Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. հանցագործությունը բացահայտվել է
Մայիսի 5-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի և ազդրի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Իրացնելով Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 13.15-ին Աճառյան փողոցի տներից մեկի մոտ մի խումբ երիտասարդներ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են, այդ ընթացքում էլ Կոտայքի մարզի 17-ամյա բնակիչը դանակահարել է հիվանդանոց տեղափոխված երիտասարդին:
Ժամը 17.25-ին Նոր գյուղում և Աբովյան քաղաքում հայտնաբերվել և Ավանի բաժանմունք բերման են ենթարկվել 17-ամյա պատանին և վիճաբանության մեկ այլ մասնակից: 17-ամյա պատանին տվել է խոստովանական բացատրություն: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: