«Պետք է ուղղակի իշխանությունից զրկել նրանց, ովքեր տանում են կործանման և ոչնչացման». Դավիթ Սահակյանց

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի համար վերջին 4 տարիներին բավականին դժվար է ստեղծագործել, որովհետև ավելի շատ այլ մտքեր են հուզում:

«Հասկանում ես, որ եթե ցանկություն ունես ստեղծագործելու, պետք է նախ միջավայր ստեղծես: Երբ կողքիդ հրդեհ է, պարկերի մեջ դիակներ են, երբ հասկանում ես, որ ժողովուրդն էյֆորիայի մեջ անում է ճակատագրական սխալներ, երբ կողքիդ հարևանից իմանում ես, որ ընտանիքում զոհ կա, ստեղծագործելն արդեն երկրորդ պլան է անցնում: Քո շուրջը ստեղծագործելու միջավայր ունենալու համար պետք է պայքարես այդ բոլոր երևույթների դեմ, որ նորից ունենաս հնարավորություն առհասարակ ստեղծագործելու և որևէ բան տալու:

Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես ցանկանում են ներկայիս իշխանությունները, մենք աուդիտորիա էլ չենք ունենալու, որին կուզենանք ինչ-որ բան ցույց տալ: Մարդիկ այլևս թատրոններ չեն գալու, որովհետև այդ թատրոնները մինիմում կվաճառվեն, կամ օպերան կմիացվի գազանանոցին, և դրա արդյունքում դուք կկորցնեք ձեր հանդիսատեսին: Ասել, որ քաղաքականությունից դուրս եմ… վաղուց խոսքը քաղաքականության մասին չէ, այլ գոյատևման, և այն պայմաններում, որում հայտնվել ենք բոլորս, նաև՝ մեր մեղքով, պետք է ամեն ինչ անենք, որ դուրս գանք այդտեղից ու հետո նորից ստեղծագործելու մոտիվացիա ունենանք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դավիթ Սահակյանցի խոսքով՝ մտավորականի միսիան բավականին լուրջ է. «Դա այն մարդն է, որը պետք է օգնի անցնել դժվարին վայրով, դու ինֆորմացիա ես փոխանցում, կրթում ես, եթե ֆիլմ ես ցուցադրում, փորձում ես ասելիքդ տեղ հասցնել, կրթել, որովհետև Աստված քո տաղանդով քեզ օժտել է, չի նշանակում, որ պետք է ճոճաթոռին նստես և մտածես: Ո՛չ, դու պետք է ռեալ գործես: Եթե քեզ տվել են դա, պետք է այդ ամենը ծառայեցնես այն հասարակությանը, որը քեզ սարքել է այդպիսին, ինչպիսին դու կաս: Դրա համար տարանջատելն աբսուրդ է և ուտոպիա է, դու ուղղակի դառնում ես էգոիստ: Եթե քեզ այդ կոչումը տալիս են, ապա բարի եղիր իսկապես ծառայել այդ դերին»:

Ռեժիսորի խոսքով՝ հասարակությանը պետք է կրթել. «Երբ մարդիկ կան, որ ասում են՝ հիասթափվել ենք հասարակությունից, նույնն է, որ դու ունենաս կուրս, դասավանդես, հետո մի պահ գա, ասես՝ հիասթափվել եմ ձեզանից, լավ երեխեք եք, բայց գնում եմ:

Իմ կյանքում կոնկրետ նման պահ եղել է, և ես դաս եմ քաղել դրանից, հասկացել եմ, որ ես դրա իրավունքը չունեմ: Եթե ինչ-որ բան ես ստանձնել քո վրա, պարտավոր ես անել: Պետք է ընդամենը անկեղծ լինել: Ես համոզված եմ, որ 99 տոկոսն իրենց խոհանոցներում նստած՝ իսկապես շատ ճիշտ գնահատական են տալիս այն ամենին, ինչ կատարվում է, եթե դուք անկեղծ լինեք մինչև վերջ, ձեր ոտքերը կբերեն հրապարակ»:

Դավիթ Սահակյանցը դեմ է գլոբալալիզմին. «Այն միֆ է՝ մարդուն կառավարելու համար: Չի կարող նորվեգացին նման լինել հային, հայը չի կարող նման լինել ինդոնեզացուն: Մենք հասկանում ենք, որ կան մարդիկ, ովքեր կառավարում են երկրագունդը, և որ իրենց ապրանքը լավ վաճառվի, պետք է բոլոր երկրներում հասարակությունները նույն կերպ ընկալեն, այսինքն՝ այն «Կոկա-կոլան», որը սիրում են Ամերիկայում, իրենք պարտադրում են Իրաքում ապրող երեխային նույնպես «Կոկա-կոլա» սիրել: Դա վերաբերում է ոչ միայն «Կոկա-կոլային», այլև գաղափարներին. Գաղափարները տարածելով՝ փորձում են սպառողների զանգված սարքեն, որը կծառայի իրենց շահերին: Դա երբեք չի կարող խաղաղության բերել, որովհետև ուշ թե շուտ արթնանում է այն, ինչ բնական է, ուշ թե շուտ թուրքը նորից ցույց է տալիս իր դեմքը, ուշ թե շուտ կարթանանա Ֆրանսիայի այն սպիտակ բնակչությունը, որը կասի՝ ախր սա մեր երկիրն է, մենք չենք կարող վերանալ երկրագնդից և մեր տեղը զիջել: Դա բնական է, դու ապրում ես քո հարազատ միջավայրում, որտեղ քեզ ասում են, որ էլ այսպես չես ապրելու ու դու պետք է դրան դիմանաս: Ուշ թե շուտ դա պայթելու է»:

Նա ընդգծեց, որ առողջ ազգայնականությունն ամենակարևոր բաներից է. «Մեզ մոտ կան ազգայնականներ, կարևոր է սահմանը չանցնել, որ դա չվերածվի ֆաշիզմի, որովհետև դա շատ նուրբ գիծ է, որը չպետք է անցնես, և դրա համար, երևի, առաջին հերթին, մարդասիրություն է պետք: Մենք ինչի՞ համար ենք սիրում իտալացիներին, որովհետև նրանք նման չեն ֆիններին, ինչո՞ւ ենք սիրում ռուսներին, որովհետև նման չեն մեզ, մենք էլ ունենալով շատ երկար պատմություն՝ արդեն շատ լուրջ ձևավորված ազգայնականություն է մեզ մոտ»:

Հարցին՝ բոլոր ազգե՞րն են արժանի պետականություն ունենալ, նա պատասխանեց. «Ո՛չ, իհարկե, ես շատ կուզեի, որ մեր հարևանները պետականություն չունենային»:

Դիտարկմանը, ցավոք, հիմա կարծես մենք ենք զրկվում պետականությունից, նա արձագանքեց. «Եթե հանձնվենք, այո՛, եթե չհանձնվենք, դեռ կարող ենք այն, ինչ կա, գոնե պահպանել: Հույս կա միանշանակ, եթե չլիներ, չէինք գնա հրապարակ: Վճռականություն է պետք, որովհետև նման հարցեր չեն լուծվում պսևդոդեմոկրատիկ ճանապարհներով: Երբ քեզ պատին են դեմ տալիս, և դու որևէ շանս չունես՝ կենդանի մնալու, դու դիմում ես ցանկացած միջոցի, և դա էլի բնական է: Այսօր մեր ազգն այդ պայմաններում է»:

Հետաքրքրվեցինք՝ հասարակության լայն շերտերը ճանաչո՞ւմ են թշնամուն:

«Մոռացել ենք թշնամուն. Մենք միշտ իմացել ենք մեր թշնամուն, հիմա մոռացել ենք, ու այսօր մեզ փորձում են ասել, որ դա այլևս թշնամի չէ այն պարագայում, երբ թշնամին կողքից նայելով՝ ծիծաղում է մեզ վրա, որովհետև գիտի, որ մենք ենք իր գլխավոր թիրախը, և պատրաստ է մեզ ոչնչացնել»,- ի պատասխան՝ ասաց նա:

Պետականությունը չկորցնելու համար ամենակարևոր բանը, որն ըստ ռեժիսորի՝ պետք է անել՝ օգնել իշխանություններին՝ արագ հեռանալ.

«Հեռանան, որ նոր հորիզոններ բացվեն, այն գործիքները, որոնցով հնարավոր է պետությունը փրկել, հայտնվեն ուրիշ մարդկանց ձեռքում: Իրենց աչքերում պետությունը խաղալիք է, այդ «խաղալիքը» պարտադիր պետք է վերցնել նրանց ձեռքից: Յուրաքանչյուրիս անելիքը պետք է լինի այն, որ այն մարդկանց, ովքեր մեզ տանում են կործանման և ոչնչացման, ուղղակի զրկել իշխանությունից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս