«Եթե Ադրբեջանը գրավել է Հադրութը, սա չի նշանակում, որ Հադրութի հարցը փակ է». Արա Ղազարյան

Հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը խոսելով Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի մասին, հայտարարել էր, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում, այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։

Ըստ էության, Լաչինում այսօր, նաև Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություններ չունեմ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Եթե Ադրբեջանին պետք է վերադարձվի նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ չգտնվող տարածքները, ապա ինչո՞ւ հայկական կողմը միջազգային իրավունքի տեսանկյունից չի բարձրաձայնում նախկին ԼՂԻՄ սահմանների մեջ մտնող տարածքների դեօկուպացիայի հարցը, օրինակ, Հադրութի և Շուշիի։

168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանը պատասխանելով հարցին, նկատեց՝ միջազգային իրավունքի տեսանկյունից հայկական կողմը կարող է այդ հարցը բարձրացնել, սակայն ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք դա նպատակահարմար է։

«Ադրբեջանն այդ նույնն էր անում մինչև 2020 թվականի պատերազմը՝ բարձրացնում էր  դեօկուպացիայի հարց, բայց բարձրացնում էր քաղաքական գործընթացներով։ Իրավական գործընթացներով բարձրացրեց Եվրոպական դատարանում։ Եթե իրավական գործընթացով հարցը բարձրացնում ես, ապա կաշկանդված ես տվյալ դատարանի կանոնակարգով, կաշկանդված ես տվյալ իրավական փաստաթղթի չափանիշներով։ Այսինքն՝ կարող են դեօկուպացիայի հարցը բարձրացնել, օրինակ, էթնիկ զտման հիմքով, ասենք՝ այն, ինչ Հայաստանի կառավարությունը Հաագայի դատարանում անում է, քանի որ դատարան է դիմել խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի հիմքով։ Միակ իրավական հիմքը, որով կարող են դեօկուպացիայի հարցը բարձրացնել անուղղակիորեն՝ կարող են ուղղակիորեն հարցն առաջ տանել էթնիկ զտման հիմքով։ Այսինքն՝ չկա իրավական փաստաթուղթ և դատարան, որ հենց դեօկուպացիայի հարցը բարձրացնես, պետք է որևէ իրավական հիմքի շրջանակներում դա արվի, որն էլ ըստ էության արվում է»,- նշեց Արա Ղազարյանը։

Հարցին, թե այս հիմքով դատարանում հայկական կողմի շանսերը նպատակին հասնելու համար որքանո՞վ են մեծ, Արա Ղազարյանը նախ պատասխանեց, որ  այդ գործընթացը երկար է տևում և, ի վերջո, փորձը ցույց է տալիս, որ իրավական գործընթացները չեն կարող վերացնել ռազմաքաղաքական լուծումը։

«Մեր փորձն ու նաև արդյունքն է սա ցույց տալիս։ Ուղղակի իրավական գործընթացն ապահովում է պլատֆորմ, որովհետև այդ հարցն անընդհատ կարելի է բարձրացնել նաև քաղաքական գործընթացներում։ Օրինակ, եթե Ադրբեջանը գրավել է Հադրութը, սա չի նշանակում, որ Հադրութի հարցը փակ է, որովհետև հայ քաղաքացիների գույքն է այնտեղ մնում։ Իսկ այդ հարցը չի վերանում տարածքային իրավազորության փոփոխությամբ, այլ նշանակում է, որ հարցը կարելի է անընդհատ բարձրացնել։ Եվ Ադրբեջանը որևէ իրավական հիմք ու ռեսուրս չունի այդ հարցին հակադարձելու, ստիպված հարցին պետք է հակադարձի քաղաքական հարթակներում։ Եթե որևէ այլ պետություն տարածքը գրավում է, չի նշանակում, որ գույքային իրավունքները վերանում են։ Սա բնական, անօտարելի իրավունք է, հարցի համատեքստում սա ընդամենը մեկ օրինակ ես բերեցի»,- եզրափակեց Արա Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս