«Ինչո՞ւ եք Արցախից դուրս բերում զորքերը. սոցիալական օգնությունը խրամա՞տ է պահելու». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դեմագոգիկ են, որովհետև թեպետ Փաշինյանը շատ բաներից է խոսում, բայց նույնիսկ եռակողմ հայտարարությունով պարտությունը չի վերջացել, այն շարունակվում է:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է. «Եթե նախկինում ԼՂ հարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դնում էինք ԼՂ կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները»:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում Կարեն Վրթանեսյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ից հետո գրչի մի հարվածով հանձնվեցին ռազմավարական առումով կարևոր շրջաններ, Ադրբեջանին հանձնվեց նաև Հայաստանն Իրանին կապող Գորիս-Կապան ճանապարհի հատվածը, որի պատճառով կտրվեց կայուն կապն Իրանի հետ, բանակը գլխատված է, իսկ զինվորականները դուրս են գալիս բանակից:

«Արդեն ունենք ՊԲ ոչնչացումը: Ադրբեջանցիները 1994 թվականից այս կողմ անընդհատ պահանջում են հայկական ԶՈւ դուրսբերում Արցախից, իսկ Նիկոլ Փաշինյանը տակից դա է իրականացնում, օրինակ՝ դադարեցին զորակոչիկներ ուղարկել Արցախ, ինչից ՊԲ թիվը նվազում է, իսկ ադրբեջանցիներն անընդհատ դրանից օգտվում են»,- նշեց նա:

Ռազմական փորձագետը նկատեց՝ հիմա մերձիշխանական շրջանակները նույն Փառուխի դեպքերի հետ կապված անընդհատ մեղադրում են ռուս խաղաղապահներին. «Եթե մեղավոր են ռուս խաղաղապահները, ապա ինչո՞ւ հայկական զորքը չեք ուժեղացնում, ինչո՞ւ եք շարունակում այդ զորքը դուրս բերել: Եթե ռուսները խնդիր են, ինչո՞ւ եք Արցախից դուրս բերում զորքերը»:

Դիտարկմանը՝ իշխանություններն անընդհատ նշում են, որ սոցիալական օգնություն են տրամադրում Արցախին, նա արձագանքեց. «Սոցիալական օգնությունը խրամա՞տ է պահելու, դրամները տանելու են՝ խրամատներո՞ւմ են շարելու, ինչի՞ մասին է խոսքը: Որ ասում եմ՝ դեմագոգիա, իզուր չեմ ասում. Բացահայտ դեմագոգիա է, որի նպատակն է՝ ծածկադմփոց անել Արցախի հայաթափման պրոցեսը: Ամբողջ Արցախը վտանգված է, դա չհասկանալու համար մարդ կամ պետք է կատարյալ ապուշ լինի, կամ էլ իրականում՝ թշնամի, որն այդպիսի բառակույտերի միջոցով փորձում է մարդկանց քնեցնել, հանգստացնել, կտոր-կտոր տալով հայրենիքի հատվածները: Ավելին, այնպես չէ, որ միայն Արցախի խնդիրն է, Ադրբեջանն արդեն բացահայտ ներխուժում է ՀՀ տարածք, հայտնում է իր ախորժակների մասին, մի քանի միջանցք է ուզում և այդ ամենը հերթով ստանում է»:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օրերս հայտարարել էր, որ կատարում են ՊՆ կառուցվածքի փոփոխություններ, որի արդյունքում գլխավոր շտաբի պետը լինելու է ՊՆ առաջին տեղակալը: Կարեն Վրթանեսյանը սա շատ վտանգավոր է համարում. «Սուրեն Պապիկյանին տալիս են ամբողջ ռազմական ուժը, դա վտանգ է Նիկոլ Փաշինյանի համար՝ օրինակ՝ ռազմական կամ պալատական հեղաշրջման: Մի գեղեցիկ օր Սուրեն Պապիկյանը կորոշի, որ ինքն ավելի լավ վարչապետ կարող է լինել: Ով էլ մնա պաշտպանության նախարարի պաշտոնում մի քանի տարի, ունենալով այդպիսի ռեսուրս, միանգամից իր մոտ հայտնվելու են վարչապետական հավակնություններ: Հարցն այն է, որ արդեն ԶՈւ-ն քննարկում ենք՝ զուտ որպես քաղաքական գործիք՝ ներքին հարցերում, այլ ոչ թե՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր»:

Անդրադառնալով ընդդիմադիր շարժմանը՝ նա ընդգծեց, որ ընդդիմության հիմնական թերությունը հաղորդակցման տապալումն էր. «Հաղորդակցման ռազմավարություն չունենալը բերում է նրան, որ մարդիկ պայքարում են Ֆրանսիայի հրապարակում, իսկ այդ հրապարակից 300 մետր այն կողմ որևէ հուշում չկա, որևէ կերպ հնարավոր չէ հասկանալ, որ, օրինակ, մի ամիս է՝ հրապարակ է փակ: Նախ՝ պետք է միասնական հստակ նպատակներ ունենային՝ գոնե իրենց սատարողների համար»:

Նկատեցինք՝ ընդդիմությունը հայտարարում էր՝ Փաշինյանին հեռացնել, փրկել հայրենիքը:

«Մի քիչ ավելի հստակ է պետք՝ ո՞րն է մեխանիզմը, օրինակ՝ Փաշինյանն իր հետևորդներին այդ քայլերն ասում էր՝ այսօր անում ենք սա, վաղը՝ նա, եթե չի ստացվում՝ ես դուրս եմ գալիս քաղաքականությունից: Ես չեմ ասում, որ դա իր հաջողելու միակ պատճառն էր, բայց առանց հաղորդակցման, կոմունիկացիոն ռազմավարության, դու չես կարող հասնել նրան, որ մարդիկ մոբիլիզացվեն՝ դուրս գան փողոց: Իրականում մարդկանց հսկայական թիվ կա, որոնք դեմ են Փաշինյանին, բայց չստացվեց իրենց մոբիլիզացնել, առաջին հերթին, որովհետև չձևակերպվեցին հստակ ուղերձներ, չկառուցվեց հստակ ասելիք, և այդ ասելիքը չհասցվեց այդ մարդկանց: Անընդհատ Արցախի, Հայաստանի անվտանգության թեման գալիս էր իշխանափոխության թեմայի, և շատերի մոտ այնպիսի զգացողություն էր, որ սա իշխանության գալու կռիվ է»,- ընդգծեց Կարեն Վրթանեսյանը:

Նրա խոսքով՝ չկար միասնական հարթակ, որ մարդիկ տեղեկացված լինեն՝ ինչ է լինելու, չկար ուղերձների միասնական համակարգ, ցանկացած քննադատություն շատ ագրեսիվ հակադարձման էր արժանանում որոշ ընդդիմադիրների կողմից. «Եթե դու չես կարողանում մեդիա օրակարգը ձևավորել, պարզ է, չէ՞, որ դա հակառակորդն է ձևավորելու՝ ադրբեջանցին է դա ձևավորելու, Նիկոլ Փաշինյանն է դա ձևավորելու, ով ասես՝ ձևավորելու է, բացի քեզնից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս