«Կարծում եմ՝ դատախազությունը վեր կկանգնի քննչական մարմնի փոքրիկ խուլիգանների գործելաոճից և իր վրա չի վերցնի ակնհայտ անմեղ մարդուն դատի տալու պատվերը». Միհրան Պողոսյան

Այսօր Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ոստիկանի նկատմամբ բռնության քրգործով Իգոր Խաչատուրովի մասով նախաքննությունն ավարտվել է, Իգոր Խաչատուրովի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածով սահմանված կարգով, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

168.am-ի հետ զրույցում Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց՝ կարող ենք արձանագրել, որ Երևան քաղաքի ծանր հանցագործությունների քննության բաժինը, որն այս բոլոր իրադարձությունների հետ կապված, որպես քննչական մարմին, ստանձնել էր պատվեր կատարելու առաջադրանքը, չդիմացավ իրական պայքարին, և, ի վերջո, ժողովրդական լեզվով ասած, գործն իրենց վրայից գցեցին:

«Ընդ որում, այստեղ շատ կարևոր հանգամանք կա: Քննչական մարմինը նախաքննության ավարտ ցանկացել է հայտարարել շատ ավելի վաղ՝ մոտ 15 օր առաջ: Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն արդեն մեկ անգամ նախաքննության ավարտ հայտարարել էր: Բայց քրեական գործի նախաքննությունն այնքան փնթի էր կատարվել, որ հնարավոր չէր այդ թղթերի կույտից բան հասկանալ: Ակնհայտ էր, որ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացվել: Ի սկզբանե էլ երևում էր՝ առկա է պատվեր, և այդ պատվերի վարկածը կառուցելու համար ինչ-որ գործ էր իբր թե սարքվել»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ իրենք այդ ժամանակ՝ հունիսի 14-ին, միջնորդություն են ներկայացրել՝ լրացուցիչ քննչական գործողություններ իրականացնելու համար, և այն բավարարվել է քննչական մարմնի կողմից:

«Իգոր Խաչատուրովի հետ կապված միջադեպը ձայնագրել էին տարբեր լրատվամիջոցներ ու քաղաքացիներ, սակայն ՔԿ-ն քննությունը կատարելիս ընդամենը մի տեսանյութով էր բավարարվել, բայց անգամ այդ տեսանյութի մեջ Իգորի կողմից որևէ հարվածի փաստ արձանագրված չէ: Դեպքը տեղի է ունեցել փողոցում, տեսախցիկների տակ, կարմիր գծերի հատվածում, և ոչ մի ջանք չեն թափել, որ այդ տեսանյութերը ձեռք բերեն ու հասկանան՝ առկա՞ է արդյոք միջադեպ, թե՞ ոչ»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ իրենք իրենց միջոցներով ձեռք են բերել տարբեր տեսանյութեր՝ տարբեր դիտանկյուններից նկարահանված, ինչը ներկայացրել են վարույթն իրականացնող մարմնին:

Ըստ Միհրան Պողոսյանի՝ սա անակնկալ է եղել Քննչական կոմիտեի համար, ու ստիպված քրեական գործի վարույթը վերսկսել են հունիսի 17-ին:

«Տեսանյութերը զննել են, մեր տրամադրած տեսանյութերի հիման վրա արձանագրել են, որ հարվածի մասին որևէ խոսք անգամ չի գնում, և ուրբաթ օրը՝ երեկոյան 18:00-ին, կրկին նախաքննության ավարտ են հայտարարել: Այդ հապճեպ գործողությունները, րոպե առ րոպե արձանագրելը, թե ինչ են արել, էլի խոսում է այն մասին, որ այստեղ եղել է պատվեր ավելի վաղ իջեցված պատվերը հնարավորինս արագ կատարելու վերաբերյալ»,- ասաց Իգոր Խաչատուրովի պաշտպանը:

Վերջինս նշեց՝ ինքն իր ձեռքի տակ ունի քննիչի որոշումը, որի մի կեսը տպագիր է, մյուս կեսը՝ ձեռագիր լրացված:

«Ուրբաթ օրը, երբ մենք նախաքննության ավարտի ժամանակ խնդրեցինք երկու աշխատանքային օր կալանավորված անձի հետ կապված նյութերին ծանոթանալու համար, քննիչն արդեն պատրաստի իր հետ որոշում էր բերել, որ այդ միջնորդությունը մերժելու է: Այսինքն՝ նստել, ձեռագիր որոշում է գրել ու պաշտպանության կողմին տվել է ընդամենը 5 աշխատանքային ժամ: Քննիչը այնքան փնթի է գործել, որ փորձել է խախտել նաև միջնորդություն ներկայացնելու իմպերատիվ պահանջը՝ գործի նյութերին ծանոթանալու մեկօրյա ժամկետը»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է դատախազություն, և դատախազությունը քննիչի այդ որոշումը վերացրել է, և իրենց նախաքննության նյութերին ծանոթանալու համար կրկին այդ մեկօրյա ժամկետը տրամադրվել է:

«Քրեական գործի մեջ կան տեսանյութեր, որոնք Իգոր Խաչատուրովը հնարավորություն չի ունեցել տեսնելու, քանի որ ողջ նախաքննության ընթացքում գտնվել է անազատության մեջ: Եվ երբ քննիչին ասում ենք, որ այդ տեսանյութերը պետք է մեղադրյալը տեսնի, և դա օրենքի պահանջն է, այդ միջնորդությունն էլ է մերժում: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ խախտվել է նաև Իգոր Խաչատուրովի պաշտպանության իրավունքը»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Պաշտպանի խոսքով՝ երբ չկա հանցագործություն, չկա դեպք, կա պատվեր, այդ պատվերը, չի կարող քննիչն այսպիսի խնդիրների առաջ չկանգնել, և այս դեպքում սկզբից եղել է պատվերը, հրահանգը, հետո կառուցվել է քրեական գործը, և երբ հիմքերը թույլ են, այդ բուրգը ցանկացած քննադատության պարագայում փլուզման ենթակա պետք է լինի:

«Քրեական գործի նյութերին, թեև այդ 5 ժամն էր մեզ տրվել, մենք ծանոթացել ենք: Կրկին միջնորդություններ ենք ներկայացրել, որոնք մերժվել են, ու դա մենք իմանում ենք այսօր տարածված հաղորդագրությունից: Կրկին իրավական պայքարից խույս տալու տրամաբանության մեջ ենք մենք դա դիտարկում: Այս գործով բազմաթիվ անձինք կային, որոնք պետք է հարցաքննվեին, ու որոնց չի հարցաքննել վարույթն իրականացնող մարմինը: Եվ ընդհանրապես երկու ամիս տևած այս նախաքննության արդյունքում մենք ունենք այն վիճակը, որ Իգոր Խաչատուրովի կողմից հանցանք չկատարելու ապացույցներն են ամբողջովին գործում: Ամբողջ քրեական գործի մեջ բոլոր փաստական տվյալներն ապացուցում են Իգոր Խաչատուրովի անմեղությունը, բացի ոստիկանի ցուցմունքից»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Պաշտպանը նշեց, որ իրենք միջնորդություն են ներկայացնելու դատախազություն այն մասին, որ այս գործը ոչ մի պարագայում ենթակա չէ հաստատման, և կամ քրեական հետապնդումը Իգոր Խաչատուրովի նկատմամբ պետք է դադարեցվի, կամ գործը վերադարձվի քննիչին նոր քննության, լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու համար:

«Ես կարծում եմ՝ դատախազությունը վեր կկանգնի քննչական մարմնի փոքրիկ խուլիգանների գործելաոճից և իր վրա չի վերցնի ակնհայտ անմեղ մարդուն դատի տալու պատվերը: Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, որ իրական դատախազական հսկողության պարագայում նման գործերով քրեական գործերով մեղադրական եզրակացությունները չեն հաստատվում: Ու թող պատասխան տան այն մարդիկ, ովքեր այս ամենն իրենց վրա վերցրել են: Ընդհուպ այն վիճակին էր հասել, որ երբ մենք այս տեսանյութերի հետ կապված, որոնք իրականում նոր հանգամանք էին Իգոր Խաչատուրովի խափանման միջոցը վերանայելու հետ կապված, Առաջին ատյանի դատարանում միջնորդություն էինք ներկայացրել, քննիչը չներկայացավ և խնդրել էր դատական նիստը հետաձգել»,- եզրափակեց պաշտպանը՝ շեշտելով՝ իրենք տրամադրված են պայքարի, և իրավական ճանապարհով էլ իրենք հաստատելու են Իգոր Խաչատուրովի անմեղությունը:

Տեսանյութեր

Լրահոս