«Փաշինյանի զինանոցում պահած զենքը ապրիլի 30-ն է՝ քաղաքացու օրը. 1 շաբաթ ունենք». Ռոբերտ Մարգարյան
Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը 2013 թվականից բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Գլենդելում, և նախկինում միշտ ապրիլ ամսին հայ համայնքի կողմից մեծ աշխուժություն է նկատել, ինչը, նրա խոսքով՝ պատերազմից հետո տեսանելի չէ:
«44-օրյա պատերազմի ընթացքում այստեղ մեծ ոգևորություն էր, իսկ կապիտուլյացիայի ստորագրումից հետո՝ մեծ հիասթափություն: Արդեն երկրորդ տարին է, որ ապրիլ ամսին ես կարող եմ հաշվել, թե քանի մեքենայի վրա է ամրացված հայկական դրոշ: Այդ հիասթափությունը կա, և դա սկսվել է նաև 2018թ. իշխանափոխությունից հետո, երբ շատ մարդիկ, որոնք ոգևորված էին 2018թ. իշխանափոխությամբ, այստեղ՝ Գլենդելի քաղաքապետարանի դիմաց, պար էին բռնել, նշում էին իբրև թե հաղթանակի տոնը, նրանցից որոշներն առաջիններից են, որ հիմա դարձել են հականիկոլական: Այստեղ նույն վիճակն է, ինչ Հայաստանում, այսինքն՝ Նիկոլին հավատացող փոքրաթիվ մարդիկ, մարդկանց որոշակի զանգված, ովքեր ընդդիմություն են և ակտիվորեն պայքարում են Նիկոլի դեմ, և մի խոշոր հատված, ովքեր հիասթափված, հուսալքված են, և նախընտրում են լուռ մնալ ու չգիտես՝ ինչու, փորձում շտկել իր սխալը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նրա խոսքով՝ գլենդելահայության կազմակերպած ցույցերի ժամանակ հնչած ելույթներից դատելով՝ այնտեղ էլ մարդիկ չեն հավատում Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության թեզերին:
«Խելացի, առողջ դատող մարդը կհասկանա, որ խաղաղության դարաշրջան բացելն անհնար է, հատկապես՝ Սփյուռքը, որոնք ցեղասպանություն տեսածների ժառանգներն են և իրենց տատերից ու պապերից լսել են ցեղասպանության մասին, և դժվար կարող են հավատալ, որ հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել մի պետության հետ, որն իր նախնիների հետ այդպես է վարվել: Բնականաբար, նրանք խաղաղության դարաշրջանին հավատալու հիմք չունեն»:
Առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրում՝ Ուրուգվայում, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հեգնական ժպիտով գորշ գայլերի նշանը ցույց տվեց բողոքի ակցիա իրականացնող հայ համայնքին:
Ռոբերտ Մարգարյանի խոսքով՝ այս արհամարհական քմծիծաղն ինչ-որ առումով ուղղված է նաև Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանի թեզին.
«Դա ամենահետաքրքիր պատասխանն էր, որ թուրքական կողմից տրվել է այն բոլոր երազանքներին, որոնք հյուսվում են խաղաղության դարաշրջան բացելու շուրջ: Եթե նորմալ հարաբերություններ ունենայինք Թուրքիայի հետ, Թուրքիայի դեսպանը պետք է կանչված լիներ ԱԳՆ, բայց պարզ է, որ նման հնարավորություն չկա, սակայն պետք է արձագանք լիներ հայկական կողմից: Ցավոք, արձագանքողը ո՞վ պետք է լինի. Արարատ Միրզոյանն է մեր արտգործնախարարը, որը շուտով գնալու է և նույն ձեռքն է սեղմելու Չավուշօղլուի, որով այդ նշանը մեզ ցույց էր տալիս: Արձագանքողը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ DJ Էդոն էր: Գիտե՞ք, երբ մեր արտաքին դիվանագիտությունն այս մակարդակի է, մենք հիմնական արձագանքի ակնկալիք չենք կարող ունենալ: Սա ամենավիրավորական արտահայտությունն էր, որ մեր հանդեպ ցուցաբերվեց:
Ես չեմ էլ կարող ակնկալել, որ Արարատ Միրզոյանը կբեկանի մյուս այցը: Ես ուղղակի կերազեի, որ Արարատ Միրզոյանը Չավուշօղլուի հետ մյուս հանդիպմանը աջ ձեռքի փոխարեն ձախ ձեռքը մեկներ և բարձրաձայն ասեր, որ չի սեղմի այն ձեռքը, որն այդ նշանն է ցույց տվել իր ժողովրդին: Դա նվազագույն քայլն է, որ կարող է լինել հայրենասեր արտաքին գործերի նախարարի կողմից: Բայց ես դա չեմ ակնկալում, քանի որ Արարատ Միրզոյանն անգամ իր անունը չի կարողանում պաշտպանել, իր անունը փոխում են՝ չի բողոքում, էլ ի՞նչ սպասել նրանից՝ մեր շահերը պաշտպանելու առումով»:
Ինչ վերաբերում է ապրիլի 23-ին Երևանում անցկացված ավանդական Ջահերով երթին, որին այս տարի տասնյակ-հազարավոր մարդիկ էին մասնակցում, նա նշեց, որ լուրջ մտահոգություն ունի.
«Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ նա չի մարսելու ապրիլի 23-ի երեկոյան ստացած այդ հարվածը, և ձեռքերը ծալած չի նստելու, փորձելու է ամեն կերպ պատասխանել դրան: Փաշինյանի զինանոցում պահած զենքը առաջիկա ապրիլի 30-ն է՝ քաղաքացու օրը, որ նշվելու է Հայաստանում: Ես կարող եմ մոտավորապես գուշակել, թե ինքը ինչ ծրագիր ունի այդ օրը: Հավանաբար, իր ամբողջ ռեսուրսը օգտագործելու է՝ ժողովրդին խաբելով՝ ավտոբուսներով բերելու է՝ լցնի Երևանի փողոցները, փորձելու է մարդաշատ դարձնել՝ քաղաքացու օրը անցկացնելու համար, իր խաղաղության թեզերը հանրահավաքի ընթացքում դնելու է «հանրաքվեի», մի խումբ մարդիկ ծափ են տալու, նա դա փորձելու է իբրև հանրաքվե ներկայացնել, իբրև թե՝ իրեն մանդատ են տվել, որ խաղաղության դարաշրջան բացի:
Մենք պետք է ամեն ինչ անենք այս մեկ շաբաթվա ընթացքում՝ Նիկոլ Փաշինյանին դա թույլ չտալու համար: Եթե իր մոտ դա ստացվի, այսինքն՝ ապրիլի 30-ին փողոցում ունենա նույնքան մարդ, ինչքան մենք կարողացանք հավաքել ապրիլի 23-ին, ցավոք, մենք այս պայքարում լուրջ խնդրի դիմաց ենք կանգնելու: Պետք է փողոցը առնել ձեռքը և թույլ չտալ, որ նա ապրիլի 30-ին կարողանա քաղաքացու օրը մեծ շուքով նշել, նշի այնպես, ինչպես նախորդ երկու տարիներին նշեց՝ շատ սահմանափակ կերպով, և չկարողանա իր այդ թեզը կեղծ հանրաքվեի դնել և դրանով ինչ-որ արդյունքի հասնել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում