Բաժիններ՝

Ժնևում վաճառվում է գոլֆի գնդակի չափի տանձաձև ադամանդ

Ամենամեծ ճերմակ ադամանդը, որը երբեւիցե դրվել է աճուրդի, այս շաբաթ վաճառվում է Ժնեւի Christie՚s աճուրդի տան սպառավաճառքի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է CNN գործակալությունը: “The Rock”-ը (ժայռ) տանձաձեւ քար է՝ 228,31 կարատ քաշով, այն մոտավորապես գոլֆի գնդակի չափի է. ինչպես սպասվում է, քարը կվաճառվի մինչեւ 30 միլիոն դոլար գումարով:

«Հաճախ այս ամենախոշոր քարերից մի մաս նրանք «զոհում» են քաշը պահպանելու համար»,-մեկնաբանում է Մաքս Ֆոսեթը՝ Ժնեւի Christie՚s աճուրդի տան ոսկերչական բաժնի ղեկավարը:

«Բայց սա տանձի կատարյալ համաչափ ձեւ ունի եւ ամենահազվագյուտ թանկարժեք քարերից մեկն է, որը երբեւէ վաճառվել է աճուրդում»: Հարավային Աֆրիկայում արդյունահանված քարն ավելի վաղ կրում էին որպես Cartier-ի մանյակ: Ճերմակ ադամանդի նախորդ աճուրդային ռեկորդը 163,41 կարատ քաշով թանկարժեք քարն է, որը վաճառվել է 2017 թվականին:

Christie՚s-ը նաեւ վաճառում է 205,07 կարատ քաշով բարձաձեւ դեղին ադամանդ, որն անվանում են «Կարմիր խաչի ադամանդ», քանի որ աճուրդից ստացված հասույթի չնշված մասն անցնելու է Ժնեւում բազավորված Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ): CNN-ը նշում է, որ ալմաստի գները բարձրացել են Ռուսաստանի (թանկարժեք քարերի խոշորագույն մատակարար) նկատմամբ սահմանված պատժամիջոցների, ինչպես նաեւ համավարակի սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց VIP-միջոցառումների վերադառնալու պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս