Ժողովրդավարության «բեսեդկա»
«Հայկական ժողովրդավարությունը», որը Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն՝ մանիպուլյացնելով դարձրել է իբրև Հայաստանի բրենդ, որևէ աղերս չունի իրական ժողովրդավարության հետ։ Նիկոլ Փաշինյանը գուցե անկեղծորեն չի հասկանում դա, քանի որ որպես մակերեսային դատողություններ ունեցողի՝ նրա համար ժողովրդավարությունը միայն ընտրությունների օրը տեղի ունեցող ակտն է։ Իրականության մեջ ընտրական փուլը ժողովրդավարության տեսանելի, բայց մակերեսային արտահայտություն է։
Ժողովրդավարության բովանդակությունն արտահայտվում է առաջին հերթին ու առավելապես պետական կառավարման համակարգում կայացվող որոշումների գործընթացի մասնակցայնության աստիճանով, դրանում հակակշիռների ու փոխզսպումների համակարգերի առկայությամբ։
Այդ առումով, Հայաստանում բոլոր այդ համակարգերն առկա են, բայց միայն ձևականորեն։ Իշխանության թևերի տարանջատումն ունի զուտ ֆորմալ նշանակություն։ Գործող Ազգային ժողովը նորանկախ Հայաստանի պատմության ամենաանդեմ, ամենաանինտելեկտ ու ամենաանինքնուրույն խորհրդարանն է, ֆանտաստիկայի ժանրից է պատկերացնել, որ այն որևէ, անգամ ամենաաննշան հարցում կարող է հակառակվել Նիկոլ Փաշինյանի կամքին։
Իշխանության մյուս թևը՝ գործադիր իշխանությունը, անպարկեշտության աստիճանի կամակատարների հավաքածու է, դրանում ընդգրկված են հասուն տղամարդիկ, ովքեր ամեն հինգշաբթի աշակերտի պարտաճանաչությամբ ոտքի են կանգնում՝ թեկուզև ղեկավարի, այդուհանդերձ, մեկ այլ տղամարդու ներս մտնելիս, իսկ ոմանք նրա նկարի առաջ մեդիտացիաներ են կազմակերպում։
Իշխանության քիչ թե շատ ինքնուրույն թևը մնացել է (էր) դատական համակարգը, որը, սակայն, ամենօրյա փութաջանությամբ ենթարկեցվում է Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ Հայաստանում հետևողականորեն ու մեթոդաբար կայանում է անձնիշխանության կուռ համակարգ, որի մասնիկներն ընդամենն արտաքին տեսքի համար ապահովում են ժողովրդավարության պատրանքը։ Բովանդակային առումով բոլոր որոշումները կայացվում են մեկ մարդու կողմից ու մեկ մարդու կամքով, իսկ մնացած բոլոր համակարգերը զբաղված են այդ որոշումների իրագործմամբ։
Իհարկե, հնարավոր է՝ ինչ-ինչ հարցերում Նիկոլ Փաշինյանը խորհրդակցում է իր շատ նեղ թիմակիցներից մի քանիսի հետ, բայց նրանց թիվը լավագույն դեպքում կարող է հաշվվել մեկ ձեռքի մատներով։ Հետևաբար՝ իրականում Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ կառավարական ամառանոցում գտնվող «ժողովրդավարության տաղավար», որում լավագույն դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է հավաքել իր մի քանի թիմակցի և երկրի համար կենսական որոշումներ կայացնել։
Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամն ունի շատ խորն արմատներ և պայմանավորված չէ միայն Նիկոլ Փաշինյանի անձով, թեև վերջինս շատ մեծ դերակատարում ունի պետության հակադեմոկրատական կերպի ձևավորման գործում։
Ավելի խորքային հարթությունում ժողովրդավարության, իրական ժողովրդավարության բացակայության աղբյուրը քաղաքական կուսակցություններում ժողովրդավարության չգոյությունն է։
Հայկական կուսակցությունների գերակշիռ մասը մեկ անձի շուրջ ձևավորված միավորներ են, որոնցում իսպառ բացակայում է ներքին ժողովրդավարությունը, կուսակցության մակարդակում որոշումները կայացվում են այդ անձի կողմից, իսկ մնացածը ծառայում են դրանց իրագործմանը։
Այսինքն՝ կուսակցությունների մեծ մասում գործում է անձնիշխանության այն նույն մոդելը, որը հաստատել է Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում։
Հայաստանի իրական ժողովրդավարացումը կարող է սկսվել միայն քաղաքական ուժերի ներքին ժողովրդավարացման միջոցով, սակայն այս պահին դրա անգամ մշուշոտ հեռանկարը չի երևակվում։
Իսկ դա նշանակում է, որ դեռ երկար ժամանակ Հայաստանը դատապարտված է լինելու «ժողովրդավարության բեսեդկայի» կարգավիճակին, որին աշխարհը՝ սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով, անվանելու է «ժողովրդավարության բաստիոն»։
Հարություն Ավետիսյան