«Այդ մեսիջը հնչեցնելու դեպքում 4-5 անգամ ավել մարդ դուրս կգա փողոց». Վիգեն Հակոբյան
Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից հետո Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովների կազմերը: Դրանից ժամեր անց հայտարարվեց, որ սահմանին եղել է հանձնաժողովների նախագահների առաջին հանդիպումը, ինչը անմիջապես ողջունվեց Շառլ Միշելի կողմից: Ռուսաստանի արձագանքը շատ չուշացավ. ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն էլ հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցով հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Ռուսաստանը փորձում է մնալ գործընթացի մեջ, որովհետև հասկանում է, որ Ադրբեջանը և Հայաստանը փորձում են տեղավորվել կոլեկտիվ Արևմուտքի կողմից վերահսկվող ֆորմատում:
«Չեմ կարծում, որ Ռուսաստանը փորձելու է զուտ տեղավորվել ուրիշի կողմից իրականացվող ֆորմատում, Ռուսաստանը շատ շուտով փորձելու է նորից դոմինանտ դեր ունենալ, ինչ-որ իրադարձություններ գուցե տեղի կունենան, որոնք ցույց կտան, որ Ռուսաստանը վերադարձել է մեծ խաղ՝ պրակտիկ առումով: Այս պահի դրությամբ, հաշվի առնելով Թուրքիայի գործոնը, ՌԴ-ն փորձում է համեմատաբար պասիվ վարքագծով նոր սուր օրակարգեր Թուրքիայի հետ չառաջացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ԵՄ-ի և ԱՄՆ-ի ակտիվությունը, ըստ նրա, պայմանավորված է Հարավային Կովկասում Ռուսաստանի համար նոր ճակատ ստեղծելով. «Այս առումով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, Արցախի հարցն ամենազգայուն թեմաներից մեկն է, և փորձում են Ռուսաստանի տակից խնդիրը տանել իբր դեպի Արևմուտք, բայց իրականում պարզ է, որ այստեղ կա՛մ Ռուսաստանն է մոդերատորը, կա՛մ Թուրքիան, և փորձում են տանել դեպի Թուրքիա: Այս շտապողականությունը դրանով է պայմանավորված: Բնականաբար, եթե Ուկրաինայում իրավիճակը քիչ թե շատ որոշակի դառնա, ապա շանսերը Արևմուտքի մոտ կնվազեն»:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ արդեն բաց տեքստով է ասվում, թե հայկական կողմը ինչ զիջումների է գնալու. «Անկլավներ, Արցախի նշաձողի իջեցում, Ալիևը «Զանգեզուրի միջանցք»-ից է խոսում: Խոսվում է, որ այդ ճանապարհը նույն կարգավիճակը պետք է ունենա, ինչ Լաչինի միջանցքը»:
Անդրադառնալով փողոցային շարժմանը, նա նշեց, որ տարվում է հետևողական և ամենօրյա աշխատանք. «Կան արդեն որոշակի արձանագրումներ, նաև՝ հաջողություններ: Մեկ ամիս առաջ դժվար թե պատկերացնեինք, որ կարող է սկսել ինչ-որ շարժում, որն արդեն շուրջ մեկ ամիս չի մարում, թեպետ կանխատեսումներ են արվում, թե մարդիկ հոգնելու են, կոնկրետ արդյունքներ չտեսնելով՝ ցրվելու են տներով: Դա ամենագլխավոր արձանագրումներից մեկն է, որ այս շարժումը կապիտալիզացրել է մի փաստ, որ փողոցում գրեթե միշտ կա կոնստանտ թվով բողոքական զանգված, որը բավականին համառ է, հետևողական է և հավատում է ընդդիմության լիդերներին: Կլինի դա առավոտյան 8-ին, թե գիշերվա 12-ին, անձրևին, թե արևին, նոն-ստոպ ռեժիմով այդ զանգվածը պատրաստ է:
Շարժումը ազգային օրակարգով է դուրս եկել հրապարակ, և որպես ածանցյալ՝ հնչում է, որ միայն մի դեպքում կարելի է հաջողության հասնել, եթե այս իշխանությունը հեռանա: Ոչ միայն այս զանգվածն է շարժման հենարանը, որը մենք տեսնում ենք փողոցում, թեպետ դա էլ քիչ չէ՝ այսօրվա գլոբալ ապատիայի ֆոնին, շատ ավելի մեծ զանգվածներ կան, որոնք սպասում են ավելի կտրուկ, արմատական մեսիջների: Ես համոզված եմ, որ եթե այսօրվա շարժման ղեկավարներին պետք լինի մոտավորապես 4-5 անգամ ավել զանգված հավաքել՝ այսօրվա կարգախոսներով, ապա, եթե այդ մեսիջը հնչի առ այն, որ հենց այսօր է որոշվում ամեն ինչ, զանգվածները հրապարակում 4-5 անգամ ավել կլինեն: Երկրորդ ռեզերվն այն է, որ շարժումը դեռևս չի փորձում ընդլայնել իր սոցիալական հենարանը, այսինքն՝ կարող են հանդես գալ այս մեսիջներով, օրինակ՝ սոցիալական, տնտեսական: Սկսեցին աշխատել որոշ այլ խավերի վրա, որոնց հետաքրքրում էր՝ ինչ է լինելու հետո, և սկսեցին ներկայացնել ծրագրեր»:
Նա նկատեց, որ շարժման ղեկավարությունը դեռ ողջ պոտենցիալը չի օգտագործում. «Անգամ ազգային օրակարգով հետաքրքրվածների դեռ քառորդն է փողոցում գտնվում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում