«Կպայթի Մեղրին Երևանի կենտրոնում», թե՞ մեզ համար հայրենիքի հատվածական կորուստը նոր նորմա է

Եթե հավատանք ռուսական ԶԼՄ-ներին, ապա Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրամադրվող այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» մասին թուրք-ադրբեջանական երազանքը իրականություն է դառնում։ Ըստ հրապարակված քարտեզի՝ Ադրբեջանի այսպես կոչված «Արևմտյան շրջանների» և Նախիջևանի միջև թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային ճանապարհները անցնելու են Հայաստան-Իրան սահմանի երկայնքով՝ Մեղրիի շրջանով։ Այսինքն, Ադրբեջանին տրամադրվող ճանապարհի հարցում ընտրվել է Հայաստանի համար վատագույն և ամենից վտանգավոր տարբերակը, մինչդեռ այն լիարժեքորեն համընկնում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին։

Թեև դեռ հանրայնացված չեն նախատեսվող ճանապարհի անցման ռեժիմի հետ կապված հարցերը, սակայն արդեն իսկ նշվում է, որ այն լինելու է պարզեցված, այսինքն տարբերվելու է սովորական անցագրային ռեժիմից, ինչպես օրինակ Հայաստան-Վրաստան, կամ Հայաստան-Իրան սահմանների պարագայում է։ Սա իր հերթին լրացուցիչ ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար։

44-օրյա պատերազմից հետո «ԼՈՒՅՍ» հիմնադրամը իր հրապարակումներում քանիցս բարձրաձայնել է այսպես կոչված «Զանգեզուրի» կամ «Նախիջևանի» միջանցքի հետ կապված հնարավոր ռիսկերին և սպառնալիքներին, ի ցույց դրել, թե որքան հիմնազուրկ են այս աշխարհաքաղաքական-պանթուրանական նախագծում տնտեսական հիմնավորումներ փնտրելու ջանքերի։ Սակայն ինչպես բոլոր այլ կարևորագույն անվտանգային հարցերում՝ օրինակ Արցախյան հակամարտության կարգավորման, սահմանազատման ու սահմանագծման և այլն, այս դեպքում էլ Հայաստանի կառավարությունը առաջ է շարժվում ամենավտանգավոր սցենարով՝ էական ռիսկեր ստեղծելով երկրի հարավային շրջանների անվտանգության և կայունության համար։

Ստորև ներկայացնում ենք որոշ մեջբերումներ՝ վերոհիշյալ թեմայով «ԼՈՒՅՍ» հիմնադրամի կողմից նախկինում հրապարակած վերլուծություններից․

⮚ «Երևան-Թբիլիսի-Բաքու-Մախաչկալա երթուղին հնարավոր է անմիջապես գործարկել, քանի որ տեխնիկական առումով այն գտնվում է նորմալ վիճակում և ներդրումներ չի պահանջում, սակայն ակնհայտ է, որ Բաքուն դրանում շահագրգռված չէ։ Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում ադրբեջանական կողմի ավելի ուժեղ բանակցային դիրքերը, ինչպես նաև բանակցային գործընթացի վրա ներազդեցության տարբեր գործոնների առկայությունը, օրինակ՝ Ադրբեջանում հայ գերիների առկայությունը, մեծ է հավանականությունը, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը տեղի կունենա հենց Ադրբեջանի համար ձեռնտու սցենարով»։

⮚ «Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ամենահավանական սցենարը Նախիջևան-Մեղրի-Ադրբեջան նախ ավտոմոբիլային, այնուհետև նաև երկաթուղային ճանապարհի շահագործումն է, որը լիարժեք բխում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերից, ինչ-որ չափով բավարարում է ռուսական կողմի հետաքրքրությունները և գրեթե անտեսում Հայաստանի Հանրապետության շահերը»։

⮚ «Հայաստանը նոյեմբերի 10-ի հայտարարությամբ այդ միջանցքի անվտանգությունը երաշխավորելու միակողմանի պարտավարություն է ստանձնել, հետևաբար ցանկացած միջադեպ, որը կխաթարի այդ միջանցքի գործունեությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կարող է մեկնաբանվել որպես ստանձնած պարտավորության խախտում»։

⮚ «Քանի դեռ այդ ուղիների նկատմամբ հսկողությունն իրականացնելու են ռուսական կողմի ներկայացուցիչները, այդ ռիսկերը որոշակիորեն նվազում են, սակայն ցանկացած պարագայում անցանկալի միջադեպերը չեն բացառվում։ Հաշվի առնելով տարբեր երկրներում զինված միջամտության և այսպես կոչված «բուֆերային» գոտիներ ձևավորելու Թուրքիայի սովորությունը, վերջինս սեփական նախաձեռնությամբ կամ Ադրբեջանի միջոցով կարող է որևէ նպաստավոր առիթ կամ աշխարհաքաղաքական իրավիճակ օգտագործել՝ Հայաստանի հարավային շրջաններում զինված միջամտության կամ դրանց կարգավիճակի փոփոխության նպատակով»։

⮚ «Մտահոգության առիթ է տալիս Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի վերջերս արած հայտարարությունը, որտեղ նա Հայաստանի և Արցախի միջև Լաչինի միջանցքը համեմատեց Ադրբեջանի և Նախիջևանի միջև ստեղծվելիք միջանցքի հետ։ Ադրբեջանը կփորձի Լաչինի միջանցքի շահագործման, այնտեղով տեղափոխվող բեռների բնույթի հարցը փոխկապակցել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան նոր միջանցքի հետ և ըստ այդմ խոչընդոտել Լաչինի միջանցքի նորմալ շահագործումը»։

⮚ «Նախիջևանի միջանցքը նպաստելու է Թուրքիայի պանթուրքական ծրագրերի իրականացմանը։ Այն Անկարային հնարավորություն է տալու ուղիղ կապ ունենալ ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրների հետ։ Քանի դեռ տարածաշրջանում գործում է ՀԱՊԿ-ի անվտանգային համակարգը, Անկարայի պանթուրքական ծրագրերի վտանգները կարող են տեսանելի չլինել, սակայն հաշվի առնելով տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական դիրքը՝ երկարաժամկետ հեռանկարում այն կարող է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական գույության համար լուրջ սպառնալիք դառնալ»։

⮚ «Եթե Հայաստան-Իրան տրանսպորտային կապի հիմնական ուղղությունը Սյունիքից տեղափոխվի Նախիջևան, Հայաստանի հարավային շրջանների համար կարող են տնտեսական և անվտանգային լուրջ ռիսկեր առաջանալ։

⮚ «Կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանը փորձելու է հաղորդակցությունների ապաշրջափակումը կյանքի կոչել այնքանով, որքանով դրանք չեն հատի իր կենսական շահերի սահմանագիծը»։ «Ռուսական կողմի հետ ճիշտ աշխատանքի և շահերի համադրման դեպքում Հայսատանը կարող է վերջինիս համոզել առաջնահերթությունը տալ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման այլ՝ հատկապես հյուսիսային ուղղություններին»։

⮚ «Ակնհայտ է, որ Թուրքիան Հայաստանի ապաշրջափակման հետ կապված ցանկացած հարց կապելու է հայկական կողմի համար անընդունելի մի շարք նախապայմանների հետ»։

⮚ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ծանրաբեռնվածության ու տնտեսական արդյունավետության ուսումնասիրությունը ապացուցում է, որ «Զանգեզուրի միջանցքը» տնտեսական շղարշով ծածկված՝ զուտ աշխարհաքաղաքական՝ պանթուրանական նախագիծ է»։

⮚ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումից 4 տարի անց բեռնափոխադրումների տարեկան միջին ծավալը կազմել է ընդամենը 325 հազար տոննա, ինչը 20 անգամ ավելի քիչ է նախատեսվող 6,5 մլն տոննայից։

⮚ Ըստ փորձագիտական գնահատականների Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթգծի հայկական հատվածի համար կպահանջվի ավելի քան 100 մլն դոլարի ներդրում։ Նման ներդրումները արդարացված կլինեն, եթե միայն այդ երկաթգծերի միջոցով բեռնափոխադրումների ծավալը կազմի տարեկան մոտ 10 մլն տոննա։ Նույնիսկ այդ պարագայում երկաթգիծը եկամտաբեր կդառնա շահագործումից միայն 12 տարի անց (այստեղ տեղին է կրկին հիշեցնել, որ ԲԹԿ շահագործումից 4 տարի անց տարեկան բեռնափոխադրումների ծավալը կազմում է ընդամենը 325 հազար տոննա, այսինքն՝ եկամտաբերություն ապահովելու համար «Զանգեզուրի միջանցքով» երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը պետք դրանից շուրջ 30 անգամ ավելի լինի, ինչը մեղմ ասած՝ անիրատեսական է)։

Ակնհայտ է, որ մեր ներկայացրած կանխատեսումներից շատերն այսօր իրականություն են դարձել, իսկ բարձրաձայնած ռիսկերը ոչ միայն չեն վերացել, այլ ավելի են խորացել։
Մանրամասն տես՝

Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքները և դրանց ռիսկերը Հայաստանի համար, «ԼՈՒՅՍ» հիմնադրամ, 04․02․2021թ,

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ, «ԼՈՒՅՍ» հիմնադրամ, 07․12․2021թ,

Նյութի հեղինակ՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Տեսանյութեր

Լրահոս