Ի վերջո, մեր սերունդը հնարավորինս պետք է ճանաչի իր թշնամուն. Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի պարզաբանումը՝ աշխարհագրության դասին Ադրբեջանին ու Թուրքիային անդրադառնալու մասին

Մայիսի 31-ին սոցիալական ցանցերում տարածվեցին Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշխարհագրության դասաժամին արված լուսանկարները, որտեղ  պատկերված է, թե ինչպես են աշակերտները ներկայացնում տարբեր երկրների մշակույթն ու որոշակի տեղեկություն՝ ազգային սովորույթների, խոհանոցի վերաբերյալ:  Այդ  երկրների թվում են եղել նաև Ադրբեջանն ու Թուրքիան, ինչն արժանացել է հասարակության քննադատությանը:

«Հայաստանի Հանրապետություն, մեր օրեր, Սևանի թիվ 4 հիմնական դպրոցում աշխարհագրություն առարկայից ցերեկույթ՝ «Մեր հարևանների կերակրատեսակները» թեմայով: Մեկնաբանություններն ավելորդ են: Երևի սա վերջն է: Ափսոս էին տղերքը»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից Արտակ Ավետիսյանը:

«Ամոթ, հազար ամոթ… թշնամի երկրում արդեն մանկապարտեզից ատելություն են սերմանում հայերի նկատմամբ, իսկ դո՞ւք»,- հավելել է Սիլվա Աշուղյան անունով մեկ այլ օգտատեր:

Սևանի թիվ 4 հիմնական դպրոցը ֆեյսբուքյան էջում այսօր հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ մասնավորապես նշված է. «Սևանի N4 հիմնական դպրոցում 30․05․2022թ-ին անցկացվել է կիսամյակային ամփոփիչ ԴԱՍ՝ նախագծային անհատական աշխատանք՝ 8-րդ Ա և Բ դասարանների աշակերտների մասնակցությամբ։ Ի գիտություն անտեղյակների՝ աշխարհագրության հանրակրթական դասագրքերում ներկայացված են հարևան երկրները՝ այդ թվում նաև շահարկվող երկու երկրները։ Ծրագրի շրջանակներում աշակերտները ուսումնասիրում են երկրների և՛ աշխարհագրական առանձնահատկությունները, և՛ մշակույթը, և՛ պատմությունը, և՛ ավանդույթները։ Ի վերջո մեր սերունդը հնարավորինս պետք է ճանաչի իր թշնամուն․․․»:

Սևանի N4 հիմնական դպրոցը շեշտում է՝  հայրենասիրության և ազգասիրության թեման միշտ էլ եղել է կարևորագույն և առաջնահերթ խնդիր։

«Ժամանակակից մարդու ճիշտ դաստիարակությունը երկրի ապագայի կերտման կարևոր գրավականն է։

Այս լույսի տակ էլ անց է կացվել Սևանի N4 հիմնական դպրոցի աշխարհագրության վերջին դասը 8-րդ դասարանում, որտեղ երեխաներն ամփոփում էին իրենց ստացած խոր ու կայուն գիտելիքները։ Յուրաքանչյուր երեխա ներկայացնում էր վիճակահանությամբ իրեն բաժին հասած, ուսումնական պլանով (գիրքը հրապարակվել է 2014 թ.) իրենց անցած պետություններից որևէ մեկը, այդ թվում` մեր հարևան երկրները։ Աշակերտուհին` պրպտող, բանիմաց ու պարտաճանաչ, ինքնուրույն ուսումնասիրել է Ադրբեջանի տնտեսությունը, ինչպես նաև քառօրյա և 44-օրյա պատերազմում այդ պետության վարած ագրեսիվ ու ոչ մարդկային քաղաքականությունը: Ճիշտ չէ՞ արդյոք մոտիկից ծանոթ լինել ոչ բարեկամ պետության տնտեսությանը։ Պաստառի վրա ներկայացված նյութերը ունեցել են զուտ ճանաչողական նշանակություն»,- նշված է դպրոցի տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս