Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում հայկական ժողովրդավարության ֆորումին «Freedom House»-ը տալիս է մասնակիցների ցուցակ, ուր ոչ մի ընդդիմադիր պատգամավորի անուն չկա
Քիչ առաջ «Մարիոթ» հյուրանոցի մոտ, ուր միայն կառավարող խմբակցության անդամների մասնակցությամբ ընթանում էր «Ժողովրդավարության հայկական ֆորում» անունը կրող միջոցառում, ընդդիմադիրներն ակցիա էին իրականացնում՝ փորձելով մարդու իրավունքների ջատագով ԱՄՆ և Եվրամիության դեսպաններին, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, մասնավորապես՝ «Freedom House»-ին, ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ոչ իշխանական մեկնաբանությունները:
Մի քանի շարք ոստիկանական ծառայողներով շրջապատված՝ «Մարիոթի» շենքի մոտ էին հավաքվել նաև ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների պատգամավորները, ովքեր պնդում էին՝ պետք է մտնեն շենք ու մասնակցեն ֆորումին:
Ի վերջո, նրանց թույլատրվեց մտնել «Մարիոթի» շենք, սակայն ֆորումին մասնակցել վերջիններս չկարողացան:
Դրսում հավաքված ակցիայի մասնակից քաղաքացիները միայն պատգամավորների՝ ներսից ուղիղ կապի միջոցով, բարձրախոսին միացված հեռախոսներով կարողացան հետևել պատգամավորների խոսքին:
Այնուամենայնիվ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանն ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում էր՝ ինչ է կատարվում ներսում, ինչպես են Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում փակ դռների հետևում քննարկում ժողովրդավարությանը վերաբերող հարցեր:
Տեսանյութի մեջ հստակ երևում է, որ պատգամավորները փորձում են մոտենալ այն սրահին, որտեղ տեղի էր ունենում ֆորումը, սակայն անմիջապես սրահի մուտքի մոտ նրանց ընդառաջ եկան քաղաքացիական հագուստներով երեք անձինք, հավանաբար միջոցառման կազմակերպիչներից, և ասացին՝ միջոցառումը փակ է, հետևաբար՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն կարող ներս մտնել ու մասնակցել ֆորումին: Ըստ նրանց՝ մասնակիցների ցուցակները կազմել է «Freedom House»-ը՝ համաձայնեցված Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) հետ:
Պատգամավոր Աննա Մկրտչյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող խոչընդոտել պատգամավորի ազատ տեղաշարժման իրավունքը, ինչին նրանց մուտքն արգելող անձինք պատասխանեցին՝ իրենք են որոշում այդտեղ տեղաշարժի ռեժիմը, և եթե պատգամավորները հարցեր ունեն, կարող են դիմել ՊՊԾ-ին:
Պատգամավորները, այնուամենայնիվ, փորձեցին առաջ շարժվել, սակայն նրանց թույլ չտվեցին դա անել. սկսվեց քաշքշուկ:
«Shame, shame (ամոթ, ամոթ։– Գ.Ս.)» անգլերեն վանկարկումներով պատգամավորները փորձեցին ներսում գտնվողների ուշադրությունը հրավիրել աղաղակող ապօրինության վրա, և այդ ընթացքում միջոցառման անցկացման սրահից դուրս եկավ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ մի խումբ անձանց հետ:
Մինչ վերջինս, բնականաբար, խոչընդոտում էր ընդդիմադիր պատգամավորների մուտքը սրահ, պատգամավորները հայերենով ու անգլերեն լեզվով վանկարկումներ էին անում՝ ընդամենը 2 մետր այն կողմ գտնվող դեսպաններին ու միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին փորձելով ցույց տալ՝ ինչ է կատարվում:
«Ես 30 տարի ծառայություն եմ իրականացնում, և վաղը ով էլ լինի իշխանության, նույն ծառայությունն է իրականացվելու»,- ընդդիմադիրներ պատգամավորների ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու գործողությունն այսպես էր արդարացնում ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այդ ընթացքում Սարգիս Հովհաննիսյանին ցույց էր տալիս պատերազմին մասնակցած իր երկու ընկերների լուսանկարները, որոնցից մեկը զոհվել էր, մյուսը՝ որպես քաղբանտարկյալ, այժմ ազատազրկված է, և ասում՝ ընդամենը ներսում գտնվողներին ուզում է ցույց տալ, փոխանցել այս պարզ ճշմարտությունը:
Սարգիս Հովհաննիսյանը խորհուրդ տվեց՝ լուսանկարներն ու տեքստը փոխանցել կառավարություն:
«Տրամադրվել է ցուցակ, և ցուցակի մեջ միայն կառավարող ուժի ներկայացուցիչների անուններն են եղել, ոչ մի ընդդիմադիր պատգամավորի անուն չի եղել: Դա՞ է իրենց ժողովրդավարությունը»,- միջոցառման կազմակերպիչների հետ իր զրույցից ստացած տեղեկությունները փոխանցեց Արամ Վարդևանյանը:
Արդեն «Մարիոթի» բակում պատգամավոր Աննա Գրիգորյանն ակցիայի մասնակիցներին հիշեցրեց այն լավ ու բարի ժամանակները, երբ ընդամենը քաղհասարակության անդամ Լենա Նազարյանը, երբ դեռ պատգամավոր չէր, հանգիստ գալիս ու ներս էր մտնում ու, ասենք, ԵՄ, ԱՄՆ դեսպանների, այլ դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ պլակատներով գոռում էր, ինչ ուզում էր, ասում էր մտքին եկածը, և որևէ մեկը նրան չէր խոչընդոտում:
Ի դեպ, Հայկական ժողովրդավարության ֆորումը լուսաբանում էին միայն իշխանական և իշխանամերձ լրատվամիջոցներ:
Մանրամասները՝ տեսանյութում