Ոստիկանության մետրոպոլիտենի բաժնում անչափահասներին խոշտանգել են իրենց իրավունքներին տեր լինելու համար. Միքայել Շխիմյան

Մայիսի 17-ին Մետրոպոլիտենում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելու պահին Ոսստիկանության մետրոպոլիտենի բաժին բերման էին ենթարկվել 15 և 17 տարեկան երկու անչափահաս տղաներ, ուր վերջիններս ծեծի էին ենթարկվել:

Դեպքից երեք օր անց փաստաբաններ Միքայել Շխիմյանն ու Արթուր Պիվազյանը ստանձնել էին տղաների շահերի պաշտպանությունը: Ներկայացվել էր հանցագործության վերաբերյալ հաղորդում, քննիչի կողմից տրվել էր դատաբժշկի ուղեգիր, ֆիքսվել էին երեխաների կողմից ստացված մարմնական վնասվածքները:

Այսօր Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից երկու անչափահաս երեխաների ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործը, դրա հետագա նախաքննությունը շարունակելու նպատակով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ, երեխաներին շնորհվել է տուժողի կարգավիճակ։

168.am-ի հետ զրույցում Միքայել Շխիմյանն ասաց՝ Հատուկ քննչական ծառայության՝ Հակակոռուպցիոն կոմիտե դառնալուց հետո խոշտանգումների բլոկը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտ, և այդ պատճառով է գործը տեղափոխվել ԱԱԾ:

Մեր հարցին ի պատասխան՝ Միքայել Շխիմյանը նաև ասաց, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ կա, թե՞ ոչ, նշելով՝ հավանաբար առերես հարցաքննության ժամանակ կիմանան:

«Երեխաները հայտնել են՝ ովքեր են եղել իրենց խոշտանգողները, փոխանցել են տվյալները: Երեխաների վնասվածքները ֆիքսված են, եղել են դատաբժշկի մոտ, թեպետ դեռ եզրակացությունը չկա, սակայն պարզվել է, որ առնվազն արյունազեղումներ ունեցել են աչքերի տակ»,- ասաց խոշտանգված անչափահասների շահերի ներկայացուցիչը:

Ըստ Միքայել Շխիմյանի՝ երեխաները մետրոյում իրականացրել են խաղաղ անհնազանդության ակցիա: Ոստիկանները նրանց բերման են ենթարկել, տարել են ոստիկանության Մետրոպոլիտենի բաժին, որտեղ առգրավել են անչափահասների հեռախոսները:

«Երեխաներից մեկն ասել է՝ ես տիրապետում եմ իմ իրավունքներին, գիտեմ, որ զանգի իրավունք ունեմ, պետք է զանգեմ ծնողիս՝ տեղեկացնեմ, որ բերման եմ ենթարկվել, ու պահանջել է հեռախոսը: Այս ամենը լսել է տղաներին խոշտանգող ոստիկաններից մեկը, մտել է ներս, հոխորտացել նրանց վրա, թե՝ ինչ իրավունքներ ես հիմա այստեղ շահարկում: Խոսել է բավականին կոպիտ, «արա»-ով:

Տղաներից մեկը պահանջել է նորմալ խոսել, չգոռալ ու չհոխորտալ, ինչին արդեն հետևել են հայհոյանքներն ու ծեծը: Ընկերն է միջամտել, որ պաշտպանի, երկուսին էլ ծեծել են»,- ասաց Միքայել Շխիմյանը:

Նրա խոսքով՝ տղաների ծնողները բավականին շուտ են հասել, ու այդ ընթացքում խոշտանգող ոստիկանները փախել են, ու նրանց չեն կարողացել այդ պահին հայտնաբերել:

«Դեպքի հանգամանքները միայն երեխաների պատմածով չեն հաստատվում: Կան ականատես վկաներ՝ 3 հոգի, ովքեր նույնպես բերման ենթարկված են եղել: Չափահաս անձինք են, նրանք նույնպես տեսել են՝ ինչ է տեղի ունեցել: Նրանք նույնպես պետք է հարցաքննվեն: Ի դեպ, երեխաները պատմում են, որ բերման ենթարկված անձանցից մեկի ականջն էին պոկել ոստիկանները բերման ենթարկելիս, արյունոտ ականջով նույն սենյակում է նստած եղել, բժիշկները կարեր են դրել: Նա նույնպես պետք է ցուցմունք տա»,- ասաց խոշտանգված երեխաների շահերի ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս