
Գողացել են «Ընթերցողը» արձանի բացված գիրքը. թիրախավորվել է հերթական արձանը

Գողացել են Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողը» արձանի մի հատվածը՝ բացված գիրքը: Այս մասին վկայող լուսանկարն այսօր հրապարակվել է Խնկո-Ապոր գրադարանի ֆեյսբուքյան էջում:
168.am-ի հետ զրույցում գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը տեղեկացրեց՝ միջադեպն արձանագրվել է երկուշաբթի օրը, և նույն օրը դիմել են ոստիկանություն:
«Նամակով տեղեկացրել ենք նաև քաղաքապետարանին, որովհետև արձանն իրենց հաշվեկշռում է:
Ոստիկանությունից եկել են՝ և՛ նույն օրը, և՛ երեկ են եկել, ուսումնասիրել են կողքի բոլոր տեսախցիկները. մեծ աշխատանք են կատարել, բայց դեռևս մեզ որևէ բան չեն ասել»,- մանրամասնեց նա:
Ի դեպ, արձանի հեղինակը Նուռն է (Արման Դավթյան): Այն բացվել էր 2013 թվականի ապրիլին:
Հիշեցնենք, որ երեկ էլ տեղեկացրել էինք, որ գողացել են Տիկնիկային թատրոնի մուտքի մոտ տեղադրված զանգը:
«Դիմել ենք ոստիկանություն»,- ֆեյսբուքյան էջում հայտնել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: