«Տպավորություն կա, որ Փաշինյանն Ալիևի մամուլի խոսնակի դերն է կատարում». Սիրանուշ Սահակյանը՝ գերիների մասին Նիկոլ Փաշինյանի պատասխանի վերաբերյալ

Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկն այն է եղել, և ԵՄ-ի և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարված մեր հայրենակիցները պետք է վերադարձվեն: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մեր դիրքորոշումը նաև այդ է, և մենք փորձում ենք այդ հարցում մաքսիմալ ջանք գործադրել, որ օր առաջ խնդիրը լուծենք»,- ԱԺ-ում ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների, պատանդների վերադարձը, բայց Հայաստանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ:

«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, բոլոր պահվող անձինք, ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն»,- շեշտեց Փաշինյանը:

Նա նաև հայտարարեց, որ այս պահի դրությամբ՝ հաստատված 39 գերի ունենք Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվել ու հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո։

«Ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունն ու ճնշումն ապահովելն է, որ մեր քաղաքացիներն օր առաջ վերադառնան հայրենիք»,- շարունակել է Փաշինյանը՝ հավելելով, որ շատ են հնչում տեսակետներ, որ գերեվարված մեր հայրենակիցների հարցը պետք է նախապայման դարձնել քաղաքական պրոցեսների համար:

«Մեր դիրքորոշումը եղել ու մնում է այն, որ հումանիտար հարցերը քաղաքական հարցերի հետ պետք չէ կապել, դրանք առանձին հարց են, ընդհակառակը, երբ որ փոխկապակցվածության մեջ դնենք քաղաքական հարցերի հետ, մենք հարցի նշանակությունը ոչ թե կավելացնենք, այլ կնվազեցնենք»,- եզրափակել է Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նկատեց.

«Այո, ունենք 39 հաստատված գերի, սակայն Նիկոլ Փաշինյանի այս ձևակերպումը խնդրահարույց է այն առումով, որ ներկայացվում են միայն Ադրբեջանի կողմից պաշտոնականացված տվյալները, որը միջազգայնորեն հաստատում է նաև Ադրբեջանը: Բայց Հայաստանի իշխանությունները պետք է խոսեն Հայաստանի կողմից տիրապետվող թվերի մասին և իրենց պաշտոնական տեղեկությունները հանրայնացնեն, իսկ պաշտոնական հայկական կողմի տվյալներով՝ գերեվարման դեպքերն ավելին են, քան հաստատված 39-ը: Առնվազն 80 անձինք, հիմնականում՝ զինվորականներ, գերեվարվել են, և այդ փաստերն ապացուցվել են նաև տեսանյութերով, սակայն անհասկանալի պայմաններում Հայաստանի ղեկավարը խոսում է միայն Ադրբեջանի թվերի մասին, և դրանք ի վնաս ՀՀ քաղաքացիների են: Տպավորություն կա, որ Փաշինյանը Ալիևի մամուլի խոսնակի դերն է կատարում»:

Սիրանուշ Սահակյանը պնդում է՝ Հայաստանի ղեկավարը պետք է խոսի Հայաստանի հատուկ ծառայությունների, քննչական մարմինների, իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային դատական ատյաններում Կառավարությանը ներկայացնող գրասենյակ ներկայացրած տվյալների մասին և պետք է միջազգայնացնի հենց այդ տվյալները:

«Չափազանց ուշացած է գերիներին վերադարձնելու միջազգային ճնշման մասին այսօր խոսելը: Երբ Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո տարածքները վերադարձվեցին, բայց հաստատված գերիները չհայրենադարձվեցին, մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները, այդ թվում՝ նաև տեղական հասարարական կազմակերպությունները սկսեցին աղմուկ բարձրացնել: Եվ փոխարենն այս ջանքերին աջակցելու՝ Հայաստանի իշխանությունները քննադատում էին կամ գերիների ընտանիքների մոտ կեղծ տեղեկություններ էին տարածում, որ հարցի միջազգայնորեն հանրայնացումը կվնասի գործընթացին և գերեվարված տղաների շահին»,- ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչը՝ հավելելով, որ միայն երկու տարի անց բոլորը հասկացան, որ վնասներ չկային, ավելին, ՀՀ իշխանությունների հակառակ գործողությունները նպաստել են, որ նրանց հայրենադարձման գործընթացն ավելի ձգձգվի:

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ լավ է, որ արդեն իսկ կա գիտակցումը, և Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հայ գերիների վերադարձի հարցն իր սեփական ուժերից վեր է, սակայն չափազանց ուշացած է, ու բազմաթիվ մանիպուլյացիաների արդյունքում են հասել այս վերջնակետին:

Հարցին՝ արդյո՞ք կա բովանդակային և իրավական տարբերություն «պահվող անձինք» և «գերիներ» եզրույթների միջև, որովհետև մայիսի 23-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ էր հանդես եկել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ, որում հենց «պահվող անձինք» եզրույթն էր կիրառել, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց՝ քանակային առումով տարբերություն չկա, բայց ձևակերպումների մեջ կա տարբերություն:

«Պետությունը հանձնառում է 39 հայի վերադարձ՝ անկախ նրանց կարգավիճակից: Եվրոպայի խորհրդի նախագահը զգուշավորություն է դրսևորել, քանի որ ադրբեջանցիները նաև հայ ռազմագերիների կարգավիճակի հարցով են իրավական վեճ ստեղծում՝ նրանց ներկայացնելով՝ որպես հանցագործներ, ահաբեկիչներ, սակայն ոչ պատերազմի կանոններին համապատասխան գերեվարված և հատուկ պաշտպանության տակ գտնվող անձինք: Այսինքն՝ դրանով եվրոպացի պաշտոնյան ադրբեջանահաճո տերմին է օգտագործում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Հիշեցնենք, որ մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է գերիների վերադարձի համար միջազգային ճնշումների արդյունավետության հեռանկարից, եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելն իր տարածած հայտարարության մեջ նշում է.

«Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սա այս ձևաչափով մեր երրորդ հանդիպումն էր։ Մենք կենտրոնացանք Հարավային Կովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ-ի հարաբերությունները զարգացնելու վրա։ Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ողջ փաթեթը։ Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերը»:

Տեսանյութեր

Լրահոս