ՉԺՀ-ի իշխանությունները բանկերի ղեկավարների հետ քննարկել են ԱՄՆ-ի պատժամիջոցներից ակտիվների պաշտպանության տարբերակները.FT
Չինաստանի իշխանությունները չինական եւ միջազգային տասնյակ բանկերի ղեկավարության հետ քննարկել են ամերիկյան պատժամիջոցներից ՉԺՀ-ի ակտիվները պաշտպանելու հնարավորությունները: Այս մասին կիրակի օրը հայտնել է բրիտանական Financial Times թերթը ՝ վկայակոչելով ապրիլի 22-ին կայացած հանդիպմանը ներկա աղբյուրները։
Հրատարակությունը նշում է, թե Չինաստանի իշխանություններն անհանգստացած են, որ Արեւմուտքը կարող է սառեցնել ՉԺՀ-ի արտասահմանյան ակտիվները տարածաշրջանում ռազմական հակամարտության կամ այլ մասշտաբային ճգնաժամի դեպքում: Թերթի զրուցակիցների խոսքով ՝ հանդիպման ընթացքում Չինաստանի ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը անհանգստացած է եղել ՌԴ ԿԲ-ի արժութային պահուստների եւ ռուսական ընկերությունների ակտիվների սառեցմամբ: ՉԺՀ-ի արժութային պահուստների չափը գերազանցում է 3,2 տրլն դոլարը, որից 1 տրլն-ը ներդրվել է ԱՄՆ-ի գանձապետական պարտատոմսերում:
Թերթը նշում է, որ հանդիպման մասնակիցներն առաջարկել են արժութային վերահսկողության տարբեր միջոցներ, ներառյալ՝ արտահանողների կողմից արժութային ողջ հասույթի վաճառքը եւ բնակչությանը դոլարի վաճառքի հետագա սահմանափակումները (ներկայում ՉԺՀ-ում ֆիզիկական անձանց թույլատրվում է գնել տարեկան 50 հազար դոլարից ոչ ավելի): Չինաստանի ակտիվների դիվերսիֆիկացման հնարավորությունը հօգուտ եվրոյի եւ ճապոնական իենի չինական բանկերի ներկայացուցիչները գնահատել են որպես գործնական օգուտ չներկայացնող:
«Ոչ ոք չի կարողացել այդ խնդրի հաջող լուծում առաջարկել», – ասել է պարբերականի աղբյուրը: – Չինաստանի բանկային համակարգը պատրաստ չէ իր դոլարային ակտիվների սառեցմանը կամ SWIFT-ից անջատմանը, այն օրինակով, թե ինչպես ԱՄՆ-ն վարվեց Ռուսաստանի հետ»:
Ընդ որում, հանդիպման մասնակիցներից ոմանք կասկածներ են հայտնել, որ Վաշինգտոնը կարող է իրեն թույլ տալ Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների խզում։ Oriental Capital Research վերլուծական ընկերության հիմնադիր Էնդրյու Կոլյեի խոսքով ՝ դա կդառնա միջուկային պատերազմի տնտեսական անալոգը ՝ «երաշխավորված փոխադարձ ոչնչացմամբ»: