«Ալ Ջազիրա»-ի լրագրողուհուն գնդակահարել են Հորդանան գետի Արևմտյան ափին
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողուհի Շիրին Աբու Աքլեն մահացել է վերքերի հետեւանքով, որն ստացել է Հորդանան գետի Արեւմտյան ափին անվտանգության իսրայելական ուժերի եւ պաղեստինցիների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում: Այդ մասին հաղորդում են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները:
Նրանց տեղեկատվության համաձայն, 51-ամյա լրագրողուհին, որը մի քանի տասնամյակ զբաղվում էր մերձավորարեւելյան հակամարտության լուսաբանմամբ, գլխից վիրավորվել է մայիսի 11-ի առավոտյան, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Նշվում է, որ Աբու Ակլեն եղել է սաղավարտով եւ զրահաբաճկոնով՝ «Մամուլ» մակագրությամբ:
Վիրավորվել է եւս մեկ լրագրող. նա գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, վկայակոչելով Պաղեստինի իշխանություններին, հաղորդել է, որ լրագրողուհուն կրակել են իսրայելական ուժերը՝ Ջենին քաղաքի շրջանում:
Հեռուստաալիքի ղեկավարությունը եւ նրա գործընկերները ցավակցություն են հայտնել զոհվածի ընտանիքին՝ նշելով նրա «պրոֆեսիոնալիզմն ու տոկունությունը»: Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Ռան Կոհավն իսրայելական «Կան» ռադիոկայանին հայտարարել է, որ չի կարծում, թե իսրայելական ուժերն են գնդակահարել Աբու Ակլեին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: