Բանկերից արտահոսք է եղել
Ռուս-ուկրաինական հակամարտությանը բավական զգայուն է արձագանքել նաև Հայաստանի բանկային համակարգը։ Հակամարտության մեկնարկից հետո տեղի է ունեցել բանկային կապիտալի արտահոսք, ինչն արտահայտվել է խնայողությունների կրճատման տեսքով։
Մարտին, պաշտոնական տվյալներով, բանկային խնայողությունները նվազել են 68 մլրդ դրամով։
Սա համարժեք է 130-135 մլն դոլարի։
Շա՞տ է, թե՞ քիչ, այլ հարց է։ Բայց նման ծավալի շեղումներ բանկային համակարգում միշտ չէ, որ լինում են։ Այդպիսի երևույթները բնորոշ են անկայուն իրավիճակներին։
Նվազել են՝ ինչպես ոչ ռեզիդենտների, այնպես էլ՝ ռեզիդենտների բանկային խնայողությունները։
Ռուս-ուկրաինական հակարմարտության և Ռուսաստանի տնտեսության նկատմամբ ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից կիրառված համատարած պատժամիջոցների հետևանքով ֆինանսական շուկայում սկզբնական փուլում ի հայտ եկած անկայունությունը ստիպել է շատերին բանկերից հանել իրենց խնայողությունները։ Այդպես են վարվել ոչ միայն տնտեսական հատվածի մասնակիցներն ու իրավաբանական անձինք, այլև քաղաքացիները։
Բնակչության բանկային խնայողությունները տարեսկզբի առաջին 3 ամիսներին կրճատվել են 13 մլրդ դրամով։
Եթե անցած տարվա վերջին դրանք, պաշտոնական տվյալներով, հասնում էին 1 տրիլիոն 909 մլրդ դրամի, ապա այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1 տրիլիոն 896 մլրդ դրամ։
Թե ինչո՞ւ են կրճատվել բանկային խնայողությունները, պատճառները կարող են տարբեր լինել։ Ենթադրվում է, որ քաղաքացիների մի մասը բանկերից հանել են իրենց գումարները՝ ծախսեր անելու համար։ Կյանքը Հայաստանում թանկանում է, գները համատարած բարձրանում են, իսկ մարդկանց եկամուտները համարժեք չեն ավելանում։
Դա էլ, ըստ էության, ազդել է բանկային խնայողությունների կրճատման վրա։
Ազդել են նաև ձևավորված սպասումները։ Ֆինանսական համակարգում ի հայտ եկած ռիսկերի հետևանքով, տեղի է ունեցել բանկային կապիտալի արտահոսք։
Արտահոսքը նկատվել է մարտին, երբ ֆինանսական շուկան ցնցվեց ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով։ Այդ ամսին նվազել են՝ ինչպես ընդհանրապես բանկային խնայողությունները, այնպես էլ՝ բնակչության խնայողությունները։
Բնակչության ավանդները կրճատվել են ավելի քան 34 մլրդ դրամով կամ 65-70 մլն դոլարով։
Դա արտահայտվել է թե՛ դրամային, թե՛ տարադրամային խնայողությունների դեպքում։
Արժութային շուկայի անկայունության պայմաններում դրամային խնայողությունների փախուստը հասկանալի է։ Բայց, երբ նույն կերպ են արձագանքում նաև տարադրամային խնայողությունները, դա բոլորովին այլ խնդիր է և քիչ կապ ունի արժութային շուկայի անկայունության ու ազգային արժույթի արժեզրկման հետ։
Մարտին բնակչության դրամային խնայողությունները կրճատվել են ավելի քան 15 մլրդ դրամով։
Տարադրամային խնայողությունները նույն ամսին նվազել են 18 մլրդ դրամով։
Բայց եթե հաշվի առնենք, որ այդ ամսին դրամը գտնվում էր արժեզրկված վիճակում, ապա տարբերությունն ավելի մեծ կլինի։ Չնայած 18 միլիարդն էլ փոքր չէ։
Դրա վրա, բնականաբար, ազդել են մարդկանց մտավախությունները ֆինանսական համակարգի նկատմամբ։ Այդ շրջանում անորոշություններն ու լարվածությունը չափազանց մեծ էր, ինչն էլ ստիպել է անվտանգության և այլ նկատառումներից ելնելով՝ հանել խնայողությունները բանկերից։
Բանկային ավանդների նկատմամբ մտահոգություններ են ունեցել՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ այլ երկրների ռեզիդենտները։ Նրանք ևս հանել են իրենց գումարները։
Ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի բանկային համակարգում ներդրված ավանդները մարտի անկայունության շրջանում կրճատվել են 46 մլրդ դրամով։ Այն համարժեք է 90-95 մլն դոլարի։
Հայաստանյան ռեզիդենտների դեպքում արտահոսքը համեմատաբար փոքր է եղել, բայց եղել է։ Մարտին՝ փետրվարի նկատմամբ, ֆիզիկական ու իրավաբանական անձանց ավանդները կրճատվել են 22 մլրդ դրամով։ Դա, ինչպես նշեցինք, տեղի է ունեցել բացառապես բնակչության ավանդային գումարների կրճատման տեսքով։
Վերջին տվյալներով, ոչ ռեզիդենտների խնայողությունները Հայաստանի բանկային համակարգում կազմում են 825 մլրդ դրամ։ Եթե սա վերածենք դոլարի, ապա կստացվի 1,6 մլրդ դոլարից ավելի։
Եվս 3 տրիլիոն 157 մլրդ դրամ կամ 6,2 մլրդ դոլար են կազմում ռեզիդենտների ավանդները։ Դրանից 1 տրիլիոն 909 մլրդ դրամը բնակչությանն է, մյուսը՝ իրավաբանական անձանց։
Բնակչության բանկային խնայողությունները, որոնք հասնում են գրեթե 3,7-3,8 մլրդ դոլարի, տարեսկզբի 3 ամիսներին նվազել են։ Նվազել են հատկապես դրամով պահվող խնայողությունները։
Անցած տարվա վերջին դրանք 957 միլիարդի կարգի էին։ Այս տարվա ապրիլի սկզբի դրությամբ կազմել են 927 միլիարդ։ Նվազել են 30 մլրդ դրամով։
Դրամի փոխարեն բանկերում ավանդ ունեցող քաղաքացիները նախապատվությունը տվել են արժութային խնայողություններին։ Դրանք տարեսկզբի համեմատ որոշ չափով ավելացել են և գերազանցել 969 մլրդ դրամը։
Թե ինչո՞ւ են արժութային խնայողություններն ավելացել, ի տարբերություն դրամայինի, հավանաբար հասկանալի է. կա վստահության խնդիր։
Սպասումները դրամի օգտին չեն եղել։ Դրա համար էլ տարեսկզբին դրամային ավանդները կրճատվել են։
Չի բացառվում, որ բնակչության մի մասը նախընտրել է իր դրամային խնայողությունները փոխարկել տարադրամի՝ ապահովագրելու արժեզրկման հավանականությունից։ Թեև, ինչպես ցույց տվեցին արժութային շուկայի հետագա դրսևորումները, այդպիսիք ոչ թե շահել, այլ տուժել են՝ մարտի արժեզրկմանը հաջորդած դրամի արժևորման պատճառով։
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ տարադրամի գներն արժութային շուկայում բավականաչափ նվազել են։ Դրանք շատ ավելի ցածր են, քան մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը ու դրանից առաջ հաստատված գները։
Դրամի արժևորման արդյունքում ֆինանսական շուկայում լարվածությունը թուլացել է, բայց շարունակում է պահպանվել։ Չկա վստահություն, որ վաղը այն կրկին չի արժեզրկվի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ