«Կարևոր է ունենալ լուրջ մոտեցում, թե չէ կարող ես արբանյակ ուղարկել, ու բան չստացվի. ծրագիր պետք է ստեղծել՝ մինիմում 5 տարվա համար». ՆԱՍԱ-ի հայազգի գիտաշխատողը՝ հայկական արբանյակի մասին
Մայիսի 26-ին ՀՀ Կառավարության նիստում հայտարարվեց, որ 2022թ. մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը:
Satlantis-ի (արբանյակը պատրաստած իսպանական ընկերությունը) հայտարարության մեջ նշվում է, որ Երկրի դիտարկման այս համակարգը` արբանյակը, անցնում է Հայաստանին, իսկ արբանյակի աշխատանքային անվանումը Urdaneta-ից փոխակերպվում է ArmSat 1-ի: Արձակման հաջորդ օրը` մայիսի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 03։31-ին արբանյակն առաջին անգամ հաղորդակցության է դուրս եկել, ու ըստ տվյալների՝ դրա բոլոր ենթահամակարգերը գտնվում են նորմալ վիճակում:
ՆԱՍԱ-ի գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության, Ամերիկական աստղագիտական ընկերության անդամ, աստղաֆիզիկոս Վլադիմիր Հայրապետյանի հետ զրուցել ենք արբանյակի հնարավորությունների, առաջնային խնդիրների, ճիշտ ծրագրեր կազմելու և այլ հարցերի շուրջ:
– Արբանյակի արձակումը հայկական պետական Գեոկոսմոս և իսպանական «Սատլանտիս» ընկերությունների համագործակցության արդյունք է: Հիմնադրվել է 2017թ.: Նախատեսված է, որ ծառայությունն իրականացնելու է Հայաստանի և հարևան պետությունների սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման համար (տիեզերալուսանկարների օգտագործմամբ) պայմանների ապահովումը: Այս դեպքում արբանյակից ստացվող լուսանկարները ռազմակա՞ն, թե՞ գյուղատնտեսական, երկրաբանական քարտեզների ուղղման առումով է հնարավոր օգտագործել:
– Արբանյակի մասին շատ ինֆորմացիա չկա, բայց կարծում եմ, որ առաջին հերթին ռազմական խնդիրը պետք է լինի։ Հայկական արբանյակի լուծունակությունը 2 մետր է, դա նշանակում է, որ 4 մետրանոց օբյեկտը կարող եք դիտել։ Հայաստանի համար առաջնայինը պետք է լինի սահմանը դիտելը։ Որքան հասկանում եմ՝ այս պահին ամենակարևոր խնդիրը դա է։ Աջակցություն է պետք, որ մշակեն ծրագիր։ Մոտ 15 տարի առաջ ես աշխատել եմ ամերիկյան մի ծրագրում, հիմնականում աստղագիտական արբանյակով։ Մոնիտորինգ էր արվում՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում մեր մթնոլորտի հետ։ Հայաստանի տնտեսական վիճակը լավ չէ, 100 միլիոն պետք է տան, բայց կարելի է մի շարք հարցեր ավելի էժան ձևով լուծել։ Աֆրիկյան երկրները, օրինակ, Ալժիրը, Նամիբիան, բոլորն իրենց արբանյակն ուզեցին ունենալ՝ «պրիստիժի» համար, թե՝ օյ, ես հիմա տիեզերական ակումբի անդամ եմ, սակայն ծրագիրը լուրջ հիմքի վրա դնելու հնարավորություն պետք է ունենալ։ Պետք է ունենալ հիմնարկ, մարդիկ, ծրագրային ապահովում։ Անհրաժեշտ է ինֆորմացիա մշակել և օգտագործել։ Եթե ես լինեի, ապա կպատրաստեի ամբողջ բազան, հետո նոր կսկսեի արբանյակի մասին մտածել:
– Տիեզերական ֆիզիկայի, տեխնոլոգիաների, տիեզերական սարքավորումների ոլորտում վերապատրաստվել է պետք: Այս հարցերը և՞ս պետք է նախքան արբանյակ գնելը լուծվեին, թե՞ հընթացս հնարավոր է:
– Տիեզերական ֆիզիկան Հայաստանում երբեք չի եղել։ Հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե որ մոլորակներն են կյանքի համար լավ։ Մի մոդելավորումը կարող է տևել մի քանի օր կամ մեկ շաբաթ։ Հայաստանի կառավարությունը կարող է գումար առաջարկել աշխարհի մի շարք հայ գիտնականների, թե ո՞վ կարող է նման ծրագիր առաջարկել։ Վերջերս նոր կազմակերպություն ենք հիմնել՝ The Armenian Society of Fellows, որը համախմբում է գիտնականներին և մասնագետներին Սփյուռքից և Հայաստանից, ունեն միջազգային ճանաչում։
152 գիտնական է հրավիրված՝ 19 երկրից։ Տարբեր մասնագիտություններ են ընդգրկված՝ ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, տնտեսագիտություն․․․ Մեծ մասամբ հայտնի համալսարանների պրոֆեսորներ են, մարդիկ, ովքեր լավ փորձ ունեն թե՛ ուսանողների հետ, թե՛ գիտական աշխատանքներն են լավագույն ամսագրերում տպագրված։ Մենք կազմեցինք մի քանի բաժին․ օրինակ՝ ֆիզիկայի գիտությունների, էկոնոմիկայի և այլն։ Ունենք մեր ֆոնդը, դրա համար պետք է լինենք անկախ։ Ընդգրկված գիտնականները տարվա մեջ մեկ անգամ պետք է կարողանան գալ Հայաստան, աշխատել երիտասարդ գիտնականների, ուսանողների հետ։ Այնպես ստացվեց, որ 1990-ական թվականներին շատ հայ գիտնականներ, այդ թվում՝ և ես, հեռացան երկրից, որովհետև գիտության վիճակը շատ վատ էր։ Ես այդ ժամանակ հնարավորություն ունեցա սկզբում գնալ Ֆրանսիա, ապա՝ ԱՄՆ։ Ու սա, այո՛, մեծ տարածություն է բացել. Հայաստանում գիտնականները կա՛մ շատ մեծ են, կա՛մ երիտասարդ. միջին տարիքը չկա։ Տարիքով գիտնականները սովետական մտածելակերպ ունեն, դրա համար ստեղծում ենք միություն, որն ուրիշ տեսակի մենեջմենթ պետք է ունենա։
Քանի որ արդեն արբանյակը կա, ապա երկու ուղղությամբ կարող են աշխատել։ Եթե գիտության մասին են մտածում, ծրագիր պետք է ստեղծել՝ մինիմում 5 տարվա համար։ Այսինքն, ինչպես պետք է գիտությունն ու ինդուստրիան զարգանա։ Դա նշանակում է, որ պետք է սկսենք պատրաստել մասնագետներ։
Օրինակ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կարող են ստեղծել ամբիոն, հրավիրել հայ գիտնականների, ովքեր կդասավանդեն։ Այդպես ավելի էժան կլինեն։ Արբանյակը կարելի է օգտագործել տարբեր նպատակներով՝ ռազմական, գյուղատնտեսական, աստղագիտական և այլ ուղղություններով, բայց կարևոր է ունենալ լուրջ մոտեցում։ Թե չէ կարող ես արբանյակ ուղարկել, ու բան չստացվի։ Ռուսները ժամանակին ուղարկել են «Коронас» արբանյակ, որը լուրջ է եղել։ Այդ ժամանակ ՆԱՍԱ-ն ցանկացավ ռուսների հետ աշխատել, որովհետև էյֆորիա էր՝ Ռուսաստանը գնում է դեպի դեմոկրատիա, և այլն։ Ու այս ամենը 3-4 ամիս տևեց։ Ծրագիրը փակել էին, քանի որ ինչ-որ տեխնիկական պրոբլեմներ էին եղել։ Պատկերացնո՞ւմ եք, ինչքան միլիոններ էին ծախսել, բայց ընդամենը 2-3 հոդված էին գրել։
– Ֆիզիկոսները նշում են, որ արբանյակն ունի մոտ 1.8 մ լուծունակություն, ինչը պատերազմական իրավիճակներում երևի այդքան էլ մեծ օգուտ չի տալու։ Մի տանկը կերևա 2 պիքսել։ Այսինքն, դժվար կլինի հասկանալ՝ դա տա՞նկ է, թե՞, ասենք, ամպի լույսի ու ստվերի խաղ:
– Դա կախված է հնարավորությունից։ Այդ հարցին այնքան էլ հեշտ չէ պատասխանել, որովհետև եթե օգտագործենք այն սենսորները, որոնք հիմա դրված են ArmSat-ի վրա՝ լիովին համաձայն եմ։ Պարզ է՝ 4 մետր լայնությամբ տանկը կտեսնեք ինչ-որ կետ։ Դժվար կլինի հասկանալ՝ տա՞նկ է, թե՞ բեռնատար։ Եթե օգտագործենք 30 սմ, 7 անգամ ավելի լավ, արդեն կարող եք տեսնել տանկի ամեն մի մասը, որ 60 սմ-ից մեծ է։ Առաջին հերթին նկարը պետք է ստանանք, ապա մշակենք, ստանանք արդյունք, նոր հետո հասկանանք՝ դա ինչ է։ Ճիշտն ասած՝ 2 մետրանոցն այնքան էլ լավ չէ, մանավանդ զինվորական խնդիրների համար դժվար է օգտագործել։ Երկու պարամետր է պետք. լուծունակություն և զգայություն։ Եթե զգայությունը չունեք, ապա շատ մեծ սիգնալ է պետք, որպեսզի տեսնենք, թե դա ինչ բան է։ Վերցնենք հեռախոսի տեսախցիկը․ եթե Երևանում զբոսնում ենք, ուզում ենք երեկոյան նկարել, տեսնում եք, որ շատ մութ է, չի երևում, լույսը չի հերիքում, արբանյակի սենսորների դեպքում էլ այդպես է․ եթե մի քիչ մութ է, ու չունեն ինֆրակարմիր սենսոր, պարզ է, որ գիշերը չեն կարող ինֆորմացիա ունենալ։ Եթե զինվորական ակտիվությունը կատարվի գիշերը, դու չես կարող հասկանալ, թե ինչ է կատարվում։ Միայն օրվա մեջ է հնարավոր տեսնել։ Պետք է և՛ ինֆրակարմիր, և՛ օպտիկական սենսորներ լինեն։
Հարցը դետալների մեջ է, կամ, ինչպես ասում են՝ «սատանան մանրուքների մեջ է»։ Եթե ուզում ենք մթնոլորտի հետ կապված մոնիտորինգ անել՝ մի տեսակի սենսորներ են պետք, ռազմականի դեպքում՝ այլ սենսոր, զգայություն է պետք։ Այս տեսանկյունից չգիտեմ պետության պլանները, չգիտեմ, թե իրենք ինչ են ուզում։ Եթե ինձ հարցնեին, ապա իմ հորդորը կլիներ՝ օգտագործել զինվորական խնդիրների համար, որը, իմ կարծիքով, Հայաստանի համար առաջնային խնդիր է։
Եթե պետությունն իրոք լուրջ է տրամադրված, ապա ես կոչ չեմ տեսել, որ օգնություն ուզեն այլ երկրներում ապրող հայ գիտնականներից։ Կարող են 1 միլիոն դոլար հատկացնել, որպեսզի գիտնականները ծրագիր առաջարկեն։ Այդքան գումար տալիս են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի համար, ու ես այդպես էլ չեմ հասկացել, թե ինչի՞ համար: Գիտնականը փողը վերցնում, գնում է իր երկիր, տուն է առնում ու ասում է՝ Հայաստանից մրցանակ եմ ստացել, իսկ Հայաստանը բան չի ստանում։
Գուցե առաջարկվի մոտ 20 ծրագիր, որի դեպքում անհրաժեշտ է ստեղծել միջազգային կոմիտե, որը պետք է նայի ու մեկին կամ երկուսին առանձնացնի: Պետք է հասկանալ՝ ո՞վ է մշակելու տվյալները և ինչպե՞ս: Անհրաժեշտ է հատուկ ծրագրային ապահովում, ինչպես նաև՝ տվյալները պահելու հնարավորություն: Խոսքը 100 հազարավոր տերաբայթ պարունակող տվյալների մասին է, որոնք պետք է պահել, անհրաժեշտության դեպքում՝ արագ օգտագործել:
Ամեն դեպքում սա քայլ է դեպի գիտության զարգացում, և ուզում եմ, որ այն լինի էֆեկտիվ։ Ավելի շատ ինֆորմացիա պետք է ստանալ, օգտագործել։
Տեսել եք՝ ՆԱՍՍ-ն ինչքան արբանյակ է ուղարկում․ օրինակ, «Հաբլ»-ն արդեն աշխատում է 30 տարի, այնինչ կարծում էին, որ 1-3 տարի կամ առավելագույնը 5 տարի է աշխատելու։ ՆԱՍՍ-ի, եվրոպական գիտական ընկերության հետ պետք է պայմանագրեր կնքենք, օգտագործենք փորձը։