
Գիտական կազմակերպությունները կմիավորվեն, կստեղծվեն նոր կենտրոններ

Կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրում ներառված է նոր կենտրոնների ստեղծման գաղափարը: Ըստ դրա՝ որոշ մասնագիտություններով Հայաստանի գիտական կազմակերպությունների միավորման արդյունքում ակնկալվում է ունենալ խոշոր սարքավորումների համատեղ օգտագործման կենտրոններ և տեխնիկապես հագեցած ժամանակակից միջավայր, ինչը կնպաստի միջազգային համագործակցության զարգացմանն ու գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներհոսքին: 2023թ.-ից նախատեսվում է տարեկան ունենալ 1-2 միավորված կենտրոն:
ՀՀ գիտության կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ գաղափարի հիմքում այն փաստն է, որ ՀՀ-ում ներկայումս պետական բազային ֆինանսավորում ստացող գիտական կազմակերպությունների մեծ մասում գիտական աշխատողների թիվը 50-ից պակաս է:
«Գիտական կազմակերպությունների շենք-շինությունները մեծ մասամբ հնամաշ են և երկար տարիներ չվերանորոգված, իսկ փորձարարական հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների մի մասի դեպքում չկան նաև լաբորատոր ժամանակակից ենթակառուցվածքներ»,- հայտնեցին Գիտության կոմիտեից՝ ընդգծելով, որ ներկա պատկերը պատճառ է դառնում գիտական արդյունքի քանակական և որակական ցուցանիշների թույլ դինամիկայի՝ համեմատած թե՛ տարածաշրջանի, թե՛ այլ երկրների հետ: