Կենտրոնական բանկը՝ կառավարության ու բիզնեսի թիրախում
Դրամի արժևորումը թիրախավորել է Կենտրոնական բանկին։ Նախկինում ԿԲ-ին մեղադրում էին՝ դրամի արժեզրկման, հիմա՝ արժևորման համար։
Կենտրոնական բանկին թիրախավորում են ինչպես կառավարության անդամները, այնպես էլ՝ տնտեսության որոշ ոլորտների ներկայացուցիչները։ Նրանց կարծիքով, թույլ տալով դրամի արժևորում, ԿԲ-ն հարվածում է տնտեսության արտահանելի հատվածին։ Ուստի առաջարկում են արհեստականորեն արժեզրկել դրամը։ Այլ կերպ, ներքաշել շուկայում առկա հավելյալ տարադրամը և ավելացնել դրամի զանգվածը։
Բայց Կենտրոնական բանկը հակված չէ գնալ դրան, որովհետև այդ դեպքում էլ բախվելու է գնաճի հետ։ Դրամի թուլացումն ակտիվացնելու է գնաճը։ Հատկապես որ, գնաճի գործում մեծ է արտաքին միջավայրի ազդեցությունը։
Գնաճի դեմ պայքարելու համար Կենտրոնական բանկն ունի 2 հիմնական գործիք. մեկը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, մյուսը՝ փոխարժեքը։ Այս երկու գործիքները տարբեր ուղղվածություն ունեն գնաճի զսպման գործում։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը գնաճի վրա ազդում է՝ սահմանափակելով ներքին տնտեսության մեջ մտնող փողի քանակը։
Երբ Կենտրոնական բանկը բարձրացնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ վերջինիս մեղադրում են այն բանի համար, որ դրսից թելադրված գնաճային ճնշումների պարագայում այդ գործիքի արդյունավետությունը ցածր է։ Փոխարենը՝ այն ավելի շատ վնասում է տնտեսությանը։
Սրանում, իհարկե, ճշմարտություն կա։ Դրսից թելադրվող գնաճի զսպման գործում շատ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ փոխարժեքը։ Այս պարագայում կարևոր է դրամի ամրապնդումը։ Բայց հիմա էլ Կենտրոնական բանկին մեղադրում են նրա համար, որ դրամի ամրապնդմամբ՝ խնդիրներ է ստեղծում տնտեսության արտահանելի հատվածի համար։
Արդյունքում՝ Կենտրոնական բանկը հայտնվել է երկու քարի արանքում. վերաֆինանսավորման տոկոսադրույքն է բարձրացնում՝ մեղադրում են տնտեսության մեջ փողի շրջանառությունը զսպելու համար, թողնում է, որ ազգային արժույթը թանկանա՝ մեղադրում են արտահանմանը խոչընդոտելու համար։ Ստացվում է, որ երկու դեպքում էլ ԿԲ-ն խնդիրներ է ստեղծում տնտեսության համար։ Բայց այլ կերպ հնարավոր չէ զսպել գնաճը։
Լավագույն լուծումն այս իրավիճակում, բնականաբար, խնդիրների հավասարակշռումն է, ինչն այնքան էլ չի ստացվում։ Դրա պատճառը Կենտրոնական բանկի ու կառավարության միջև համակարգված գործողությունների բացակայությունն է։ Ամեն մեկը փորձում է վերմակը իր կողմ քաշել։ Ըստ այդմ՝ ունենում ենք այնպիսի իրավիճակ, որ տուժում է թե՛ տնտեսությունը, և թե՛ գնաճի դեմ պայքարը։
Վնասներ բոլոր դեպքերում լինելու են։ Բայց համակարգված գործողությունների պարագայում հնարավոր է դրանք հասցնել նվազագույնի։
Դրա համար հարկավոր է, որպեսզի ամեն մեկը պատշաճ կատարի իր պարտավորությունները։ Երբ մեկը թերանում է, մյուսը ստիպված է լինում ավելի խիստ միջոցներ ձեռնարկել։
Հիմա բախվել ենք նման մի իրավիճակի հետ։ Կառավարությունը չի ուզում անհրաժեշտ միջոցներ կիրառել գնաճի զսպման հետևանքները տնտեսության վրա մեղմելու համար։ Բայց փորձում է պարտադրել Կենտրոնական բանկին, որպեսզի թուլացնի տնտեսության վրա այն բացասական ազդեցությունները, որոնք առաջանում են գնաճը մեղմելու գործիքների կիրառման հետևանքով։
ԿԲ-ն առայժմ կարծես այնքան էլ հակված չէ գնալ դրան։ Ճիշտ է, երբեմն-երբեմն դրամային ինտերվենցիաներ է անում և շուկայից հանում հավելյալ դոլարը, սակայն ոչ այն ծավալով, որ ազգային արժույթը հիմա էլ հակառակ ուղղությամբ շարժվի։ Նման միջամտությունների արանքում դրամը որոշ չափով թուլանում է, բայց կրկին վերադառնում է նախկին մակարդակին։
Այնպես է ստացվել, որ այս պահին գնաճի դեմ պայքարի առաջնային գործիքը դարձել է դրամի ամրապնդումը։
«Կենտրոնական բանկի մանդատն է ընդհանուր առմամբ տնտեսության համար ապահովել գների կայունություն և կանխատեսելի գների հետագիծ, և մենք օգտագործում ենք փոխարժեքը՝ որպես գործիք»,- ասում է Կենտրոնական բանկի նախագահը։
Այսպիսի խոստովանություն ԿԲ նախագահը միշտ չէ, որ անում է։ Գների կայունության ապահովման համար սովորաբար կիրառվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Փոխարժեքը, մինչև վերջերս, ԿԲ-ն չէր համարում գնաճի դեմ պաքարի առանձնահատուկ միջոց։ Սակայն հիմա, երբ իրավիճակը սրվել է, փոխվել են նաև մտադրությունները։
Փոխարժեքը լուրջ կարևորություն է ստացել գնաճի դեմ պայքարի գործում՝ հաշվի առնելով, որ թանկացումները շատ դեպքերում արտաքին գործոնների հետևանք են, և այն զսպելու առավել հարմար միջոց կարող է լինել ազգային արժույթի վարքագիծը։ Չնայած միշտ չէ, որ դա ցանկալի արդյունք է տալիս։ Դրամը կարող է ամրապնդվել, բայց համարժեք ազդեցություն չթողնել ներմուծվող ապրանքների գների վրա։ Որպեսզի այդ ազդեցությունը տեսանելի լինի, նախ կարևոր է, որպեսզի կառավարությունը պատշաճ հետևի շուկայում գների ձևավորմանը և չարաշահումներ թույլ չտա։ Տնտեսական հատվածի մասնակիցները միշտ էլ պատրաստ են օգտվել իրավիճակից՝ հավելյալ եկամուտներ ստանալու համար։ Դրա համար էլ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պարտավոր է հետևել՝ ինչպես մրցակցությանը, այնպես էլ՝ գնագոյացման չարաշահումներին։
Բայց միայն դա բավարար չէ, որպեսզի ներմուծվող ապրանքների գներն արձագանքեն փոխարժեքների փոփոխությանը։ Այստեղ կա նաև ժամանակի և վստահության գործոն։
Չկա վստահություն, որ դրամի այս վարքագիծը երկար կպահպանվի, ու վաղն այն կրկին չի արժեզրկվի։ Այս հանգամանքը ստիպում է ներմուծողներին զգուշավորություն ցուցաբերել։
Որպեսզի փոխարժեքներն արդյունավետ լինեն գնաճի զսպման հարցում, կարևոր է ֆինանսական շուկայում կայունության հաստատումն ու լարվածության թուլացումը։ Մի բան, ինչն այս պահին չկա, որքան էլ արդեն երրորդ ամիսն է, որ ազգային արժույթն ամրապնդվում է։ Դա սպասումներ է ձևավորում փոխարժեքների նկատմամբ։
Հատկապես որ, այս ամբողջ գործընթացում անորոշությունները բավական շատ են։ Չկա հստակություն, թե, ի վերջո, ո՞րն է տարադրամային հոսքերի ակտիվացման իրական հիմքը։ Այնքան էլ հիմնավոր չեն թվում այն պնդումները, որ դրա վրա էական ազդեցություն են ունեցել Ռուսաստանից Հայաստան տեղափոխված քաղաքացիների ստացած տրանսֆերտները։
Տպավորություն է, որ այս ամենի մեջ կան շատ ավելի խորքային երևույթներ, որոնք տարբեր պատճառներով նպատակահարմար չէ բացահայտել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ