Հաստատված 39 գերի ունենք, վերադարձնելու միակ տարբերակը միջազգային ճնշումն է. Փաշինյան

Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը նա է եղել, և ԵՄ-ի և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարված մեր հայրենակիցները  պետք է վերադարձվեն:

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը:

«Մեր դիրքորոշումը նաև այդ է, և մենք փորձում ենք այդ հարցում մաքսիմալ ջանք գործադրել, որ օր առաջ խնդիրը լուծենք»,- ասել է  նա։

Փաշինյանի խոսքով, Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների, պատանդների  վերադարձը, բայց Հայաստանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ:

«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, բոլոր պահվող անձինք, ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն»,- շեշտել է Փաշինյանը:

Նա հայտնել է, որ  այս պահի դրությամբ՝  հաստատված 39 գերի ունենք Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվել ու հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո։

«Ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունն ու ճնշումն ապահովելն է, որ մեր քաղաքացիներն օր առաջ վերադառնան հայրենիք»,- շարունակել է Փաշինյանը՝ հավելելով, որ շատ են հնչում տեսակետներ, որ գերեվարված մեր հայրենակիցների հարցը պետք է նախապայման դարձնել քաղաքական պրոցեսների համար:

«Մեր դիրքորոշումը եղել ու մնում է այն, որ հումանիտար հարցերը քաղաքական հարցերի հետ պետք չէ կապել, դրանք առանձին հարց են, ընդհակառակը, երբ որ փոխկապակցվածության մեջ դնենք քաղաքական հարցերի հետ, մենք հարցի նշանակությունը ոչ թե կավելացնենք, այլ կնվազեցնենք»,- եզրափակել է  Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս