«ԳՇ պետին ազատել ենք կոմերցիոն գործունեություն իրականացնելուց՝ բանակում միակենտրոն վերահսկողությունն առհասարակ վատ բան չէ». Արմեն Խաչատրյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Պաշտպանության նախարարությունում սպասվող փոփոխություններին և, թե ինչ նպատակով է ԳՇ պետը դառնալու նախարարի առաջին տեղակալը հարցերին, նախ ասաց, որ Գլխավոր շտաբ և նախարարություն փոխհարաբերությունները չհաջողվեց ամբողջապես կարգավորել և հստակեցնել, ուստի այդ պատճաոռվ որոշվեց, որ ԳՇ պետը դառնալու է նախարարի առաջին տեղակալը:
«Ինչպիսի կարգավորումներ էլ մտցնում էին, այդուամենայնիվ շատ մեծ էր անհատական գործոնը, թե ով է նախարարը և ով՝ շտաբի պետը, ինչն այդպես չպետք է լինի։ Ինստիտուցիոնալ կառույցներում մաքսիմում պետք է անհատական հատկանիշները քիչ դեր խաղան, և մեր պարագայում ինչը կար առ այսօր, բավականին բարձր դեր էր խաղում, թե ով կլինի գլխավոր շտաբի պետը և ով՝ նախարարը։ Մենք, և՛ քառօրյա պատերազմի ժամանակ, և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ բացերը լավ ի հայտ եկան, երբ ԳՇ-ն կարող էր մի որոշում կայացնել, իսկ նախարարը մի շարք որոշումների կայացումից դուրս է մնում։ Կարծում ենք, որ բանակում միակենտրոն վերահսկողությունն առհասարակ վատ բան չէ»,- նշեց Արմեն Խաչատրյանը։
Նա նաև ընդգծեց, որ ԳՇ պետի լիազորություններն ավելանում են, երբ նա դառնում է նախարարի տեղակալ։
«Նա որոշակի լիազորություններ է ունենալու նախարարության որոշակի կառույցների նկատմամբ, ինչն այս պահի դրությամբ Գլխավոր շտաբի պետը չունի։ Մենք ավելացնում ենք նրա լիազորությունները, բայց նաև փորձում ենք այդ իրավական անջրպետը, որը միշտ լինում է՝ ԳՇ-նախարարություն, և ինչը շատ վառ է արտահայտվում հատկապես արտակարգ իրավիճակում, բացառում ենք, որպեսզի նման անջրպետ լինի։ Իհարկե, ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, տեղայնացվել է նաև մեր պայմաններին։ Այս ամենի արդյունքում կայացվել է նման որոշում»,- շեշտեց Արմեն Խաչատրյանը։
Հարցին՝ մարտական գործողությունների ժամանակ խնդիրներ չե՞ն առաջանալու, Արմեն Խաչատրյանն ասաց, որ մարտական գործողություններ վարելու է Գլխավոր շտաբի պետը։
«Նախարարի գործառույթը նման պայմաններում ապահովելն է այն ամբողջ գործիքակազմը, հնարավորությունները, թիկունքային ռեսուրսները, բանակի համար անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի բանակը, Գլխավոր շտաբը կարողանա իր առջև դրված խնդիրները լուծել։
ԳՇ պետին մենք նաև ազատել ենք կոմերցիոն գործունեություն իրականացնելուց»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը։