«Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ այդպես էլ չիմացանք, թե ով էր ղեկավարում պատերազմը․․․»․ Գագիկ Մելքոնյանը՝ Սուրեն Պապիկյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ դիմելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ասաց.

«Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ այդպես էլ չիմացանք, թե ով էր ղեկավարում պատերազմը, ամեն մեկն իր վրայից գցում էր այդ պատասխանատվությունը, և վերջում փաստորեն պարզվեց, որ մեղավորը վարչապետն է։ Հիմա ուզում եմ հասկանալ, եթե Գլխավոր շտաբի պետը դառնում է նախարարի առաջին տեղակալը, պատերազմի դեպքում պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում՝ ԳՇ պետի՞, թե՞ նախարարի»,- հետարքրքվեց իշխանական պատգամավորը։

Պատասխանելով հարցին, Սուրեն Պապիկյանն ասաց, թե՛ գործող, թե՛ նոր օրենքով ու կարգավորումներով յուրաքանչյուր անձ պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար։

«Քաղաքական պատասխանատուն, բնականաբար, հանդիսանում է Պաշտպանության նախարարը։ Սակայն սա ենթադրում է նաև, որ յուրաքանչյուր անձ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում պիտի այդ լիազորություններն իրացնելու կամք ունենա։ Կան փաստաթղթեր, որոնցով և՛ Պաշտպանության նախարարը, և՛ ԳՇ պետն ունեն պարտականություններ և լիազորություններ։ Մեր Սահմանադրությունը մեզ ինչ թույլ է տվել՝ արել ենք, որպեսզի հետագայում ամեն ինչ ճիշտ ու ուղղահայաց լինի, հետագայում մեզ անհրաժեշտ են նաև սահմանադրական փոփոխություններ»,- նշեց Սուրեն Պապիկյանը։

Միաժամանակ Ս. Պապիկյանն անդրադարձավ աշխարհազոր ստեղծելու վերաբերյալ հարցը չքննարկելուն, շեշտելով, որ հարցին կանդրադառնա՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր կա, որ քննարկումներ չկան։

Իսկ ինչ վերաբերում է Պաշտպանության մասին նոր օրենքի նախագծին, Սուրեն Պապիկյանը ներկաներին ասաց, որ շուրջ մեկ տարի է՝ նախագիծը քննարկում են։

«Նախագծի վերաբերյալ եղել են տարբեր առաջարկներ, քննարկումներ, Սահմանադրության հետ հնարավոր հակասություներ։ Նախագծի վերջնական տարբերակը, որն այսօր ԱԺ-ում է, բացառում է որևէ հակասություն սահմանադրության հետ, միևնույն ժամանակ տալիս է հնարավոր կարգավորումներ, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեկ կառույցի ամբողջականությունը։ Պետք է հասկանանք, որ այսօր ՊՆ-ն միաձույլ կառույցի անհրաժեշտություն ունի, շատ բարդ է նույն նախարարության ներսում տարբեր սպաների ու գեներալների հագուստի վրա կարդալ Պաշտպանության նախարարություն, Գլխավոր շտաբ։ Եվ որպեսզի տարբեր ռազմական գործողությունների ու մարտահրավերների ժամանակ չլինի այդ անջրպետը, շատ կարևոր է, որպեսզի այդ փոփոխությունները կատարվեն և կատարվեն օր առաջ։ Դրանք պետք է կատարվեն ԳՇ նոր պետի նշանակումից առաջ, սրանք շատ էական են, չեմ ուզի բաց խոսել այն խնդիրների մասին, որոնք կան»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս