Բնակարանների և ավտոմեքենաների անկանխիկ առքի և վաճառքի միակ խնդիրն այն է, որ հետագայում բարձր միջնորդավճար չլինի. մասնագետներ
Կանխիկ գումարով գործարքների շրջանառության կրճատումը Կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է. Կառավարության հունիսի 2-ի հերթական նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ մեր նպատակադրումը և պլանավորումն այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառք կանխիկ գումարով հնարավոր չի լինելու իրականացնել։ Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։ Իհարկե, մենք ենթաօրենսդրական ակտերով պետք է այս ամենը ապահովենք»,- ասել է Փաշինյանը։
«Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովի գնահատմամբ՝ այսպես ռիսկերն են քիչ լինելու, խուսափելու են մի շարք տհաճ իրավիճակներից:
«Օրինակ, արտասահմանից մեր հայ գնորդները որ գալիս են, երբ սեփականատերն ասում է՝ չէ, ինձ կանխիկ տվեք գումարը, զարմանում են: Կանխիկն ահավոր տգեղ երևույթ էր: Պատկերացրեք, պայմանավորվում եք նոտարի մոտ հանդիպել, մի քանի մարզված տղայի հետ են գալիս, իսկ այս դեպքում փոխանցումը լինում է, վերջ, գործարքը կատարված է:
Սկզբում պետք է շուկային հարմարվենք: Միակ խնդիրն այն է, որ հետագայում բարձր միջնորդավճար չլինի, քանի որ օրենքն ընդունելուց հետո փոխանցումները շատ են լինելու: Այսինքն, իմ հաշվից ձեր հաշիվ փոխանցման դեպքում աստվածային թվեր չուզեն: Այնպես չլինի, որ 40 միլիոն դրամով գնեմ ձեր բնակարանը, փոխանցեմ ձեր հաշվին, ու 200.000 կամ 500.000 դրամի չափով գումար պահեն: Հա, կարող է լինել 4000-5000 դրամ, բայց ոչ ավելին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Հարությունովը:
Անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրենի կարծիքով՝ այս որոշումը կօգնի լուծել մեկ այլ խնդիր՝ շուկան պետք է փոխվի:
«Օրենքով առք ու վաճառքը պետք է մեզ մոտ դրամով արվի, սակայն նայեք, ամեն ինչի գինը դոլարով է դրված, իսկ հիփոթեքը դրամով է: Հիմա միջնորդավճար, կան բանկեր, որ չեն ուզում, եթե, օրինակ, նույն բանկում են կողմերի հաշվեհամարները: Բայց այսպիսի խնդիր կա. բանկերը կանխիկացման փող են պահում, տեղեր կան՝ 1 տոկոսից ավելի:
Դոլարի կուրսը երբ սկսեց բարձրանալ, հետո իջնել, տեղեր կային՝ մոտ 2 տոկոս էին պահում»:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ևս մեզ հետ զրույցում ընդգծեց՝ գործարքներ կատարելիս բնակչության մոտ լրացուցիչ ծախս է առաջանալու:
«Գաղտնիք չէ, որ մարդիկ պայմանավորվում են դոլարով՝ անշարժ գույքը կամ ավտոմեքենան վաճառելիս, և եթե բանկով փոխանցում կատարեն՝ դոլարը պետք է սարքեն դրամ, այս դեպքում բանկը 1-2 դրամի չափով միջնորդավճար ամեն դոլարի հաշվով պահելու է: Հնարավոր է՝ բանկերը օգտվեն ստեղծված իրավիճակից, միջնորդավճարն ավելի մեծացնեն: Մի խնդիր էլ կա. հնարավոր է՝ մարդիկ առք ու վաճառքի գործարքները թաքցնեն կամ վերափոխեն նվիրատվության և շրջանցեն օրենքը: Կամ, եթե մեքենան տանես անվանափոխելու, գրանցելու, ավտոտեսուչը չի խորանալու՝ տեսնի՝ կանխի՞կ ես գումարը տվել, թե՞ անկանխիկ, և գրանցելու են գործարքները: Բացի այդ, երբ Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ անկանխիկ գործարքները կարող են առոչինչ համարվել, ասեմ, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով նման դրույթ չկա»,- նշեց տնտեսագետը: