«Պետք է հասկանանք, որ ժամանակն ի վնաս մեզ է աշխատում, իրականում իրավիճակը շատ բարդ է». Գոռ Գևորգյան

Մայիսի 4-ին Ալիևը հայտարարել է, որ ««Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է»։

«Ներկայում Զանգելանի (Կովսական) շրջանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում։ Դրանց թվում ուզում եմ նշել տրանսպորտային ենթակառուցվածքը, որը «Զանգեզուրի միջանցքի» մասն է կազմում: Զանգելանի միջազգային օդանավակայանը շահագործման կհանձնվի այս տարի»,- ասել է Ալիևը։

Մայիսի 3-ին էլ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի նպատակը եղել է Արցախում հայերի էթնիկ զտումը, ինչին իրենք որոշ չափով հասել են Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում։

168.amի հետ զրույցում ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, պատմաբան-միջազգայնագետ Գոռ Գևորգյանն անդրադառնալով Ալիևի հայտարարություններին և դրան ի պատասխան՝ իշխանությունների գործողություններին, ասաց, որ աշխարհաքաղաքական զարգացումների արդի շրջանում Հայաստանը շատ ավելի բարդ վիճակում է, քան հետպատերազմական շրջանում էր։

«Հետպատերազմական շրջանում տարածաշրջանում ավելացավ մեկ այլ գլոբալ խնդիր՝ ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունները։ Ալիևյան ցանկությունը կամ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը որևէ կերպ իր հռետորաբանությունը, բովանդակությունը չի փոխել։ Սակայն այն այսօր դարձել է ավելի ագրեսիվ, ավելի նպատակաուղղված, քանի որ ունեցել ենք պարտություն, որից հետո ըստ էության 6-7 ամիս անց ունեցել ենք էլ ավելի բարդ իրավիճակ։ Խոսքը վերաբերում է նաև ՀՀ միջազգայնորեն ճանաչված պետական տարածքների՝ Ադրբեջանի կողմից օկուպացմանը։ Ըստ էության սա դրա շարունակությունն է։ Շատ կարևոր է արձանագրել նաև այն հանգամանքը, որ այստեղ Հայաստանի, Արցախի սուբյեկտայնության շուրջ տարվող հստակ քաղաքականությունն է Ադրբեջանի կողմից։ Հնարավորինս միջազգային բոլոր ատյաններում այդ թեմայի շուրջ դիսկուրսը ձևավորել հօգուտ Բաքվի և, բնականաբար, ի վնաս Հայաստանի ու Արցախի շահերի»,- նշեց Գոռ Գևորգյանը։

Ըստ նրա, այստեղ իշխանությունը հստակ անելիքներ ունի, թե որքանով է կարողանում՝ այլ հարց է։

«Իշխանությունն ամեն ինչ փակ է պահում, խորհրդարանական ընդդիմությունն էլ տեղյակ չէ, որովհետև որևէ տեսակի համագործակցություն, ենթադրում եմ, չկա։ Հետևաբար՝ պետք է հասկանանք, որ ժամանակն ի վնաս մեզ է աշխատում՝ իրականում իրավիճակը շատ բարդ է, պետք է բոլորն ազնիվ լինեն և ասեն, որ իրավիճակը շատ բարդ է»,- եզրափակեց Գոռ Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս