Բաժիններ՝

Ճապոնիան դադարեցրել է Ռուսաստանի հետ անայցագիր փոխանակումները

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Մացունո Հիրոկաձուն ապրիլի 27-ին Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի ընդունած որոշման մասին, որը վերաբերում է «տեսանելի ժամանակով» Ռուսաստանի հետ անայցագիր փոխանակումները հետաձգելուն, որոնք ներառել են Ճապոնիայի քաղաքացիների այցելությունը «հյուսիսային տարածքներ», ինչպես այս երկրում անվանում են Կունաշիրը, Շիկոտանը, Իտուրուպը եւ Հաբոմային։

«Կառավարությունը եւ կազմակերպությունները չորս հյուսիսային կղզիների հետ կապված փոխանակումների վերաբերյալ այս տարի ընթացիկ իրադրության պայմաններում հարկադրված են եղել որոշում ընդունել դրանք հետաձգելու տեսանելի ժամանակով»,-ասել է Մացունոն:

ՌԴ ԱԳՆ-ն մարտի 21-ին հայտարարել է, որ Մոսկվան՝ որպես պատասխան միջոց Տոկիոյի ոչ բարեկամական քայլերին, հրաժարվում է Ճապոնիայի հետ հաշտության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելուց, դադարեցնում է Ճապոնիայի քաղաքացիների անայցագիր ուղեւորությունները հարավային Կուրիլյան կղզիներ, դուրս է գալիս հարավային Կուրիլներում համատեղ տնտեսական գործունեություն հաստատելու շուրջ Ճապոնիայի հետ երկխոսությունից: Մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ-ի այս հայտարարությունը՝ Մացունոն ընդգծել է, որ ներկայիս իրադրությունն ամբողջապես առաջացել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով:

«Չնայած դրան, Ռուսաստանի փորձում է պատասխանատվությունը դնել Ճապոնիայի վրա, ինչն անընդունելի է»,-ասել է Մացունոն: Գլխավոր քարտուղարը կարեկցանք է հայտնել կղզիների նախկին բնակիչներին, բայց նշել է, որ «Ուկրաինայի իրադրության կապակցությամբ ներկա իրավիճակը չի տրամադրում այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ համաձայնությունների քննարկում»:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանի հետ անայցագիր փոխանակումներ չեն անցկացվել երկու տարի: Ռուսաստանի հարավային Կուրիլների եւ Ճապոնիայի բնակիչների միջեւ անայցագիր փոխանակումն սկսվել է 1992 թվականին՝ երկու երկրների ժողովուրդների փոխըմբռնման բարելավման համար միջկառավարական պայմանավորվածության, հաշտության համաձայնագրի կնքման հարցի լուծման հիման վրա: Ուղեւորություններն իրականացվում են հատուկ ներդրուկով ազգային անձնագրով՝ առանց այցագրերի: Առաջին անգամ Ճապոնիայից Կուրիլներ վարձաչվերթը տեղի է  ունեցել 2017 թվականի սեպտեմբերին, դրանից առաջ անայցագիր պատվիրակությունները տեղ են հասել ծովային նավերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս