
Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության. ԱՄՆ դեսպան

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարություններն աշխատում են տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը:
Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: «Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը: Եվ մի բան, որ ամենակարևորն է, կարծում եմ, դա մարդկային կապիտալում ներդրումներն են: Դրանք բացարձակ մեծ անհրաժեշտություն ունեն: Եթե մարդկային կապիտալում ներդրում չես անում, չես կարող հաջողության հասնել այլ ոլորտներում»,- ասաց դեսպանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն մտքին, որ քաղաքացիներին պետք է պատրաստել ժողովրդավարությանը մասնակից լինելուն՝ դեսպանը կարծիք հայտնեց, որ դա կարևոր գործոն է, որպեսզի ժողովրդավարությունը զարգացում ապրի: