«Եռաբլուրում» որևէ աշխատանք չի կատարվում, բազմաթիվ տղաներ դեռևս շիրմաքարեր չունեն. Զոհվածի հայր
2021 թվականի օգոստոսի սկզբից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեկնարկել էին արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների գերեզմանների կառուցապատման աշխատանքները։ Սակայն մեկ տարի անց «Եռաբլուրում» կան շիրիմներ, որոնք մինչ օրս շիրմաքարեր չունեն։
168.am-ի հետ զրույցում պատերազմում նահատակված կամավորական Արտյոմ Միքայելյանի հայրը՝ Տիգրան Միքայելյանը, ասաց, որ 2-3 օր առաջ «Եռաբլուրում» որդու շիրիմը շիրմաքար չուներ, միայն այս ու այն պատկան մարմինների դռները թակելուց հետո է շիրմաքարը տեղադրվել։
«Կիրակի բերեցին քարը տեղադրեցին, կռվող-դավով դրեցին։ Հարցն այստեղ միայն իմ երեխան չէ, «Եռաբլուրում» բոլորն էլ իմ երեխեքն են, այստեղ խնդիրն այն է, որ այդ տղաներից շատերը դեռևս շիրմաքար չունեն։ Ես իրենց հարցնում եմ՝ պատերազմից երկու տարի է անցել, ինչո՞ւ տղաներից շատերը շիրմաքարեր չունեն, ինձ մեկ ասում են՝ գնացեք Պաշտպանության նախարարություն, ՊՆ-ից ասում են՝ այնտեղ մարդ կա, գնացեք իրեն դիմեք։ Շիրմաքարեր պատրաստելու տենդերը տարբեր մարդիկ են շահել, ու հիմա «Եռաբլուրում» որևէ աշխատանք չի կատարվում՝ ո՛չ բարեկարգում, ո՛չ ասֆալտապատում, ո՛չ էլ կանաչապատում, ցայտաղբյուրներ էլ չեն դնում, խոստացել էին։ Մի խոսքով՝ որևէ բան չի արվել։
Ես սարքել էի, իրենք քանդել են, ասել են՝ այսպես պետք է լինի, քանի որ «Եռաբլուրը» համարվում է զինվորական զորամաս։ Ես համաձայնել եմ, որպես պարկեշտ մարդ՝ երկար սպասել եմ։ Հետո քար պատրաստող տղային խնդրել եմ, որ քարը պատրաստ լինի տղայիս ծննդյան օրը, որն առանց իրեն ենք նշում։ Մինչ օրս տղայիս տապանաքարը դրած չէր, կիրակի օրը նոր դրեցին»,- նշեց Տիգրան Միքայելյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ եթե իր որդու շիրմաքարը տեղադրվել է, դա չի նշանակում, որ լռելու է, խնդիրը բարձրաձայնելու է այնքան ժամանակ, մինչև «Եռաբլուրում» ամփոփված բոլոր հերոսներն ունենան շիրմաքարեր։
«Թող բարի լինեն, տանեն-դնեն, չե՞ն դնելու, ես ամեն օր իրենց ասելու եմ, որ քթներիցդ արյուն եմ բերելու, որովհետև «Եռաբլուրն» այն տեղը չի, որ գան ժամանակ անցկացնեն, գնան, հետո էլ զոհվածների ծնողների գլխի տակ փափուկ բարձ դնեն։
Երեխեքի համար պետությունը ՊՆ-ի հաշվին 3 մլն էր փոխանցել, որպեսզի իրենք արագությամբ այդ հարցը լուծեին։ Հիմա այդ 3 միլիոնից 1,5 մլն-ը հուղարկավորության արարողության համար էր, իսկ մյուս կեսն իրենց մոտ էր, որպեսզի կարողանային հարցը լուծեին։ Գնացեք «Եռաբլուր», տեսեք, էլի, ինչ վիճակ է։ Եթե տեսնեք՝ որևէ տեղ բարեկարգված է, անպայման կճշտեք, որովհետև դա ծնողն իր հաշվին է բարեկարգել։
Այսօր բազմաթիվ ծնողներ գնացել էին ՊՆ, որպեսզի այդ խնդրին լուծում տային, չգիտեմ՝ այդ ամենն ինչով է ավարտվել։ Ես հիմա խոսում եմ բոլոր երեխեքի համար, հիմա եթե մի տղայի ծնող Ստեփանակերտում է ապրում, ուրեմն՝ այդ երեխայի շիրմաքարը չպե՞տք է տեղադրվի»,- շեշտեց Տիգրան Միքայելյանը։
Նշենք, որ Տիգրան Միքայելյանը և որդին՝ Արտյոմ Միքայելյանը, կամավոր էին մեկնել պատերազմ, միասին Ակնայում են կռվել։ Թշնամու ռմբակոծության հետևանքով Արտյոմը զոհվել է։
Հիշեցնենք, որ նախորդ տարի օգոստոսին Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը 168.am-ին ասել էր, որ պլանավորված է, որ մինչև տարվա վերջ կառուցապատումը կավարտեն, շիրիմների վրա քարեր կտեղադրեն, շուրջօրյա աշխատանքներ են կատարում, որպեսզի կարողանան ժամանակի մեջ տեղավորվել և հավուր պատշաճի հասցնեն ավարտին։
«Մենք ծնողներին ընտրության հնարավորություն ընձեռեցինք, հրավիրեցինք օպերատորների, որոնք դրսից քարեր են ներկրում։ Արդյունքում՝ 6 տեսակի գերեզմանաքարեր ունեցանք, և ծնողներն իրենց ընտրությունն արեցին։ 882 հուղարկավորությունից՝ գրեթե 872 հոգի արդեն ընտրություն են կատարել, հիմնականում ընտրել են դրսից բերվող քարերը, դրանք կներկրվեն Ժիտոմիր (Ուկրաինա), Չելյաբինսկ (Ռուսաստան) քաղաքներից և Չինաստանից»,- ասել էր Վարդան Ավետիսյանը։