Շանհայի իշխանությունները հայտարարել են քաղաքում COVID-19-ի հետ կապված իրադրության նորմալացման մասին
Շանհայի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում COVID-19-ի հետ կապված իրադրությունը գտնվում է վերահսկողության ներքո, տարածաշրջանն ավելի քան մեկ ամիս ապրում է կարանտինի պայմաններում, որում հայտնվել են 25 միլիոն բնակիչներ:
Այդ մասին մայիսի 6-ին հաղորդում է Channel News Asia-ն: «Ներկայում մեր քաղաքում համավարակի կանխման եւ վերահսկման հետ կապված իրադրությունն անշեղորեն բարելավվում է, համաճարակը գտնվում է արդյունավետ վերահսկողության ներքո»,- Channel News Asia-ն մեջբերում է փոխքաղաքապետ Ու Ցինի խոսքը: Նրա խոսքով՝ ապրիլի 22-ից COVID-19-ով հիվանդացությունը Շանհայում շարունակում է նվազել, նշում է Channel News Asia-ն:
Միեւնույն ժամանակ փոխքաղաքապետը նշել է, որ վիրուսի բռնկման վերսկսման ռիսկը դեռեւս պահպանվում է, ուստի քաղաքային իշխանությունները կշարունակեն պահպանել առկա ստրատեգիան: Անցած շաբաթ օրը՝ ապրիլի 30-ին, Շանհայում երկարատեւ ժամանակից ի վեր առաջին անգամ COVID-19 կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքեր չի հայտնաբերվել քաղաքի կարանտինային գոտիների սահմաններից դուրս: Կարանտինը Շանհայում սահմանվել է մարտի 28-ին. աշխատանքը դադարեցրել է ձեռնարկությունների, շուկաների եւ խանութների մեծամասնությունը, մարդկանց կարգադրվել է տանը մնալ:
Քաղաքը դժվարությունների է բախվել բնակիչներին պարենամթերք մատակարարելու եւ աշխատակիցների՝ աշխատավայրեր վերադառնալու առնչությամբ: Բացի այդ, լոքդաունը Շանհայում անդրադարձել է նաեւ համաշխարհային շուկաների վրա, քանի որ համալրող մասերի մատակարարումների հետ կապված խափանումները խախտել է տեղի ֆաբրիկաների աշխատանքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: