Պադավատապետությունից՝ մահապետություն
Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Պարոնյան-Լեո-Պռոշյան փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ավտոմեքենաներից մեկը, ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ Ոստիկանության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ հղի կնոջ, ով հիվանդանոցում մահացել է։ Ըստ ականատեսների՝ ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում են նրան հասցրել հիվանդանոց: Բժիշկները չեն կարողացել փրկել նաև պտղին։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, որը կարող է տեղի ունենալ ցանկացած մեկի հետ։ Բայց ինչպես պատահում է նման դեպքերում, քննարկման և քննության առարկա է դառնում ոչ միայն բուն միջադեպը, այլև դրան նախորդած ու հաջորդած հանգամանքները։ Տվյալ դեպքում առանցքային հարցն այն է, որ կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենան կանգ չի առել, մի քանի մեքենաներից բաղկացած շարասյան ՊԵՏԱԿԱՆ աշխատակիցները չեն փորձել օգնել մահացող քաղաքացուն։
Զուտ ֆորմալ, իրավական տեսանկյունից կարող են բերվել բազմաթիվ արդարացումներ, որոնց հորինմամբ, ըստ ամենայնի, հենց այս պահին զբաղված է ողջ իրավապահ համակարգը։ Օրինակ, հնարավոր է՝ հղում կատարեն արարողակարգի ինչ-որ կետի ինչ-որ ենթակետի, ըստ որի՝ որևէ պարագայում ավտոշարասյունը չպետք է կանգ առնի, և այլն: Բայց այդ հորինվածքն ավելի անմարդկային կդարձնի իրավիճակը, որի որևէ արդարացում, որևէ հիմնավորում չի կարող ընդունելի լինել բանականության համար։
Իրականությունն այն է, որ Երևանի կենտրոնում տեղի է ունեցել մարդասպանություն, մարդասպանը հեռացել է՝ չօգնելով իր կողմից վրաերթի ենթարկված քաղաքացուն։ Ընդ որում՝ հարցը՝ չկանգնելու և չօգնելու որոշումը եղել է կոնկրետ ավտոմեքենայի վարորդի՞ որոշումը, թե՞ «ըստ արարողակարգի» կայացվել է վերադաս(ներ)ի կողմից, չափազանց կարևոր է։ Դժվար չէ պատկերացնել, որ տվյալ դեպքում վրաերթի ենթարկած վարորդը գուցե ցանկացել է կանգնել և օգնություն ցույց տալ, բայց նրա վերադասը՝ ճշտելով իր վերադասի, նա էլ՝ Նիկոլ Փաշինյանի հետ, արգելել է կանգնել։
Սա այս ողբերգական պատմության ամենաառանցքային դետալն է և, ի դեպ, բացառված չէ, որ հիմա նույն իրավապահ համակարգը լծված է նաև Նիկոլ Փաշինյանի՝ ավտոշարասյան մեջ չլինելու «վարկածի» մշակմամբ։ Դա, իհարկե, ծիծաղելի վարկած կլինի, որովհետև Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ ավտոշարասյունը չէր սլանա այդպիսի արագությամբ, և վրաերթի դեպքում էլ վստահաբար այն կատարած վարորդը կկանգներ ու օգնություն կցուցաբերեր։
Այսինքն՝ մեծ հավանականությամբ, վրաերթի ենթարկված հղի կնոջն օգնություն չցուցաբերելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, ով, ի դեպ, խախտելով պաշտոնական արարողակարգի բոլոր կետերը, հաճույքով կանգնեցնում է ավտոշարասյունը, երբ իր համակիրներին է հանդիպում կամ, առավել ևս, երբ իր պատվին որևէ հյուրասիրություն է կազմակերպվում մայրուղիների վրա։
Այսպիսով, ընդամենը մեկ տարի առաջ գրեթե նույն վայրում՝ Պռոշյան փողոցում, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների, այդ թվում՝ կանանց ուղղությամբ ավտոմատի փողն ուղղած Նիկոլ Փաշինյանը՝ ոչ անձամբ, այլ մեկ տասնյակի հասնող պադավատների շքախմբի միջոցով, արդեն Երևանի կենտրոնում վրաերթի է ենթարկում քաղաքացու։ Հղի կնոջ: Եվ հեռանում։ Ավելի ճիշտ՝ ճողոպրում։ Ինչպես շարքային մարդասպանը։
Հարություն Ավետիսյան