Սա վտանգավոր հաղորդագրություն է, և չի բացառվում, որ դրան հաջորդեն այլ սահմանափակումներ. Թադևոս Ավետիսյան
ՀՀ հասանելիությունն ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է. այս մասին երեկ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Հիմա ստեղծված իրավիճակում մեր գործընկեր կենտրոնական բանկերը և բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են տալիս դոլարներ, որովհետև որոշակի տեսակետ կա, որ կարող է փոխանցվել ռուսական կողմին, ՌԴ քաղաքացիներին: Ուստի, մեր հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է, ու դրանով պայմանավորված՝ բանկերը ցուցաբերում են որոշակի վարքագիծ»,- ասուլիսում մեկնաբանել էր ԿԲ նախագահը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով այս հայտարարությանը՝ հիշեցնում է.
«Միջազգային գործնկերները, որոնք այդպիսի պատկերացումներ ունեն, լուրջ ֆինանսական կազմակերպություններ են, որոնք իրականացնում են ամենօրյա մոնիտորինգ և, ըստ էության, սուրճի բաժակ նայելով չէ այս պատկերացումը, հստակ փաստերով է հիմնված:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է այսօրվա իշխանությունների մանևրելու բնույթը։ Այսինքն՝ մի բան համաձայնեցնում են, մեկ այլ բան՝ անում, ինչն էլ անհետևանք չի մնում»:
Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ սա վտանգավոր հաղորդագրություն է, և չի բացառվում, որ դրան հաջորդեն այլ սահմանափակումներ:
Ընդդիմադիր գործիչն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ ՌԴ սանկցիաներից հետո որոշ բանկիրներ, որոնք օրվա իշխանությունների համար դոմինանտ կարգավիճակում են, գայթակղվել են ստեղծված իրավիճակով և փորձում են գերշահույթներ ստանալ՝ ռուսական կողմին փոխանցումներ կատարելով:
«Եվ երբ ԿԲ նախագահն արդեն ասում է, որ հասանելիության խնդիր կա, և մեզ զգուշավոր են դոլար տալիս, որպեսզի առիթից չօգտվենք, չի բացառվում, որ նախազգուշական միջոցներին կհաջորդեն կոնկրետ որոշակի պատժամիջոցները: Այս անկուշտները, վստահություն ունեմ, դրանից չեն խրատվելու, և ֆինանսական համակարգը մտցնելու են պատժամիջոցների մեջ»,- հավելեց նա:
Անդրադառնալով ԿԲ նախագահից իշխանական տարբեր շրջանակների ակնկալիքներին՝ տնտեսագետը նշեց, որ թեև ԿԲ խնդիրը գնաճի զսպումն է, սակայն առկա ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ գումարվում են այլ պահանջներ ևս.
«Իշխանությունը շահագրգռված է, որ գոնե այս ընթացքում մաքսիմում զսպվի գնաճը, որ չառաջացնի սոցիալական ցնցումներ. պարտադրում են ԿԲ-ին, որ ողջ ծավալով զսպի: ԿԲ տիրույթում միակ բանը, որ մնացել է, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, որն արդեն իսկ բավականին բարձր նիշով է սահմանված:
Ի դեպ, արտարժույթի սահմանափակման պարագայում, կարծում եմ, ԿԲ-ն իրականացնում է նաև պետական ռեզերվներից ինտերվենցիա»:
Այդուհանդերձ, Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունն այսօր էապես ապախթանում է տնտեսությունը և հատկապես վնասում է արտահանմանը, ՏՏ ոլորտը. այդ ոլորտներն այս փոխարժեքի պարագայում կարող են դառնալ ոչ շահութաբեր: