Մեր վարելահողերի կեսը չենք օգտագործում, անընդհատ մտածում ենք դրսից ներկրելու մասին. Մենք հույսը մեզ վրա պետք է դնենք». Գառնիկ Պետրոսյան
Հացահատիկի գներն ամբողջ աշխարհում շարունակում են աճել: Թռչնաբույծների խոսքով՝ կերի գնի թանկացման, ներկրման դժվարացման պատճառով ընկերությունները դժվարությունների առջև են կանգնում, անգամ փակվելու վտանգ կա:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի փոխանցմամբ՝ եթե առաջ 1 տոննա ցորենը բերում էին 210 դոլարով, ապա հիմա 1 տոննա ցորենի գինը կրկնակի թանկացել է՝ դարձել 430-440 դոլար:
«Ցորենի գինն էլ չի իջնում, մինչև նոր բերքահավաք՝ օգոստոս, սեպտեմբեր, չի իջնի: Պահանջարկը շատ մեծ է, պատկերացրեք՝ շուկայում բավականին թվով թռչնաֆաբրիկաներ դադարեցրել են գործունեությունը, որովհետև ֆուրաժը (կեր) հիմնականում ստանում էին Ռուսաստանից: Մենք այստեղ եգիպտացորեն, սոյա չունենք, ամբողջությամբ դրսից ենք բերում, գարին քիչ է, հետո էլ մեզ չի փրկում դա»,- մեզ հետ զրույցում ասաց թռչնաբույծների միության նախագահը:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի փոխանցմամբ էլ. «Միշտ ասել եմ, որ մենք գարնանացան հացահատիկի, մասնավորապես՝ գարու սերմացուի խնդիր ունենք հանրապետությունում: Դա անցած տարվա երաշտով էր պայմանավորված: Որևէ քայլ չարվեց, բնականաբար, գարնանացան գարու ցանքատարածքներն էականորեն կրճատվել են, և դա չի կարող չազդել հատիկային կերերի արտադրության վրա: Ինչ վերաբերում է գների բարձրացմանը, ապա մենք մեր հնարավորությունները բաց ենք թողնում: Մեր վարելահողերի կեսը չենք օգտագործում, անընդհատ մտածում ենք դրսից ներկրելու մասին: Այդ ո՞վ է հացահատիկ արտադրելու և մատչելի գներով մատակարարելու: Մենք հույսը մեզ վրա պետք է դնենք»:
Նշենք, որ ՄԱԿ-ը ցանկանում է «փաթեթային» տարբերակով լուծել հացահատիկի խնդիրը՝ զուգահեռաբար արտահանել ուկրաինական հացահատիկ և ապահովել ռուսականի արտահանումը։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Թոմսոն Փիրին, Ուկրաինայի իրադրությունը կարող է հանգեցնել սովի և աշխարհում պարենի գների աճին: Նրա խոսքով՝ Ուկրաինային և Ռուսաստանին բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտահանման 30 %-ը, եգիպտացորենի համաշխարհային արտահանման` 20, և արևածաղկի մատակարարումների՝ 76 %-ը, ուստի արտադրության կամ մատակարարման ցանկացած խափանում կարող են հանգեցնել գների աճի:
Էկոնոմիկայի նախարարությունից էլ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ Հայաստանը լուծել է Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի մատակարարման հարցերը։ Ավելին, Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի արտահանման ժամանակավոր արգելքն այլևս չի տարածվում Հայաստանի վրա։
Գերատեսչությունը հավաստիացնում է, որ Հայաստան հացահատիկային մշակաբույսերի մատակարարման գործընթացը շարունակական բնույթ է կրում։ Էկոնոմիկայի նախարարությունը բացառում է երկրում դրանց դեֆիցիտը մոտակա ժամանակներում։
Դրա հետ մեկտեղ՝ նախարարությունը հիշեցրել էր, որ ներկրողները որոշ խնդիրների են բախվում. օրինակ, «Վերին Լարս» (ռուս-վրացական սահման) անցակետում բեռնատարների երկար հերթերի հետ կապված՝ մաքսային անցակետի սահմանափակ թողունակության պատճառով: Եվս մեկ խնդիր է նոր մատակարարների որոնումը՝ այն ապրանքների ներմուծման համար, որոնք նախկինում մեր երկիր ներկրվում էին Ուկրաինայից։ Պաշտոնական տվյալներով՝ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը Ռուսաստանից տարեկան ներկրում է 369.2 հազար տոննա հացահատիկ, որից ցորեն՝ 291.4 հազար տոննա, գարի՝ 21.5 հազար տոննա, եգիպտացորեն՝ 56.3 հազար տոննա:
Ընդ որում՝ ՀՀ-ում հացահատիկի սպառման միջին տարեկան պահանջարկը կազմում է 527.0 հազար տոննա, որից ցորեն՝ 385.0 հազար տոննա, գարի՝ 70.0 հազար տոննա, եգիպտացորեն՝ 72.0 հազար տոննա: 2021 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծված ընդհանուր 367.9 հազար տոննա հացահատիկից 359.7 հազար տոննան կամ շուրջ 97.8 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանի Դաշնությանը: Դրանում ցորենի մասնաբաժինը կազմում է 268․1 հազար տոննա, գարին՝ 34․4 հազար տոննա, եգիպտացորենը՝ 57,2 հազար տոննա։