«Լսի՛ր, մայոր, քո ղեկավարի ճոճած մուրճը քո գլխին է ջարդվելու». Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ընդդիմության հավաքի ժամանակ նշել է՝ մեր նախնիները մեզ նվիրել էին մեկ հաղթանակ, իր սերնդակիցները հայ ժողովրդին՝ եռատոն, երեք հաղթանակ նվիրեցին, իսկ այս իշխանությունների օրոք այդ եռատոնը նորից դարձավ մեկ հաղթանակ: Ըստ այդմ՝ իրենց պայքարն ապագա հաղթանակների և մեր արժանապատվության համար է:
«Այս իշխանությունների օրոք իջեցվեց հաղթանակի նշաձողը, եռատոնը դարձավ միայն մեկ հաղթանակ: Այս իշխանությունների օրոք անկախության նշաձողը իջեցվեց մանրահատակի մակարդակի: Այս իշխանությունների օրոք խաղաղությունն ու արտաքին լայն, համարձակ քաղաքականությունն իջեցվեց շղարշի մակարդակի: Ոչ թե արժանապատիվ խաղաղության, այլ խաղաղություն մուրալու մակարդակի: Այս իշխանությունների օրոք պետության և մեր ժողովրդի պաշտպանությունը ևս մեկ նշաձող իջեցվեց»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Այս համատեքստում գեներալն անդրադարձել է ոստիկանության բռնություններին անհնազանդության ակցիայի, դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ՝ նշելով, որ նման գործելաոճը հատուկ է վախկոտ իշխանություններին: Մասնավորապես, Սեյրան Օհանյանն անդրադարձել է այսօր տեղի ունեցած մի դեպքի, որի մասին 168.am-ը գրել է, երբ կարմիրբերետավորները գետնին են տապալել գնդապետ, 2016-ի Ապրիլյան և 2020-ի 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանակիր Սերգեյ Հայրապետովին, ոտքերով հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել:
Ավելին, կարմիրբերետավորներից ոմն մայոր Այվազյան հայտարարել է, որ «թքած ունի» գնդապետի «Մարտական խաչի», պատերազմի մասնակից լինելու վրա, երբ նրան այդ մասին տեղեկացրել են:
«Արցախի համար պատերազմի մասնակից «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանակիր գնդապետը կանգնած է մայթի վրա, և ոստիկանությունն ասում է՝ սրան էլ բռնեք: Գնդապետն ասում է՝ այդ ինչպես ես խոսում ինձ հետ, ես բանակի գնդապետ եմ, ոստիկանական զորքերի մայորն էլ ասում է՝ ես էլ գնդապետ շինող եմ: Հազար անգամ ներողություն եմ խնդրում, իրենց վախկոտ ղեկավարի խոսույթն է դա: Կոշիկներով, ոտքերով հարվածել են գլխին, կողքից մեկն ասում է, թե՝ ի՞նչ եք անում, չէ՞ որ նա «Մարտական խաչի» ասպետ է, մայորն ասում է՝ թու՛ քո «Մարտական խաչի» վրա»,- շեշտել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ նմանները մարտական դաշտից ճողոպրած մարդիկ են:
«Ումի՞ց և ի՞նչ օրինակ պիտի վերցնի ոստիկանության մայորը՝ իր վախկոտ ղեկավարի՞ց, որը մուրճ է ճոճում օդում, որն ասում է՝ մարդկանց գետնին պառկեցրեք, որն իր աթոռը պահում է և ասում է՝ ժողովուրդ, ես թքած ունեմ սահմանի և բանակի վրա: Լսի՛ր, մայոր, քո ղեկավարի ճոճած մուրճը քո գլխին է ջարդվելու, և ես իմ մարտական ընկերների անունից ասում եմ՝ ոտքդ քամակիցդ պոկելու ենք, դրա ժամանակը գալու է»,- շարունակել է Օհանյանը:
Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ներկայացրել է բանակը ոտքի կանգնեցնելու քայլերը, որոնք կիրականացվեն այս իշխանություններին հեռացնելուց հետո։
Մանրամասները՝ տեսանյութում