Տխուր վիճակ

«Մեր տնտեսական քաղաքականության մեջ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում արդյունաբերության զարգացմանը»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Թե այդ «առանձնահատուկ ուշադրությունն» ի՞նչ արդյունք է տվել մինչև հիմա, տեսնում ենք պաշտոնապես արձանագրվող ցուցանիշներում։ Դրանք վկայում են, որ արդյունաբերությունը, մեղմ ասած, տխուր վիճակում է։ Զարգացումների մասին նույնիսկ անիմաստ է խոսել։

Արտադրողականությունը տնտեսության այդ առանցքային ճյուղում ինչպես եղել, այնպես էլ մնում է չափազանց ցածր, ներդրումները քիչ են, տեխնիկական վերազինման ուղղությամբ քայլեր գրեթե չեն կատարվում։ Եթե նույնիսկ կատարվում են, ապա դրանից արդյունաբերության արտադրողականությունը գրեթե չի փոխվում։ Այն շարունակում է հետ մնալ մեր նման բազմաթիվ երկրներից, էլ չենք ասում՝ զարգացած երկրներից։ Այսպիսի տեմպերով դժվար է պատկերացնել, թե մինչև երբ կարող է տևել արդյունաբերության վերազինումն ու արտադրողականության բարձրացումը, որպեսզի հնարավոր լինի խոսել զարգացումների մասին։

Իշխանափոխությունից հետո էլ արդյունաբերության մեջ բան չփոխվեց։ Եղած աճի տեմպերը մի բան էլ ընկել են։ Մինչև իշխանափոխությունը, արդյունաբերությունը սկսել էր լավ թափ հավաքել։ 2017թ. ոլորտում արձանագրվեց արտադրության ծավալների երկնիշ աճ։ Այն հասավ 12,6 տոկոսի։ Աճի բարձր տեմպը պահպանվեց նաև հաջորդ տարվա սկզբին։ Առաջին եռամսյակում, երբ ճանապարհները փակելով՝ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր հասցրել պարալիզացնել երկրի տնտեսությունը, արդյունաբերության աճը մոտենում էր երկնիշի։

Արդեն իշխանափոխությունից հետո, աճի տեմպը կտրուկ ընկավ։ Տարեվերջին այն կազմեց հազիվ 4,3 տոկոս՝ տարեսկզբի 9,3 տոկոս և նախորդ տարվա 12,6 տոկոս աճերից հետո։

Հաջորդ տարիներին ևս արդյունաբերությունը չփայլերց բարձր աճերով։ Թեև 2019թ. ոլորտում 9 տոկոսանոց աճ գրանցվեց, բայց դա ավելի շատ հաշվարկային, քան իրական աճ էր։ Այդ աճի մեծ բաղադրիչը վիճակագրական արձանագրումների հետ էր կապված։

Մյուս էական գործոնն էլ ընդերքի արդյունահանման ծավալների կտրուկ ավելացումն էր։

Չնայած Նիկոլ Փաշինյանը եկել էր ընդերքի անխնա շահագործմանը վերջ տալու խոստումներով, մի բան էլ մեծացրեց շահագործման տեմպերը։

2019թ. արդյունաբերության մեջ արձանագրված 9 տոկոս աճի գործում ընդերքի դերը բավական մեծ էր։ Ընդերքի արդյունահանման ավելացման հաշվին՝ այդ ճյուղում աճը հասավ գրեթե 24 տոկոսի։ Շատ ավելի շատ, քան նախկին «թալանչի» ու «ընդերքը քանդող-ծախող» իշխանությունների օրոք։

Հաշվարկային աճերն ու ընդերքի շահագործման ավելացումն էլ 2019թ. դարձավ արդյունաբերության աճի հիմք։ Դրան հաջորդող շրջանում, ինչպես ընդհանրապես տնտեսությունը, այնպես էլ՝ տնտեսության իրական հատվածը հայտնվեց էլ ավելի անմխիթար վիճակում։ 2020թ. արդյունաբերությունն ընդհանրապես աճ չարձանագրեց։ Անկումը կազմեց 0,9 տոկոս։ Չփրկեց նույնիսկ ընդերքը. միակ ճյուղը, որտեղ այդ տարի աճ ունեցանք՝ հանքարդյունաբերությունն էր ու հանքերի շահագործումը։ Արդյունաբերության 0,9 տոկոս անկման պայմաններում ընդերքի ոլորտում ունեցանք շահագործման ծավալների 12 տոկոսին մոտ աճ։ Թերևս, դա էլ փրկօղակ դարձավ կառավարության համար։

2020թ. անկումից հետո, անցած տարի արդյունաբերության մեջ աճը կազմեց հազիվ 3,3 տոկոս։

Այս տարի էլ պատկերը նույնն է։ Աճի տեմպը շատ ցածր է։ Անցած տարվա առաջին 4 ամիսներին արձանագրվել էր՝ 0,9 տոկոս, այս տարի՝ 2,6 տոկոս աճ։ Ապրիլին աճի տեմպը նախորդ տարվա համեմատ կազմեց ընդամենը 1,2 տոկոս։

Տնտեսական հատվածի որոշ մասնակիցներին պատժելու անհագուրդ ցանկությունն ու դրան միտված կառավարության քայլերը բերեցին նրան, որ համաշխարհային շուկայի չափազանց բարձր գների պայմաններում նույնիսկ հանքարդյունաբերությունը չկարողացավ օժանդակել արդյունաբերության աճի տեմպի ավելացմանը։ Այն անկումային է։

Անկման մեջ են նաև վերամշակող ճյուղի 2 առանցքային արտադրությունները։ Խոսքը  խմիչքների ու ծխախոտի մասին է, որոնք թողարկում են մշակող արդյունաբերության արտադրանքի 20 տոկոսից ավելին։

Խմիչքների արտադրության ծավալներն այս տարի նվազել են ավելի քան 6 տոկոսով։

Ծխախոտինն ավելի քիչ է կրճատվել, բայց դա տեղի է ունեցել անցած տարվա գրեթե 18 տոկոսանոց անկումից հետո։

Այսինքն՝ անցած տարվա անկումից հետո, անկումը էլի պահպանվել է։ Չորս ամսում արտադրվել է 7,4 մլն հատիկ սիգարետ։ 2019թ. համեմատ արտադրված սիգարետի քանակը կրճատվել է գրեթե 2,6 մլն հատիկով կամ 20 տոկոսով։

Սա է արդյունաբերության զարգացման նկատմամբ կառավարության ցուցաբերած առանձնահատուկ ուշադրության արդյունքը։

Արդյունաբերության մեջ դեռ որոշ աճ արձանագրվում է, տնտեսության մյուս կարևոր ոլորտում՝ գյուղատնտեսության մեջ, դա էլ չկա։ Միայն անկումներ են ու անընդմեջ։ Իշխանափոխությունից հետո չի եղել տարի, որ գյուղատնտեսությունն աճ ունենա։ 2018թ. անկումն ամենամեծն էր. այն հասավ 7,6 տոկոսի։

Ժամանակին շատերը սա կապում էին նախկինից փոխանցված իներցիայի հետ։ Սակայն անկումը կանգ չառավ նաև դրանից հետո։ 2019թ. գյուղատնտեսության մեջ արտադրության ծավալները կրճատվեցին 4,2 տոկոսով։ Հաջորդ տարի դեռ ցուցանիշները վերջնական չամփոփած՝ հայտարարվեց ոլորտում 1-1,1 տոկոս աճի մասին։ Սակայն հետո պարզվեց, որ ոչ մի աճ էլ չի եղել։ Անկումը պահպանվել է և կազմել 4 տոկոս։

2021թ. էլ արտադրության ծավալները կրճատվեցին 1,1 տոկոսով։ Այս տարվա սկզբին ևս միտումը նույնն է. առաջին եռամսյակում գյուղատնտեսության մեջ ունեցանք 3,4 տոկոս անկում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 1 տոկոսանոց անկման դիմաց։

Այսքանից հետո զարմանում ենք, որ գյուղմթերքները մեր երկրում կտրուկ թանկացել են։ Պարզ չէ՞, որ 4 տարի անընդմեջ արձանագրվող արտադրության ծավալների անկումը հանգեցնելու է առաջարկի կրճատմանը և գների բարձրացման։ Սա կապված է ներքին միջավայրի հետ, ու պետք չէ բարդել արտաքին շուկաների վրա։ Իշխանությունների իրականացրած ագրարային քաղաքականությունն է բերել դրան։ Այդ քաղաքականության հետևանք է նաև ցանքատարածությունների ու արտադրության ծավալների կրճատումը։ Մեր տնտեսության իրական հատվածում ունենք այսպիսի տխուր պատկեր։ Զարմանալին այն է, թե ինչ առանձնահատուկ ուշադրության մասին է խոսում էկոնոմիկայի նախարարը, որը պատասխանատու է՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ գյուղատնտեսության համար։ Ձև արեցին, թե իբր օպտիմալացում են իրականացնում, փակեցին գյուղատնտեսության նախարարությունը։ Արդյունքները տեսնում ենք։

Հիմա էլ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե առաջիկա 5 տարվա ընթացքում նախատեսում ենք կենտրոնանալ հատկապես ոսկերչության, քիմիայի և մետալուրգիայի, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության և մեքենաշինության ոլորտների վրա։ Գյուղատնտեսության ոլորտում ևս կան մի շարք օժանդակության ծրագրեր։

Հարց է առաջանում՝ մինչև հիմա ի՞նչ են տվել ձեր կենտրոնացումները, որ հիմա՞ ինչ պիտի տան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս