Հայաստանի «հուժկու» պատասխանն Ադրբեջանին՝ 6 առաջարկների տեսքով
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի շուրթերով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերից բացահայտվեցին Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հայկական կողմի ներկայացրած, այսպես կոչված, վեց առաջարկները: Կոչել դրանք առաջարկներ այնքան էլ լուրջ չէ, քանի որ դրանցից առնվազն 3 ը պարզապես փաստի արձանագրում է և ոչ երբեք՝ առաջարկ:
Այդ առաջարկների մասին քամահրանքով էր խոսել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, նշելով, որ այդ փաստաթուղթն ընդամենն արձագանք է ադրբեջանական սկզբունքներին: Սա բարկացրել էր հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանին, և Բայրամովի տեսակետը նա գնահատեց դիվանագիտական էթիկայի մեջ չտեղավորվող:
Ադրբեջանի դիվանագիտական շրջանակներին դիվանագիտության դասեր տալուց առաջ տեղին կլիներ նախ համեմատել սեղանին դրված ադրբեջանական և հայկական սկզբունքներն ու առաջարկները:
Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքները և Հայաստանի 6 առաջարկները համեմատելիս դիվանագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ վերջին 4 տարիներին հայկական դիվանագիտական մտքի նշաձողն այս իշխանության կողմից հնարավորինս իջեցվել է, միայն թե պարզ չէ, թե այս անգամ ում պարտադրանքով կամ հորդորով: