Ինքնախոստովանական ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանը պետք է պատժվի. զոհված զինծառայողների ծնողներ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն են՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներ Էդգար Զաքարյանի հայրը՝ Սևակ Զաքարյանը, և Հակոբ Ռոստոմյանի (Ռոստ) հայրը՝ Արա Ռոստոմյանը:

Էդգար Զաքարյանը ծնվել է 2002 թվականին: Նա բանակ էր զորակոչվել 2020 թվականի օգոստոսի 24-ին, մինչև սեպտեմբերի 15-ը եղել է կարանտինի մեջ: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Ֆիզուլիում: Նա 12 օրվա զինվոր էր, պատերազմի առաջին օրից մասնակցել է մարտական գործողություններին

Ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանը ծնվել է 1989թ. Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ 2009-2015 թթ. ծառայել է հայոց բանակում. սկզբում՝ շարքային։ Այնուհետև որոշ ժամանակ վերապատրաստվել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանում և համալրել Արցախի պաշտպանության բանակի սպայական կազմը։ 2010-15 թթ. ծառայել է Մարտակերտի տարածքում՝ հրաձգային դասակի հրամանատար։ Որոշ ժամանակ անց արդեն հակատանկային, հատուկ նշանակության դասակի հրամանատար էր։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից Մարտակերտում էր։ Թողելով 2 որդիներին, ծնողներին, կնոջը՝ գնացել է հայրենիքը պաշտպանելու։

Մեր տաղավարում զոհված զինծառայողների ծնողներն ասում էին․

  • ԱԺ-ում ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հենց Եռաբլուրում ծնողներով միահամուռ որոշեցինք՝ մի բան պետք է անենք, իսկ Ազատության հրապարակում 2 զինվորների հայտարարած հացադուլը վերջին կայծն էր…
  • Մի ցանկություն կար, ինքնախոստովանական ցուցմունք տվողը պետք է պատժվի:
  • Որդուս՝ Հակոբի վերջին խոսքը մահից առաջ ընկերներին եղել է՝ այս պատերազմը ծախված է, իսկ երբ նրան հարցրել են, թե այդ դեպքում ինչո՞ւ ես մնում այդտեղ, ասել է՝ «Բա էս տղերքին ո՞վ տիրություն անի»:
  • Տղաները իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի. նրանք չեն իմացել, որ իրենց թիկունքը պահող չկա:
  • Պատերազմի ընթացքում ամեն վայրկյան տալիս էին «Նահանջ» հրահանգը, անկազմակերպ… նահանջն էլ պետք է կազմակերպված լինի, իսկ վատ կազմակերպված նահանջի դեպքում զոհերն ավելի շատ են լինում:

  • Հադրութը հանձնելուց հետո, Ջրականում ամբողջ զենքը պահեստներում է եղել, ամբողջն էլ հանձնեցին, զենքերը նախապես չեն բաժանել, կանոնավոր բանակը թողած՝ ֆիդայական շարժում էին սկսել… Այս իշխանությունները 2018թ. Չարենցավանի բրոնեժիլետներ արտադրող գործարանը կանգնեցրեցին, փորձառու զինվորականներին դուրս մղեցին բանակից, բանակը քանդեցին, անփորձներին բերեցին, բոլոր բարեկամ պետությունների հետ հարաբերությունները փչացրեցին: Դավաճանությունը սա էր, էս ամեն ինչը նախօրոք պլանավորված է եղել:
  • Նախօրոք իմացել են նաև պատերազմի մասին և ոչինչ չեն ձեռնարկել:
  • Այս ամենը կանխամտածված է եղել. պետք էր շատ զոհեր, պետք էր էն կարգի մսաղաց սարքեին, որ ծնողներին ասեին՝ Ղարաբաղը տանք՝ պրծնենք: Պետք էր վախեցած ժողովուրդ, որ ասեին՝ Արցախը տվեք, միայն թե մեր տղաները չզոհվեն: Իսկ մեր տղաները, արդեն իմանալով, որ Ղարաբաղը ծախված է, մինչև վերջ կռվել են հանուն հայրենիքի, մնացածն էլ թողել են մեզ, որ մենք կռիվ տանք հանուն հայրենիքի պահպանման:
  • Մինչև Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքն էլ գիտեինք՝ գլխավոր մեղավորն ու պատասխանատուն ինքն է:
  • Հաջորդ իշխանությունը և այդ ժամանակ ստեղծված քննիչ հանձնաժողովը ամեն ինչ ջրի երես դուրս կբերի:
  • Աբսուրդ է, այս իշխանությունների օրոք այս ԱԺ-ի քննիչ հաձնաժողովը չի կարող ինքը քննի այս ամենը:
  • Թուրքը անցյալ տարվա մայիսի 12-ից Հայաստանում է, մենք ծնողներով կանգնել ենք, որպեսզի ոչ միայն մեղավորները պատժվեն, այլ, որ տարածքային նոր զիջումներ չլինեն:
  • Արցախը մեզ համար Սուրբ հող է, 2 սերունդ արյուն ենք թողել այդ տարածքում՝ մեր ընկերների, մեր որդիների արյունն է այդ հողի մեջ:
  • Գլխավոր դատախազն ասաց, որ մեր պահանջն ամենաարդարն է, իսկ եթե ընդունում են, որ մեր պահանջն ամենաարդարն է՝ պետք է գործողություն հետևի:
  • Մենք իրավական ճանապարհով հասնելու ենք, որպեսզի գլխավոր մեղավորը պատասխանատվության ենթարկվի:

  • Պատերազմից հետո Արցախ բառն ընդհանրապես ուզում են հանել իրենց բառապաշարից:
  • Մենք ասում ենք՝ Արցախն Ադրբեջանի կազմում չենք ճանաչում, իշխանությունները նշաձողն անընդհատ իջեցնում են, այստեղ է մեր կոնֆլիկտը:
  • Իրենք պատկերացնում են Արցախն Ադրբեջանի կազմում, մենք երբեք:
  • Իշխանությունները, որտեղ արժեք են տեսնում՝ վտանգ են համարում ու սկսում են դրա դեմ պայքարել: 2018-ից բոլոր արժեքները վարկաբեկեցին՝ արժեզրկեցին ամեն ինչ, այդ թվում՝ շքանշանները, հերոսի կոչումը, գեներալներին, եկեղեցին… եթե էսպես շարունակվի՝ դժվար է ասել՝ Հայաստան կմնա՞, թե՞ ոչ:
  • Երբ հետադարձ հայացք ենք գցում՝ հասկանում ենք, որ ամեն ինչ նախապես պլանավորված է եղել:

Տեսանյութեր

Լրահոս