«Արցախի իշխանություններն արտահայտել են իրենց տեսակետը՝ այլընտրանքային ճանապարհի կառուցման և գործող երթուղու վրա գտնվող հայաբնակ համայնքների խնդրի վերաբերյալ». Արցախի նախագահի խոսնակ

Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին հայտարարել էր, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում, այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

168.amԱրցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց, թե պաշտոնական Ստեփանակերտն ինչպե՞ս է արձագանքում այս հայտարարությանը։

Լ. Ավանեսյանը մասնավորապես պատասխանեց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված է, որ Լեռնային Ղարաբաղի Հայաստանի հետ ցամաքային կապն ապահովվում է Լաչինի միջանցքով:

«Հայտարարությամբ նախատեսված է նաև, որ երեք տարվա ընթացքում կողմերի համաձայնությամբ պետք է մշակվի Լաչինի միջանցքում նոր երթուղի՝ խաղաղապահ ուժերի այնտեղ վերատեղակայմամբ։

Հիշեցնեմ, որ Արցախի Հանրապետությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ։ Հայաստանի իշխանությունների և խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ հետագայում տեղի ունեցած քննարկումներում Արցախի Հանրապետության  իշխանություններն արտահայտել են իրենց տեսակետը՝ ինչպես այլընտրանքային ճանապարհի կառուցման, այնպես էլ՝ գործող երթուղու վրա գտնվող հայաբնակ համայնքների խնդրի վերաբերյալ»,- նշեց Լուսինե Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին, թե՝ «իր տեղեկություններով, նոյեմբերի 6-ին պատրաստ էր փաստաթուղթ, որտեղ գրված է եղել «Մեղրիի միջանցք», «Հայաստանի իշխանությունները չեն ստորագրել, ու խնդիրը հասել է մինչև նոյեմբերի 9-ը, նաև ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք», և հարցին՝ Ստեփանակերտը վերցնելու վերաբերյալ որևէ ճնշում կամ խոսք եղե՞լ է, Արցախի նախագահի խոսնակը պատասխանեց.

«Արցախի իշխանությունները քաղաքական բանակցություններին չեն մասնակցել, ուստի «Հանրապետություն» կուսակցության նախագահ պարոն Սարգսյանի ունեցած տեղեկությունների վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել»:

Տեսանյութեր

Լրահոս