«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումները ոչ թե պետք է արգելվեն, այլ իշխանությունն ինքը պետք է նախաձեռնի ամբողջ խորհրդարանի կազմով». Աշոտ Մելքոնյան
ԱԺ «Հայաստան» դաշինքն այսօր խորհրդարանում նախաձեռնել էր հանրային լսումներ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայտարարության նախագծի վերաբերյալ։ Սակայն լսումները չեղարկվել են, քանի որ ըստ «Հայաստան» դաշինքի՝ իշխանությունը հրաժարվել է լսումների համար տրամադրել ԱԺ նիստերի դահլիճը և ապահովել ուղիղ եթեր։
Մինչդեռ ԱԺ պաշտոնական կայքում գրված է, որ խորհրդարանական լսումները չեն կայանալու տեխնիկական խնդիրների պատճառով։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու կարևորությանը, մասնավորապես՝ այս ժամանակահատվածում, և դրանց չեղարկմանը, նկատեց՝ նման քննարկումներ կազմակերպելու և անցկացնելու նախաձեռնությունը պետք է ոչ թե ընդդիմությանը լինի, այլ իշխանությունը պետք է շահագրգռված լինի դրանում։
«Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչու թույլ չի տվել այդ քննարկումը, բայց որ նման քննարկումներն անհրաժեշտ են՝ փաստ է։ Խնդիրն այն է, որ, եթե պիտի ընդդիմության հետ միայն քննարկվի հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը, ապա դառնում է անհասկանալի։ Եթե ընդդիմությունը խորհրդարանում համապատասխան ձայն չունի, քննարկեց, մի հայտարարություն արեց կամ ուղենշեց հայ-թուրքական հարաբերությունների զարգացման կոնկրետ մի ճանապարհ, և այդ ամենը եթե պետք է կյանքի չկոչվի՝ փաստորեն դառնում է անիմաստ։
Այսինքն՝ նման քննարկումները ոչ թե պետք է արգելվեն, այլ իշխանությունն ինքը պետք է նախաձեռնի նման քննարկումներ առհասարակ ամբողջ խորհրդարանի կազմով։ Նախորդ անգամ էլ նման քննարկում եկավ, հանդես եկանք ելույթներով, ներկայացրեցինք մեր տեսակետը, բայց ձայն բարբառո հանապատի։ Ստացվում է՝ ասում ենք, բարձրաձայնում ենք, բայց դա որևէ արդյունք չի ունենում»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։
Նրա կարծիքով՝ ԱԺ մեծամասնությունը պետք է նախաձեռնի նման քննարկում, և բոլոր խմբակցություններով մասնակցեն, ոչ թե թողնեն միայն ընդդիմության վրա։
«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հետ մեկ անգամ ենք հանդիպել։ Եվ հիմնականում Ռուբեն Սաֆրաստյանի հետ ներկայացրել ենք մեր կարծիքը և այն «կարմիր գծերը», որոնք անթույլատրելի է անցնել։ Բնականաբար, դա առաջին հերթին Հայոց ցեղասպանության խնդիրն է, երկրորդը՝ Կարսի պայմանագրի վերավավերացումը, որին ձգտում է Թուրքիան և, բնականաբար, «Զանգեզուրյան միջանցքի» և առհասարակ այլ հարցերում Ադրբեջանին բացահայտորեն սատարելը։ Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել Թուրքիան պայմանավորում է Ադրբեջանի հետ հարաբերություններով, նա իր բոլոր գործողությունները համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։
Սա, բնականաբար, նախապայման է, այսինքն՝ եթե Ադրբեջանին ինչ-որ բան դուր չեկավ, բնականաբար, Թուրքիան իր մոտեցումից կհրաժարվի և կառաջարկի այն, ինչը սրտամոտ է Ադրբեջանին։ Դրա համար ասել, թե այսօր հայ-թուրքական հարաբերություններն ընթանում են առանց նախապայմանների, այնքան էլ ճիշտ չէ»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։