Վրաստանում չեղարկել են փակ հաստատություններում դիմակներ կրելը
Վրաստանի կառավարությանն առընթեր կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի որոշմամբ երկուշաբթի օրվանից՝ մայիսի 2-ից, չեղարկվում է բժշկական դիմակների պարտադիր կրումը փակ հաստատություններում, բացի բուժհաստատություններից եւ հասարակական տրանսպորտով երթեւեկելիս: Այդ մասին կառավարության նիստում հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը մեզ մոտ կայունացել է: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով ախտահարման ընդամենը 51 դեպք:
Այդ ամենը մեզ հնարավորություն է տալիս մեղմացնել կարգավորումը»,-ասել է նա: Ավելի վաղ Վրաստանում չեղարկվել են գրեթե բոլոր այն սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ընդամենը Վրաստանում ախտահարվել է 1 միլիոն 655 հազար 221 մարդ, այդ ժամանակաշրջանում COVID-19-ից մահացել է 16 հազար 811 հիվանդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: