Ոստիկանության այս տարվա բյուջեն կազմել է 67.3 միլիարդ դրամ. փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
«Ոստիկանության հաշվետու տարվա բյուջեի ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 67.3 միլիարդ դրամ: Ընդհանուր հատկացումներում ընթացիկ ծախսերը կազմել են 64.4 միլիարդ դրամ՝ պահպանելով 2020 թվականի մակարդակը»,- ԱԺ-ում ասել է փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ կապիտալ ծախսերը 2.9 միլիարդ դրամ են՝ 2020 թվականի 600 միլիոն դրամից ավելի 2,3 միլիարդ դրամով: Կապիտալ ծախսերի գծով հատկացումների տվյալ աճը հիմնականում պայմանավորված է Երևանում ոստիկանության նոր պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման համար գույքի, սարքավորումների, ավտոտրանսպորտային միջոցների, սպառազինության, շենք-շինությունների կապիտալ վերանորոգման, կառուցման ծախսերի նախատեսման հանգամանքով:
Հաշվետու տարում ծախսվել է 66.2 միլիարդ դրամ կամ ընդամենը հատկացումների 98.6 տոկոսը:
«Ոստիկանության ծառայողների հաշվետու տարվա միջին ամսական աշխատավարձը՝ ներառյալ պարգևատրումները, կազմել է 283.000 դրամ՝ ըստ էության պահպանելով 2019, 2020թթ. տվյալ ցուցանիշի մակարդակը: Հաշվետու տարվա ծախսերի մակարդակում ոչ ֆինանսական ակտիվների գծով կապիտալ ծախսերի մասնաբաժինը կազմել է 2 միլիարդ 836 միլիոն դրամ կամ ամբողջի 4.3 տոկոսը:
Ոչ ֆինանսական ակտիվների ծախսերի գծով կատարողականը կազմել է 97.52 տոկոս: Ընդամենը 66 միլիարդ 200 միլիոն դրամ հատկացումներում սոցիալական բնույթ ունեցող և գնում չհանդիսացող ծախսերը կազմում են 50 միլիարդ 800 միլիոն դրամ»,- Ոստիկանության բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասել է Վարդան Մովսիսյանը:
Փոխոստիկանապետը նշել է, որ հաշվետու տարում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 14.3 տոկոսով, ինչը, նրա խոսքով, պայմանավորված է գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, խարդախությունների, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թվի աճով:
«Գրանցված 30.240 դեպքերից 84.1 տոկոսը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ: Հաշվի առնելով, որ Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունն ունի աճի միտում, դրանց հայտնաբերման ուղղությամբ իրականացված ծավալուն աշխատանքների արդյունքում ագրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 751 միավոր հրազեն, ինչպես նաև 98 հազար 934 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու սառը զենք: Որպես դրական ցուցանիշ՝ պետք է նշել, որ 11.4 տոկոսով աճել է նաև զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը: 2021թ. ընթացքում 11.7 տոկոսով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը: Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 529 դեպք: 2022թ.առաջին եռամսյակի ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել է 86.8 տոկոսով ավելի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 950 դեպք, որից 42.4 տոկոսն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: Կոռուպցիոն հանցագործություններից 237-ը կաշառակերության դեպքեր են, 129-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 113-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 271-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 50-ը՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու և այլն»,- մանրամասնել է փոխոստիկանապետը:
Վարդան Մովսիսյանը նշել է՝ օպերատիվ-հեռախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է պետությանը ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած շուրջ 45 միլիարդ 570 միլիոն ՀՀ դրամի և 6 միլիոն 825.000 ԱՄՆ դոլարի վնաս:
Անդրադարձել է նաև 2021-2026թթ. բարեփոխումների իրականացման ընթացքին:
Ասել է՝ Կոտայք, Գեղարքունիք, Տավուշի, ագածոտնի մարզերում պարեկային ծառայության ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար դիմել է 1498 անձ, 665-ը՝ ոստիկանության ծառայող: