Բարդացել է թռչունների կերի ներմուծումը. եգիպտացորենի քվոտան էլ Հայաստանի համար սպառվել է. Սերգեյ Ստեփանյան
«Մեքենաները կանգնած են, վիճակը լավ չէ: Վերին Լարսի անցակետում վերջին 1-2 ամսի ծանրաբեռնվածության պատճառով բարդացել է թռչունների կերի ներմուծումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Խնդիրներ են առաջացել նաև եգիպտացորենի ձեռքբերման առումով:
«Ռուսական կողմն ասել է, որ ԵԱՏՄ շրջանակում եգիպտացորենի քվոտան Հայաստանի համար սպառվել է, ժամկետը մինչև հուլիսի 1-ն է: Սա կբերի թռչնամսի, հավի մսի և ձվի կրճատման։ Մինչ ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստան եգիպտացորեն էր ներկրվում նաև Ուկրաինայից»,- նշեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը՝ հավելելով, որ Հայաստանում արտադրության ծավալները նվազում են, քանի որ ֆերմերները չեն կարողանում անասնակեր գնել, իսկ սեփական արտադրության կեր չկա:
Սերգեյ Ստեփանյանն ընդգծեց՝ չմշակվող հողերը պետք է ծառայեցվեն ըստ նպատակի:
«Պետությունը կա՛մ սիմվոլիկ գումարով, կա՛մ անվճար պետք է հողերը տա մարդկանց, որպեսզի մշակեն, կարողանան հարցերի մի մասը լուծեն, որ նման խնդիրների առջև կանգնելիս գոնե մասամբ հնարավոր լինի պահել շուկան: Այս պահին միակ ճանապարհը Վերին Լարսի անցակետով է։ Այստեղ Ռուսաստանի կառավարությունը վերջերս որոշեց բացել մաքսազերծման երկրորդ գոտի, Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա հատկացնել լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության հետ կապված գործառնություններ: Բայց հիմա քվոտայի խնդիր կա։ Ինչ վերաբերում է լաստանավային փոխադրմանը՝ չգիտեմ՝ երբ կաշխատի»,- ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը:
Մեր զրուցակցի խոսքով՝ խնդիր է առաջացնում նաև փոխարժեքի տատանումը: «Չգիտենք՝ աշխատենք դոլարո՞վ, դրամո՞վ, թե՞ ռուբլիով»,- հավելեց Սերգեյ Ստեփանյանը:
Նշենք, որ Հայաստանից Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ապրանքների հոսքի հնարավորություններն առաջիկայում լրջորեն կընդլայնվեն։ Այս մասին հունիսի 28-ին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեևը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կառավարության նախագահի ու համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների կողմից այսօր որոշում է կայացվել, երկխոսություն է ընթանում երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունների միջև։
««Վերին Լարս» անցակետի աշխատանքի հարցերը քննարկվել են որպես մեր արձագանք Հայաստանի ներկայացուցիչների խնդրանքին՝ թե՛ Ազգային ժողովի, թե՛ կառավարության մակարդակով»,- հավելել է պատգամավորը։