Խավարասերն ու խաղաղասերը
Ուղիղ մեկ ամիս է՝ Հայաստանում տեղի են ունենում բողոքի, անհնազանդության գործողություններ։ Անվանապես խորհրդարանական ընդդիմությունը, բայց ավելի լայն իմաստով՝ հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ իրենց անհամաձայնությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականության, «խաղաղության դարաշրջանի» նկատմամբ։ Իշխանությունը բողոքի գործողություններին պատասխանում է ամենաբիրտ ուժով, ամեն օր բերման են ենթարկվում մի քանի հարյուր քաղաքացիներ։
Իշխանությունները ոստիկանության միջոցով բիրտ ուժ կիրառելուն զուգահեռ՝ զբաղված են նաև բութ թեզեր տարածելով, որոնց հիմքում ընկած է բողոքի ակցիաների մասնակիցների սակավամարդությունը։ Բայց ոչ ոստիկանական մահակներից, ոչ էլ ՔՊ-ական ցնդաբանություններից երկրում առկա անհամաձայնության մթնոլորտը չի վերանում։
Կա խնդիր, որին լուծումներ գտնելու փոխարեն՝ իշխանությունը նախընտրում է միայն ոստիկանական ուժը։ Բայց դա երևույթի սոսկ մակերեսային դրսևորումն է։ Իրականում հանրության դժգոհությունը չի նվազում ոչ ուժայինների բիրտ գործողություններից, ոչ էլ անգամ ընդդիմության այս կամ այն, երբեմն՝ ոչ համարժեք վարքագծից։ Հայաստանում չկա ներհասարակական, հանրային ներդաշնակություն ու խաղաղություն, երկիրն ապրում է ականապատված ռեժիմում, որն ամեն պահի կարող է պայթել։
Իրավիճակի հակասականությունն ու անհեթեթությունն այն է, որ նման՝ անխաղաղ հանրային մթնոլորտում ապրող երկրի իշխանությունը ցանկանում է «խաղաղության դարաշրջան» բացել թշնամական պետությունների հետ ու այդ հարցում կանգ չի առնում ոչնչի առաջ, եթե պետք է՝ քծնում է, կարիքի դեպքում՝ նվաստանում է, պահանջում են՝ մոռանում է արժանապատվության մասին։ Ահա այդպիսի որակներով իշխանությունն արտաքին աշխարհում դիրքավորվելով որպես գերխաղաղասիրական՝ ամենօրյա ռեժիմով բռնություն է գործադրում սեփական քաղաքացիների նկատմամբ։ Դա ամեն օրվա հետ ավելացնում է ներհանրային ատելությունն ու թշնամանքը, որն իշխանությանը չի հուզում․ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է թշնամացնել իր հայրենակիցներին՝ արտաքին իրական թշնամիների հետ ամեն գնով «խաղաղություն» հաստատելու նպատակով։
Այս հարցում Նիկոլ Փաշինյանն ունի ազդեցիկ դաշնակիցներ՝ ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի և «միջազգային հանրության», որոնք լեթարգիական լռություն են պահպանում Երևանի փողոցներում ամեն օր արձանագրվող ոստիկանական բռնության դեպքերի առթիվ, և էքստազային ոգևորություն են ապրում փաշինյանական խաղաղասիրության դրսևորումների կապակցությամբ։
Խոսքը, ընդ որում, այն նույն Նիկոլ Փաշինյանի մասին է, որը ժամանակին մեծ ոգևորությամբ ուղերձներ էր հղում Ադրբեջանի հասարակությանը, փորձում էր երկխոսել ադրեբեջանական ժողովրդի հետ։ Հիմա՝ իր իսկ երկրի մայրաքաղաքում, հայ հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչները մեկ ամիս շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում, բայց նա հարկ չի համարում խոսել այդ քաղաքացիների հետ։
Երևի այն պատճառով, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նրա միտքը զբաղված է Ադրբեջանի հասարակությամբ․ այն ժամանակ դիմում էր այդ հասարակությանը, հիմա երկխոսությունը շարունակում է Ալիևի հետ։ Միջնորդավորված և ուղիղ կապերի միջոցով։ Փաստորեն, արտաքին խաղաղասերը ներսում խավարասեր է։ Բառի՝ Նիկոլ Փաշինյանի աշխարհայացքին համապատասխան իմաստով։
Հարություն Ավետիսյան