությունն ու Ներքին գործերի նախարարությունը դարձրեցին մեկ ընդհանուր ծառայություն։ Կարծում եմ՝ կհաստատեն այն բոլոր մարդիկ, որոնք այդ ժամանակ այնտեղ աշխատել են, որ դա ոչ լավագույն որոշումներից մեկն էր։ Սա էր պատճառը, որ հետագայում երկու ծառայությունները կրկին իրարից բաժանեցին, որովհետև երկու կայացած կառույցներ միավորել ու դարձնել մեկ ամբողջություն՝ ճիշտ չէր»,- 168.amի հետ զրույցում նշեց Գևորգ Գևորգյանը։

Ըստ նրա, իշխանությունը միավորելով մշակույթը, գիտությունը, կրթությունը, փաստացի քանդեց այդ համակարգերը, նույնն էլ այսօր ռազմական համալսարանների հետ է տեղի ունենում։

«Եթե իրենք ցանկանում են այդ համակարգերը դարձնեն մեկ ինստիտուտ և դրա տակ կարողանան պահել ամեն ինչ, ապա դրա համար պետք է ունենան համակարգված մոտեցում, գերպրոֆեսիոնալ մասնագետներ։ Այդ թվում՝ իրենց փոխնախարարները պետք է լինեն գերպրոֆեսիոնալներ, նկատի ունեմ՝ լավ մասնագետներ և իրական նվիրյալներ։

Իրենք էին, չէ՞, հայտարարում, որ նվիրյալներ չեն, եթե նվիրյալներ չեն, մասնագետներ չունեն, պրոֆեսիոնալ դասախոսական անձնակազմ չունեն և առհասարակ որևէ փորձ չունեն, հետևաբար՝ երբ ամեն ինչ միավորում են, ինչպե՞ս են կառավարելու»,- շեշտեց Գևորգ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչի մասին խոսում է իշխանությունը, առաջին հայացքից, դրա մեջ որևէ հանցագործություն չկա, սակայն նրանց 4 տարիների գործունեությունը ցույց է տալիս, որ այս ամենից լավ բան չպետք է սպասել։ Ավելին, եթե իշխանությունը ցանկանում էր սահմանապահ զորքերի համար որևէ ռազմաուսումնական հաստատություն բացել, ապա կարող էին առանձին բացել։

«Իշխանությունը, անմեղ բարեփոխումների տակ, բանակը տանում է փլուզման։ Իրականում, երբ ծանոթացա այդ ամենին, առաջին տպավորությունն այն էր, որ այստեղ կա միտում, որպեսզի բանակ չլինի, փոխարենը՝ լինեն սահմանապահ զորքեր։ Սահմանապահ զորքերը մեկ բան է, պրոֆեսիոնալ բանակը՝ մեկ այլ բան, առհասարակ բանակի գործունեությունն այլ է։ Սա քաղաքական մոտեցում ու ծրագիր է, որն ի վնաս մեր պետականության է»,- եզրափակեց Գևորգ Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս