«Դու, քննիչ, քո աշխատասենյակում նստած, ինչպե՞ս ես որոշում՝ Նիկոլ Փաշինյանը «թուրք» բառից շա՞տ է վիրավորվում, թե՞ քիչ». Վահե Եփրիկյան

Կապիտուլյացիոն գիշերը Բագրատ Եսայանը մի խումբ անձանց հետ այցելել է «Ազատություն» ռադիոկայանի շենք: Քննիչները սա որակում են զանգվածային անկարգություն, մինչդեռ Բագրատ Եսայանի կողմից հանցանք կատարելու մասին ոչ մի փաստական տվյալ չկա: Տեսագրություններն առկա են:

Այս մասին 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը՝ պատասխանելով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին առաջադրված մեղադրանքի էությանը:

«Ոչ վնասել են, ոչ ապակի ու դուռ են կոտրել: Ցավոք, ՀՀ 3-րդ Հանրապետության պատմության մեջ զանգվածային անկարգություններ եղել են: Օրինակ, 2008թ. մարտի 1-ին՝ Մոլոտովի կոկտեյլներ, թալան, դռներ կոտրել և այլն: Հիմա, եթե Բագրատ Եսայանը գնացել էր զանգվածային անկարգության տրամաբանության մեջ, բա ապակեպատ դռները կարո՞ղ էին կոտրել: Ոչինչ չեն արել: Որտեղի՞ց են վերցրել զանգվածային անկարգությունը»,- ասաց Վահե Եփրիկյանը:

Վերջինս իրավապահներին հարց է ուղղում:

«Եթե Բագրատ Եսայանը մտել է «Ազատություն» ռ/կ շենք, նրան զանգվածային անկարգության համար մեղադրանք եք առաջադրում, բա Նիկոլ Փաշինյանը որ մտել է Ռադիոտուն, ի՞նչ հանցակազմ է առաջադրվել… Ես ուզում եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ամենանախկին պաշտոնյային հարց տալ՝ պարոն Արթուր Դավթյան, Ձեր՝ գլխավոր դատախազ լինելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը մուտք է գործել Ռադիոտուն: Առերևույթ հանցագործություն այստեղ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ»,- ասում է փաստաբանը:

Ըստ նրա՝ անցնող 18 ամիսների ընթացքում Բագրատ Եսայանն այս գործով մեկ անգամ է հրավիրվել, հարցաքննվել, մեկ անգամ էլ Եսայանն ինքն է ներկայացել:

«Մի օր Բագրատ Եսայանը, տանը նստած, հեռուստացույցով տեսնում է, որ ինքը փնտրվում է: Հաջորդ օրը գնում, ներկայանում է Ազգային անվտանգության ծառայություն, մտնում քննիչի սենյակ ու ասում՝ հարգելի քննիչ, Դուք ինձ փնտրո՞ւմ եք, ես կորա՞ծ էի, ի՞նչ հարցեր ունեք… Բնականաբար, որևէ գործողություն չեն անում, Բագրատ Եսայանը գալիս է տուն: Անցնում է 1 տարի 8 ամիս, Բագրատ Եսայանին գալիս են, աշխատասենյակից ձերբակալում ու ներկայացնում կալանքի»,- ասաց Վահե Եփրիկյանը:

Պաշտպանի խոսքով՝ Բագրատ Եսայանի գործով քննչական խումբը բաղկացած է 44 քննիչից:

«Կալանքի երեք հիմքերից ոչ մեկով քննիչն ապացույց չէր բերել դատարան, բայց ներկայացնում էր կալանքի միջնորդություն: Դատախազը չէր ներկայացել»,- ասաց Վահե Եփրիկյանը:

Անդրադառնալով ծանր վիրավորանքի հանցակազմի ապաքրեականացմանը և նոր Քրեական օրենսգրքում այն չընդգրկելուն, փաստաբանն ասաց՝ 137.1-ի ողջ պրոբլեմն այն է, որ այդ հոդվածը հակասահմանադրական է, այդ հանցակազմը սահմանվել է օրենքի խախտմամբ:

«Ծանր վիրավորանքի 3 գործով մեղադրյալ եմ: Ես կյանքում երևի 3 անգամ եմ հրապարակային հայհոյել, 3-ն էլ՝ Նիկոլ Փաշինյանին: Չեմ փոշմանում: Փոշմանում եմ, որ հայհոյել եմ, որովհետև ելնելով իմ դաստիարակությունից ու այլ հանգամանքներից՝ չեմ ողջունում այդ պահվածքը, մարդը պետք է զսպվածություն ցուցաբերի, բայց երբ դու արթնանում ես ու տեսնում, որ քո պետության 75%-ը չկա, քո ընկերներից 5-6000 մարդ չկա, երբ հասկանում ես, որ հայրենիքիցդ մի կտոր տարել են ոչ թե կրակոցով, այլ ստորագրությամբ, դա չի նշանակում, որ եթե դու չես հայհոյում, ուրեմն զուսպ ես, կամ նյարդերդ պինդ են»,- նշեց Վահե Եփրիկյանը:

Ինչ վերաբերում է հոդվածի իրավաբանական մասին, Վահե Եփրիկյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնքան հայհոյված իշխանություն է, որ հայհոյված չլինելու համար քրեականացնում է իրեն հայհոյելը:

«Ատելության խոսքն ու հայհոյանքը մեր հանրային դիսկուրս բերել են իրենք: Իրենք են հանրությունը բաժանել սևի ու սպիտակի, հեղափոխականի ու հակահեղափոխականի: Մեր հանրության մեջ նախկինում այդ ջրբաժանը և ատելությունը չեն եղել: Երկու եղբայր քաղաքական հայացքների համար իրար փոր չեն թափել»,- նշեց Վահե Եփրիկյանը:

Նրա խոսքով՝ ինքը չի կարող հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանը թուրք բառից վիրավորվո՞ւմ է, թե՞ չէ:

«Էն դեպքում, երբ Հ1-ի եթերում Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ոչինչ, որ մեզ ասում են թուրք: «Սյունյաց ողջույնից» հետո ասում է՝ ոչինչ, որ մեզ հայհոյում են: Հիմա դա առնվազն նորմալ է այդ մարդու համար: Երբեք ոչ մի եթերում դուք չեք լսի, որ ես ասեմ՝ նորմալ է, երբ ինձ հայհոյում են: Ինձ եթե ինչ-որ մեկը հայհոյի, նորմալ չէ, այդ մարդու համար դա նորմալ է: Հիմա դու, քննիչ, քո աշխատասենյակում նստած, ինչպե՞ս ես որոշում՝ Նիկոլ Փաշինյանը «թուրք» բառից շա՞տ է վիրավորվում, թե՞ քիչ, եթե թիվ մեկ ադրբեջանցին կամ թուրքը նրան ասում է՝ «Նոլդու, Փաշինյան», ինքը չի վիրավորվում: Քննիչ ջան, դու ինչո՞ւ ես Նիկոլից ավելի Նիկոլ»,- ասաց Վահե Եփրիկյանը:

Փաստաբանի խոսքով՝ հանրությունը պարտավոր չէ լինել քաղաքականապես զուսպ:

«Ընդդիմությանն այսօր դեռ հաջողվում է մարդկանց ցասումը պահել կառավարելիության շրջանակներում: Կարող է մենք գանք մի հանգրվանի, որ Նիկոլ Փաշինյանին մարդիկ ուղղակի քառատեն: Որոհետև բոլորը վարչապետ են և իրավունք ունեն իրենց կողքի վարչապետին պատժել»,- ասաց Վահե Եփրիկյանը:

Դիտարկմանը՝ չհնչեցնել բռնության կոչեր, պաշտպանը նկատեց՝ ինքը բռնության կոչ չի անում, միայն զգուշացնում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս