«Առավոտ ժամը 7-ին սպեցնազով տնից տանում եք, որ ի՞նչ, որ վախենա՞մ. չեք հասկացե՞լ, որ չենք վախենում». Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ներկայացրեց, թե մայիսի 8-ին ինչ միջադեպ է իրականում տեղի ունեցել Գյումրիում, և ինչպես և ինչ նպատակով են մայիսի 10-ի վաղ առավոտյան քաղաքացիական հագուստով ոստիկաններն ու դիմակավորված անձինք այցելել իր բնակարան:
«Դա ծրագրավորված, իշխանությունների կողմից պլանավորված սադրանք էր: Մենք հնարավորինս փորձել ենք չտրվել սադրանքների և խաղաղ լուծել հարցերը: Գյումրի մտնելուց հետո արդեն այն դեպքն է լինում, որի համար ինձ երեկ (մայիսի 10-ին.- Ռ.Մ.) եկել-տարել էին Գյումրի: Կա տեսանյութ, որն իրեղեն ապացույց է, թե ես ինչպես եմ կանգնեցնում իմ մեքենան և փորձում նորից խաղաղ ձևով հորդորել մարդկանց, որ չտրվեն սադրանքների: Այդ մարդիկ հայհոյել են, ձվեր են նետել ավտոշարասյան ուղղությամբ, ես փորձել եմ հարթել իրավիճակը, տեսանյութը յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեսնել: Ես գնում եմ այդտեղ, ինձ ձվով խփում են, ես մի քայլ հետ եմ գնում, հետո մի քայլ առաջ եմ գնում ու փորձում եմ բաժանել, կրքերը հանդարտեցնել, ասել՝ մի արեք, պետք չէ: Բայց այն մարդիկ, որոնք սադրում էին, անում էին ամեն հնարավոր բան, որ այդպիսի տեսարան ստացվի: Եվ ո՞նց է լինում, որ այդ ժամանակ անմիջապես հայտնվում է տեսախցիկ, որ դա ֆիքսում է, դա արդեն թողնում եմ մեր ունկնդիրների դատին»,- ասաց նա:
Հենրիխ Դանիելյանի խոսքով, մինչև Գյումրիի միջադեպը՝ խիստ էմոցիոնալ վիճակ է եղել, մարդիկ, ովքեր ներկայացել են՝ որպես գերեվարված կամ զոհված զինվորների ծնողներ, շատ վատ են պահել իրենց. «Ես կարծում եմ, որ նրանց մեջ չի եղել մարդ, որը գերու կամ մեր զոհված եղբայրներից մեկի ծնող է, որովհետև այդ մարդիկ չեն կարող Հայաստանի դրոշը պոկել-գցել ցեխի մեջ: Այն մարդիկ, որոնց զավակներն իրենց կյանքը նվիրել են հայրենիքին, չեն կարող հայհոյել այն մարդուն, որը Հայաստանի դրոշով է եկել, չեն կարող մարդկանց մեղադրել, որ նրանք Թուրքիայի դրոշ են վառում: Մի կին իմ մեքենայից պոկեց Հայաստանի եռագույն դրոշը և գցեց ցեխի մեջ, հիմա թող մարդիկ հասկանան, թե այդ մարդիկ ովքեր են եղել: Իրենք ասել են՝ դուք չեք անցնելու, մենք անցել ենք, որովհետև մեր առաջ բոլոր դռները, փողոցներն ու ճանապարհները բաց են մեր հայրենիքում, բայց իրենք փորձում էին ոչ թե մեզ թույլ չտալ մտնել ներս, այլ սադրել, որ նման տեսանյութեր լինեն: Ասել եմ ու էլի եմ ասում՝ մենք խաղաղ քայլերի կողմնակից ենք և փորձում ենք ամեն ինչ անել, որ սադրանքները չհասնեն իրենց նպատակին»:
ՀՀԿ ԵԿ ղեկավարը մանրամասնեց, թե ինչպես են առավոտյան շուտ իրեն բերման ենթարկել. «Առավոտ ժամը 7-ին դռան զանգից և թակոցից արթնացա, հարցրի՝ ո՞վ է, պատասխանեցին, որ ոստիկանությունից է, կանգնած էին առանց ոստիկանական համազգեստի մարդիկ և մի քանի դիմակավորված մարդիկ՝ զինվորական համազգեստով: Դուռը բացեցի՝ մտան ներս, ասացի՝ դուրս եկեք, ինձ բացատրեք՝ ինչի համար եք եկել: Ասացին՝ եկել ենք ձեզ բերման ենթարկենք, հարցրի՝ ինչի՞ համար, պատասխանեցին, որ ճանապարհին կասեն: Ասացի՝ շատ լավ, ո՞ւր ենք գնում, ասացին՝ ճանապարհին կասենք: Ես ասացի՝ այսինքն՝ ես ձեզ հետ պետք է գամ ինչ-որ տեղ, չիմանալով՝ ուր և ինչի համա՞ր, ասացին՝ այո: Հագնվեցի, զանգեցի փաստաբանիս, ասացի, որ գնում եմ չգիտեմ՝ ուր, և դուրս եկանք: Ճանապարհին նորից հարցրի՝ ո՞ւր ենք գնում, ասացին, որ չեն կարող ասել:
Խնդրեցին անջատել հեռախոսս, որը Գյումրիում արդեն վերցրեցին։ Բացի հեռախոսիցս, վերցրել են նաև իմ բնակարանի, գրասենյակի, մեքենայի բանալիները, դրամապանակս, վարորդական իրավունքի վկայականը, բոլոր բանկային քարտերս, անգամ աղոթագիրքս: Ասել եմ՝ ինչի՞ համար եք առգրավում, նորից բացատրություն չեն տվել: Խուլիգանության հոդվածով են գործ հարուցում, հարց է առաջանում՝ մեքենայիս, տանս, գրասենյակիս բանալիներով ես այդտեղ ի՞նչ եմ արել, դրամապանակս ու հեռախոսս այս գործի հետ ի՞նչ կապ ունեն: Որպես իրեղեն ապացույց՝ պետք է առգրավեն ինչ-որ բան, որը նախաքննության մարմնին կարող է օգուտ տալ, հիմա ես իրավունք ունեմ մտածել միայն այն, որ պետք է փոխեմ իմ տան կողպեքը, գրասենյակիս կողպեքը, որովհետև ես չգիտեմ՝ իրենք իմ տան մեջ կարող են գալ և ինչ-որ բան դնել, մեքենայիս միակ բանալին իրենց մոտ է, կարող են մեքենայիս մեջ ինչ-որ բան դնել: Եթե դու ունես տեսանյութ, որտեղ հստակ երևում է՝ ոնց եմ ես իմ մեքենան արգելակում, որպեսզի հանդարտեցնեմ կրքերը, այդ դեպքում ևս նրանք մասկի-շոուով տանում են անհայտ ուղղությամբ, մտքովս չէր անցնում, որ ես գնում եմ Գյումրի, ճանապարհին եմ հասկացել»:
Նա ունի վկայի և կասկածյալի կարգավիճակ: Իրերը առգրավելիս՝ ասել են, որ նախաքննության ընթացքում կվերադարձնեն:
«Նախաքննությունը կարող է տևել մեկ տարի, ու մինչև այն չավարտվի, ես իմ մեքենան չեմ կարող վարել: Սա հստակ հրահանգավորված է իշխանությունների կողմից, որովհետև եթե լիներ ինչ-որ տոկոս, որ ես մեղավոր լինեի, միանշանակ ինձ երեկ կկալանավորեին, եթե լիներ ինչ-որ մի տարբերակ, որ կարող էին մտածել, թե ես ինչ-որ բան եմ արել, որը օրինական դաշտից դուրս է, չէի ասի, որ ես զարմացած եմ, բայց հստակ կա իրեղեն ապացույց՝ տեսանյութը, թե ես ինչ եմ անում այնտեղ: Այսինքն՝ սա հստակ ուղղորդված գործողություն է իշխանությունների կողմից, բայց այդ գործողություններն անիմաստ են, իրենց նպատակին չեն ծառայելու, որովհետև ինձ որ տանում են բաժին՝ իմ փոխարեն ակցիաներին գնում է 100 հոգի, այդ 100 հոգուն էլ որ տանեն՝ կգնա 1000 հոգի:
Շարժումը թափ է հավաքում, իշխանությունը պանիկայի մեջ է, Փաշինյանը հասկանում է, որ Հայաստանում չունի իշխանություն: Իր իշխանությունը սահմանափակվում է արդեն միայն ոստիկանության շրջանակներում, իսկ ոստիկանության մեջ կան շատ արժանապատիվ սպաներ, ովքեր իրենց ուսադիրների համար երկար տարիներ չարչարվել են ու կյանքը նվիրել են այդ ուսադիրներին: Իրենք հասկանում են, որ գալու է մի ժամանակ, որ իրենք չեն ենթարկվելու Փաշինյանի հրամաններին, որովհետև դրանք աբսուրդային են: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ մարդը, որը կռիվը բաժանել է, գան առավոտ ժամը 7-ին սպեցնազով տնից տանեն, որ ի՞նչ, որ ես վախենա՞մ: Էս 4-5 տարի չեք հասկացե՞լ, որ մենք չենք վախենում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում