«Թուրքիայում միլիոնավոր ծպտյալ հայեր կան, դրանցից մեկը Չավուշօղլուն է, որը «գորշ գայլեր» ժեստով ցանկացավ հայ ժողովրդին սթափեցնել․․․»․ Գեղամ Նազարյան
«Դա սթափեցնող կոչ էր՝ ուղղված հայ ժողովրդին»,- այսօր մեկնարկած երթի ընթացքում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Ուրուգվայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի պահվածքին, որն իր դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցներին ձեռքով «գորշ գայլերի» նշան էր ցուցադրել։
«Գիտեք, որ Թուրքիայում միլիոնավոր ծպտյալ հայեր կան, երեկ ես համոզվեցի, որ դրանցից մեկը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն է, որը հուսահատ ժեստով ցանկացավ հայ ժողովրդին սթափեցնել, ասելով, որ Թուրքիայի նպատակները բոլորովին այլ են, քան ներկայացնում է ձեր պետության այսօրվա ղեկավարը․․․»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ Ուրուգվայում ցուցարարները տեսնելով թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունից մեքենայով դուրս եկող Չավուշօղլուին, իսպաներենով վանկարկել էին՝ «մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը։