Սպասվում են հանդիպումներ Մարկ Ռութեի, խորհրդարանականների և գործարարների հետ. շարունակվում է Փաշինյանի այցը Նիդերլանդներ
Պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հանդիպումները, այցերը կշարունակի Հաագայում:
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հանդիպում կունենա Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեի հետ: Պաշտոնական այցի երկրորդ օրը Փաշինյանը կսկսի Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով: Որից հետո վարչապետը կայցելի Հաագայի Խաղաղության պալատ, շրջայց կկատարի, պալատի այգում տեղի կունենա հայկական խաչքարի բացման արարողություն:
Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում Փաշինյանը հանդես կգա դասախոսությամբ՝ «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով:
Վարչապետը կայցելի նաև Նիդերլանդների խորհրդարան, որտեղ կհանդիպի Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Այնուհետև նախատեսված է հանդիպում Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Այս տարի լրանում է Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն: