Իրավիճակը դեռ կբարդանա. կառավարությունը գնում է դեպքերի զարգացման հետևից

Հայաստանի բեռնափոխադրողները, արդեն մի քանի ամիս է, ինչ կանգնած են լուրջ դժվարությունների առաջ՝ Վերին Լարսում ստեղծված ծանրաբեռնվածության պատճառով։ Շաբաթներ է տևում սահմանն անցնելը։

Իրավիճակը հրատապ լուծում է պահանջում, բայց լուծումը չի երևում։ Ընդհակառակը՝ առաջիկայում այն ավելի կբարդանա։

«Իրավիճակը Վերին Լարսում անհապաղ լուծում է պահանջում, քանի որ բեռնատար տրանսպորտային միջոցները ճանապարհի վրացական հատվածն անցնում են 20-30 օրում։

Իրավիճակն էլ ավելի կբարդանա՝ հաշվի առնելով, որ արդեն սկսվել է բերքի սեզոնը»,- խոստովանում է Վահան Քերոբյանը:

Եվ միայն այդքանը։ Իշխանությունները բավարարվում են արձանագրելով այն, ինչ կա, իսկ դրանից բեռնափոխադրողների հոգսերը բնավ չեն պակասում։

Խնդրին ինչ-որ լուծում տալու համար անցած շաբաթ էկոնոմիկայի նախարարը հանդիպումներ ունեցավ Վրաստանում։ Թվում էր, թե այդ հանդիպումների արդյունքում որոշակի պայմանավորվածություններ կլինեն։ Ի վերջո, խնդիրը հրատապ է, հատկապես գյուղմթերքների առաքումների սեզոնին։ Բայց ոչ մի արդյունք չկա։

Բեռնափոխադրողներն այսօր են բախվել դժվարությունների հետ, իսկ նախարարն ապագայից է խոսում։

«Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։ Ներկայումս օրական բաց է թողնվում միջինը 800-1000 բեռնատար ավտոմեքենա` օրական 400 ավտոմոբիլային միջոցի ընդհանուր անձնագրային հնարավորության պայմաններում»,- իր ռուս գործընկերոջ հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարեց Վահան Քերոբյանը։

Անցակետի թողունակության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, բայց դրանք դեռ կշարունակվեն, առնվազն ևս մի քանի ամիս։ Ակնկալվում է, որ կավարտվեն լավագույն դեպքում տարեվերջին մոտ։

Շինարարները խոստացել են աշխատանքները վերջացնել 2022թ. երրորդ եռամսյակում։ Այլ բան, այդպես կլինի՞, թե՞ ոչ։ Բայց եթե նույնիսկ այդպես լինի, դա այսօր բեռնափոխադրողների համար ոչ մի խնդիր չի լուծում։ Այսօրվա խնդիրները շարունակելու են պահպանվել դեռ մի քանի ամիս։

Թե դա գյուղմթերքների արտահանման այս սեզոնին ինչ հետևանքներ կարող է ունենալ, դժվար չէ պատկերացնել։ Որպես այլընտրանք Վերին Լարսին, կառավարությունն առայժմ մեկ լուծում է տեսնում՝ առաջարկում է լաստանավը։

Լաստանավային փոխադրումը նախատեսված է մեկնարկել հունիսի 15-ից։

Մասնավոր ընկերությունը, որը պիտի կազմակերպի լաստանավով հայկական բեռների տեղափոխումը, շաբաթական հազիվ կարողանա մեկ ուղերթ կատարել և տեղափոխել 50-ին մոտ ավտոմեքենա։ Վագոնների դեպքում, ավելի քիչ՝ շուրջ 40 վագոն։ Լաստանային փոխադրումների կազմակերպման ժամանակ յուրաքանչյուր երթի համար կառավարությունը պետական բյուջեից 60 մլն դրամ կվճարի՝ հայկական բեռները Փոթիից Պորտ Կավկազ հասցնելու համար։

Սա առաջին դեպքը չէ, երբ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները փորձ է արվում լուծել լաստանավային փոխադրումների միջոցով։ Նախկինում ևս նման փորձեր արվել են, իրականացվել են լաստանավային փոխադրումներ։ Կար ժամանակ, երբ իշխանությունները քննարկում էին նույնիսկ լաստանավ գնելու տարբերակը։ Բայց հետո հասկացան, որ լաստանավային փոխադրումներն այնքան էլ նպատակահարմար չեն բեռնափոխադրողների համար։

Ցամաքային փոխադրումներն անհամեմատ ձեռնտու են, քան ջրայինը, նույնիսկ կառավարության հայտարարած սուբսիդավորման պարագայում։ Ու կարող է այնպես ստացվել, որ վաղը լաստանավ սկսի աշխատել, իսկ բեռնափոխադրողները նպատակահարմար չհամարեն օգտվել դրանից։

Լաստանավային փոխադրումները, անշուշտ, ավելի թանկ են։ Բայց խնդիրը միայն գինը չէ։

Լաստանավով փոխադրումները շատ ավելի ժամանակատար են և միայն լաստանավի գնալ-գալու հետ չեն կապված։ Քիչ չեն խնդիրները մինչև բաց ծով դուրս գալը։ Դրանք ոչ միայն ժամանակ, այլև նյարդերի մեծ լարում են պահանջում։ Ու քչերն են, որ կարող են մտնել նման ծանրության տակ։

Կան ապրանքներ, որոնց տեղափոխումը լաստանավով գուցե և ձեռնտու է։ Բայց այդպիսի ապրանքների տեսականին շատ քիչ է։ Կարող են լինել, ասենք՝ հանքահումքային ապրանքները։ Գյուղմթերքի տեղափոխումն այդ ցանկում այնքան էլ չի տեղավորվում։ Թեև, ով գիտի, անճարությունից դրդված՝ գուցե մի մասը ստիպված լինի օգտվել լաստանավից։

Լաստանավը միանշանակ խնդրի լուծում չէ։ Բայց այս փուլում, երբ իշխանություններն ի վիճակի չեն այլ տարբերակներ գտնել Վերին Լարսում մեր բեռնափոխադրողների համար առաջացած դժվարությունները թեթևացնելու ուղղությամբ, սա գուցե և ինչ-որ չափով թեթևացնի իրավիճակը։ Թեև շատ ավելի նպատակահարմար կլիներ լուծումները փնտրել Լարսի անցակետում։ Ի վերջո, Հայաստանը հանդիսանում է Եվրասիական Միության անդամ, ու հատկապես նման իրավիճակներում պետք է որ որոշակի արտոնյալ հնարավորություններ ստանար՝ Միության տարածքում մատակարարումներ իրականացնելու և սահմանային անցակետն առանց ավելորդ քաշքշուկների հատելու ժամանակ։

Բայց, ինչպես տեսնում ենք, կառավարությունն այս առումով ոչ մի արդյունքի չի կարողանում հասնել։ Հույսները դրել են Լարսի անցակետի թողունակության ավելացման վրա։ Իսկ մինչ այդ մեր բեռնափոխադրողները շարունակում են զրկանքներ, նաև ֆինանսական ու բարոյական կորուստներ կրել՝ հայկական բեռների տեղափոխումն ապահովելու համար։

Սրա հետևանքներն արտահանման վրա առաջիկայում հավանաբար կտեսնենք։ Թեև արտահանողները բազում այլ խնդիրներ ևս ունեն, այդ թվում՝ ոչ միայն ազգային արժույթի ամրապնդմամբ, այլև՝ Վրաստանում բեռնատարների տարանցիկ ճանապարհներից օգտվելու վճարի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված։

Ճանապարհային վճարի 75 տոկոս թանկացման վերաբերյալ Վրաստանի կառավարության որոշումը կսկսի գործել արդեն այս ամսվա 20-ից։ Դա կլինի հերթական ֆինանսական բեռը, որը ստիպված են լինելու կրել առաջին փուլում՝ բեռնափոխադրողները, հետագայում էլ սպառողները՝ ապրանքների թանկացումների միջոցով։ Այդ ծախսերը, ի վերջո, դուրս են գալու՝ սպառողների, ինչ-որ տեղ՝ նաև տնտեսության գրպանից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս