Արմավիրի մարզի երկու բնակիչներ ձերբակալվել են՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակվերում քննություն է տարվում՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հավելենք, որ 2022թ. մայիսի 5-ին՝ համացանցում տարածվել էր հրապարակում և տեսագրություն, որում երկու անձիք հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են:

Տվյալներ են ստացվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին՝ նյութապես շահագրգռել է այլ անձանց:

Արմավիրի մարզի հիշյալ երկու բնակիչները ձերբակալվել են:

Կատարվել է վերոհիշյալ տեսագրության զննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Տեսանյութեր

Լրահոս